Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Երեւանում արտասանած «ցեղասպանություն» բառը երեկ արդեն մեծ արձագանք է ստացել Անկարայում: Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար, ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը, երեկ, ի պատասխան Սարկոզիի այս հայտարարության, ասել է. «Եվ Եվրոպայի, եւ Ֆրանսիայի, եւ աշխարհի համար ավելի լավ կլինի, եթե Սարկոզին մտածի ԵՄ ապագայի, իր երկիրը տնտեսական ծանր վիճակից փրկելու մասին, այլ ոչ թե հանդես գա որպես պատմաբան»: Ըստ Բաղըշի` Սարկոզիի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ` ընտրությունների նախաշեմին շահարկումներով զբաղվելու փորձ: Ավելի ուշ Ֆրանսիայի նախագահի Երեւանում հնչեցրած հայտարարություններին արձագանքել է նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա հայտարարել է, թե Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան «քաղաքական պոպուլիզմ», որն արվել է Ֆրանսիայի ներքին քաղաքականության համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Նիկոլա Սարկոզին` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցից հետո հայտարարել էր. «Եթե Թուրքիան վերանայի իր պատմությունը, ընդունի իր պատմությունը` բոլոր մութ կողմերով, ապա ցեղասպանության ճանաչումը բավարար է: Սակայն, եթե դա տեղի չունենա, եւ եթե Թուրքիան դա չանի, ապա, անկասկած, մենք ստիպված կլինենք առաջ գնալ, եւ Ֆրանսիան փոխելով իր օրենսդրությունը` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ կսահմանի»: Ֆրանսիայի նախագահը նաեւ հայտարարել է, թե հակառակ դեպքում` Ֆրանսիան կհրաժարվի օրենսդրական կարգով Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի ընդունումից:
Այնուհետեւ Ֆրանսիայի հրապարակում ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն ու Ն. Սարկոզին ելույթ են ունեցել Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի բացման արարողության ժամանակ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում` անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, ասել է. «Մենք շնորհակալ ենք Ֆրանսիային եւ ֆրանսիացի ժողովրդին Հայոց ցեղասպանության հետեւանքով հայրենազրկված հարյուր-հազարավոր հայերի ապաստանելու համար, իրենց «ես»-ը վերագտնելու եւ վերստին ոտքի կանգնելու հնարավորությունների ստեղծման համար: Մենք շնորհակալ ենք անցյալ դարասկզբին հայ ժողովրդին պատուհասած այդ մեծ աղետն իր իսկական անունով` Ցեղասպանություն կոչելու եւ այն օրենքի ուժով դատապարտելու համար: Մենք շնորհակալ ենք, պարո՛ն նախագահ, երեկվա Ձեր խոսքերի համար, որ Դուք արտասանեցիք Ցեղասպանության հուշահամալիրում: Դրանք հայ ժողովրդի հոգուց բխած եւ շատ ուժեղ խոսքեր էին: Մենք շնորհակալ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման եւ մեր տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու ուղղությամբ բարեկամ Ֆրանսիայի եւ անձամբ Ձեր հետեւողական ջանքերի համար»: Իսկ Ն. Սարկոզին հայտարարել է. «Ի սկզբանե Հայաստանը ֆրանսիացիների սրտում է, մեր երկու երկրները նման են իրար եւ իրենք դա լավ գիտեն»։ «Անցյալ դարի սարսափելի փորձություններն են, որ վերջնականապես միավորեցին մեր ժողովուրդների անխախտ բարեկամությունը: Ֆրանսիան ճանաչեց մի ողջ ժողովրդի դեմ կատարված մահվան դատավճիռը` այն կոչելով իր իսկական անունով` ցեղասպանություն»,- ասաց Սարկոզին` հայերեն արտաբերելով «ցեղասպանություն» բառը:
Ավելի ուշ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ ունեցած համատեղ ասուլիսում, Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին` պատասխանելով «Les Nouvelles dգArmenie» պարբերականի թղթակցի հարցին` եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա ի՞նչ քայլերի կարող է գնալ Ֆրանսիան, ասաց, թե «հավաքական ժխտումն ավելի ցավալի է, քան անհատական ժխտումը»: Նա միաժամանակ նշեց, թե դա չի նշանակում, որ անձնական ժխտումն ընդունելի է, բայց եթե Թուրքիայի նման մեծ երկիրը ճանաչի իր պատմության սեւ օրերը եւ, իհարկե, ցեղասպանությունը. ապա Ֆրանսիան եւ Հայաստանը դա կհամարեին հաշտությանն ուղղված քայլ. «Տեւական հաշտություն չի կարող լինել` ժխտելով մյուսի տառապանքները, տեւական հաշտություն չի կարող լինել պատմական փաստերի ժխտման հիման վրա։ Եթե Թուրքիայի նման մեծ երկիրն իր մեջ ուժ գտներ այս քայլին գնալու համար, ապա Ֆրանսիայի համար դա բավարար կլիներ, քանի որ օրենքի ուժով Ֆրանսիան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Իսկ եթե Թուրքիան այդ քայլին չդիմի եւ շարունակի ժխտել ցեղասպանությունը, ապա Ֆրանսիան այդ ժամանակ կցանկանա ավելի հեռուն գնալ եւ, փոխելով իր օրենսդրությունը` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ կսահմանի: Իմ պատասխանը, կարծում եմ, շատ պարզ է, բայց, իհարկե, ժամանակացույցի տեսանկյունից` Ֆրանսիան չէ, որ պետք է ուլտիմատում ներկայացնի Թուրքիային կամ որեւէ այլ երկրի: Մանավանդ որ, այդկերպ հնարավոր չէ նպաստել հարեւանների միջեւ հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց Ֆրանսիայի նախագահը: Նաեւ հավելեց, թե ժամանակն անսահման չէ` 1915 թվականից մինչեւ այսօր` 2011թ., բավական ժամանակ է անցել խորհրդածելու համար։ «Ես ժամկետային սահմանափակում չեմ մատնանշում, որովհետեւ հույս ունեմ, որ թուրք հասարակությունն ու ղեկավարությունը ճիշտ կարձագանքի: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այս ամենը տեղի կունենա իմ մանդատի ժամանակահատվածում»,- ասաց Ֆրանսիայի նախագահը: Նա նաեւ հայտարարել է, թե Ֆրանսիան կարեւոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին, որոնք արմատներով գնում են պատմության խորքը: Նրա խոսքով` Հայաստանում կատարվող իրադարձությունները Ֆրանսիայում ընկալվում են մեծ ուշադրությամբ` հաշվի առնելով Ֆրանսիայի կյանքում կարեւոր դեր ունեցող հայ համայնքի առկայությունը: Սարկոզին հիշեցրել է, որ Ֆրանսիան օգնության ձեռք է մեկնել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո` ընդգծելով, որ Հայաստանն այժմ էլ միայնակ չէ, քանի որ ՀՀ-ի եւ Ֆրանսիայի ժողովուրդների միջեւ հաստատվել են հատուկ կապեր: Նա կոչ է արել Ս. Սարգսյանին շարունակել խաղաղության ուղին Ադրբեջանի հետ` ի նպաստ երկու երկրների շահերի: Նաեւ կոչ է արել շարունակել բանակցությունները Թուրքիայի հետ` վստահեցնելով, որ Ֆրանսիան կաջակցի Հայաստանի ջանքերին: Սարկոզիի խոսքով` Հայաստանը գտնվում է աշխարհի անվտանգության համար պատասխանատու տերությունների միջեւ` Ռուսաստան, Թուրքիա, Իրան: «Իր անկախությունից ի վեր` այս 20 տարիների ընթացքում, Հայաստանի որդեգրած ճանապարհը շատ նշանակալի է տարածաշրջանային համատեքստում, որն առանձնանում է մեծ անկայունությամբ»,- ասաց նա: Հայաստանի առաջընթացը «ժողովրդավարության ուղղությամբ», նրա խոսքով, վկայում է, որ հակառակ հակամարտությունների եւ պատերազմի` Հայաստանի տնտեսական զարգացումը լուրջ ջանքերի, համարձակության եւ հայերի կատարած աշխատանքի որակի արդյունք է: Միաժամանակ նա նշել է. «21-րդ դարում անընդունելի է հայ-թուրքական սահմանի փակ լինելը»:
Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, Ն. Սարկոզին հայտարարել է, թե որքան շուտ սկսվի բանակցությունների ակտիվ փուլը, այդքան լավ, քանի որ, ըստ նրա` անգործությունը հանգեցնում է պատերազմի: Նա հայտարարել է, թե ԼՂՀ հակամարտության կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով, որի շրջանակում էլ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է երկխոսեն:
Ի դեպ, երեկ Ն. Սարկոզին հայտարարել է, թե Ֆրանսիան կողմ է հարեւանների հետ խաղաղության հաստատմանը եւ էներգիայի նոր աղբյուրների ստեղծմանը, քանի որ Ֆրանսիան անհանգստացած է ատոմային էներգետիկայի հիմնախնդիրներով: Իսկ Ս. Սարգսյանն էլ նշել է. «Մենք ակնկալում ենք նաեւ Եվրամիության այդ նույն երկրների ուշադիր վերաբերմունքը մեր երկրի անվտանգության եւ մեր տարածաշրջանի կայունության խնդիրներին: Այդ ծրագրերը պետք է լինեն այնպես, որպեսզի ապահովեն երկրների հավասարաչափ զարգացումը, եւ որպեսզի դրանցից եկած արդյունքները ծառայեն խաղաղությանը եւ ոչ` պատերազմին: Դրանք պետք է այնպես իրականացվեն, որ չդառնան նոր պատերազմ սնուցող աղբյուրներ: Մեր մոտեցումն արդար է եւ պատրաստակամ»: Հարցին էլ, թե ի՞նչ է անում Ֆրանսիան` ապահովելու համար տարածաշրջանում քաղաքական, տնտեսական եւ էներգետիկ հավասարակշռությունը, Սարկոզին պատասխանել է. «Մենք կանենք հնարավորը` աջակցելու Հայաստանին էներգիայի նոր աղբյուրներ գտնելու հարցում»:
Երեկ Երեւանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած միջոցառումից հետո Ն. Սարկոզին մեկնեց օդանավակայան: Ավելի ուշ նա Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ըստ APA գործակալության` հանդիպման ընթացքում ընդգծվել է Սարկոզիի Ադրբեջան պաշտոնական այցի կարեւորությունը` հարաբերությունների էլ ավելի ամրապնդման տեսանկյունից:
Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ` ի պատասխան Ն. Սարկոզիի Երեւանում արած հայտարարություններին, ասել է. «Այն երկրները, որոնք անցյալում իրականացրել են գաղութատիրական քաղաքականություն, որոնց իշխանությունները մշտապես իրենց հեռու են պահել հասարակությունից` իրենց քաղաքացուն ընկալելով որպես ստորին դասի ներկայացուցիչ, Թուրքիային իր պատմության հետ առերեսման խորհուրդներ տալու իրավունք չունեն: Եվ հենց նրանք, նախեւառաջ, պետք է հաշվի նստեն իրենց սեփական անցյալի հետ: Մենք առերեսվում ենք մեր պատմության եւ անցյալի հետ, այդ հարցում որեւէ խնդիր չունենք: Մեր պատմության ընթացքում հայերն ու թուրքերը դարերով գոյակցել են, ապրել նույն քաղաքներում, նույն թաղամասերում, կիսել նույն մշակույթը: Ասելով թուրքական ճարտարապետություն` մենք նկատի ունենք նաեւ այդ ճարտարապետության մեջ մեր հայ եղբայրների թողած ավանդը»: Ընդգծելով, որ Ֆրանսիան պետք է հաշվի նստի սեփական անցյալի եւ պատմության հետ, Դավութօղլուն ասել է, թե դա կնպաստի աշխարհում խաղաղության հաստատմանը:
Ադրբեջանից Ֆրանսիայի նախագահը, ինչպես նախատեսված էր` մեկնել է Թբիլիսի: