ՀՀ վճռաբեկ դատարանն աշխատավարձը փոխանցելու ցանկություն ունեցող, սակայն անչափահաս ամբաստանյալից 600 մլն դրամ պահանջող ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանին հորդորում է զերծ մնալ դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու անթույլատրելի փորձերից: Դատարանը նաեւ կոչ է անում նրան ձեռնպահ մնալ ԱԺ ամբիոնն անձնական շահերին ծառայեցնելուց եւ հնարավորություն տալ դատարաններին անկախության, անկողմնակալության եւ արդարության պահանջների պահպանմամբ լուծել իր շահերին առնչվող քրեական գործը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունից, Սպարտակ Մելիքյանը, օգտագործելով պատգամավորի իր կարգավիճակը, 2011թ. հոկտեմբերի 4-ին ԱԺ նիստում հանդես է եկել հայտարարությամբ, որն իր մեջ պարունակում է դատական իշխանության եւ նրա ղեկավարների հասցեին արված վիրավորական եւ զրպարտչական արտահայտություններ: Փաստորեն, Սպարտակ Մելիքյանը, հանդիսանալով դատարանում քննվող քրեական գործով դատավարության մասնակից, դատական համակարգի հանդեպ ունեցած իր կարծեցյալ մտահոգություններն արտահայտելու պատրվակով, օգտագործելով ԱԺ ամբիոնը, փորձել է ճնշում գործադրել դատարանի վրա, որը, ըստ էության, արդարադատության իրականացմանն ուղղված միջամտություն է: Մինչդեռ, նման վարքագիծը կարող է առաջացնել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվություն: Ընդ որում, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձեւով միջամտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, համարվում է արարքը ծանրացնող հանգամանք:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին, ժամը 10:00-ի սահմաններում, Վ.Հակոբյանը, իրականացնելով ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր երթեւեկություն, ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում Սեյրան Մելիքյանին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի հետեւանքով տուժողը նույն օրը մահացել է: Սեյրան Մելիքյանն ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրն է: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011թ. օգոստոսի 12-ի դատավճռով նշված արարքի համար Վ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում երեք տարի ժամկետով` ավտոմեքենա վարելու իրավունքից զրկելով երեք տարի ժամկետով: «ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` համաներման ակտի կիրառմամբ Վ.Հակոբյանն ազատվել է ազատազրկման ձեւով նշանակված պատժից: Տուժողի իրավահաջորդ, պատգամավոր Սպարտակ Մելիքյանի կողմից քրեական գործով ներկայացված քաղաքացիական հայցը` 600 մլն դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Վահե Հակոբյանից հօգուտ Ս. Մելիքյանի բռնագանձել 4.804.000 դրամ: Կոտայքի մարզի 1-ին ատյանի դատարանի դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդ Ս.Մելիքյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում դժգոհություն է հայտնվել ինչպես անչափահաս Վ.Հակոբյանի նկատմամբ համաներում կիրառելու, այնպես էլ 600 միլիոն ՀՀ դրամի չափով ներկայացված քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարելու հանգամանքից, համարելով, որ Վ.Հակոբյանը պետք է վերցվի կալանքի, իսկ ներկայացված քաղաքացիական հայցը` բավարարվի ամբողջությամբ: Վերաքննիչ բողոքը դեռեւս քննության փուլում է: