1988-ի երկրաշարժը մեծ արձագանք ունեցավ աշխարհում: Միլիոնավոր մարդիկ՝ կարեկցելով այս սարսափելի աղետի զոհերին, ցանկանում էին աջակցել ցուրտ ձմռանն անօթեւան մնացած հայերին: Այդ օրերին արված լուսանկարները դարձան ողբերգության լուռ վկաները, որոնք իրենց լռությամբ կարող էին ավելին ասել, քան ամենասրտաճմլիկ բառերը: Մի քանի վայրկյանում հարազատներին, իրենց տները կորցրած սպիտակցիների ու գյումրեցիների դեմքերին այնպիսի անթաքույց ցավ ու անհուսություն կար, որ բառերն ավելորդ էին: Լուսանկարները ցնցում էին բոլորին: Երկրաշարժի առաջին օրերին տեղում աշխատող հայ լուսանկարիչները գիտեին, որ այդ պահին ստեղծում էին աղետի խրոնիկան: Պատմում է «Ֆոտոլուր» գործակալության լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանը. «Ինչ էլ որ զգայի, գիտեի, որ պետք է աշխատեմ: Ուղղաթիռում նստած չէի կարողանում զսպել արցունքներս, բայց հենց որ հասնում էի Լենինական, ռոբոտ էի դառնում ու աշխատում: Իմ գործը լուսանկարելն էր»: 1988-ի ձմռանը բազմաթիվ լուսանկարներ են արվել, սակայն այս պատմությունը միայն մեկ նկարի եւ մեկ ճակատագրի մասին է: Լենինականի տեքստիլ գործարանի բանվորուհի 23-ամյա Ժենյայի որդու` Վիտյայի մասին է:
«Երբ ես լուսանկարում էի, չգիտեի այդ երեխայի անունը, նա հազարավոր երեխաներից մեկն էր»,- ասում է լուսանկարի հեղինակ Մ. Խաչատրյանը: Փողոցում հայտնված Վիտյայի ընտանիքը ստիպված մի քանի օր բաց երկնքի տակ է գիշերել, իսկ Վիտյան քնել է ծալովի մահճակալին՝ ծածկված մի քանի վերմակներով: Դրսում 20 աստիճան ցուրտ էր: Սեւաչյա գեղեցիկ այս մանչուկը հայ չէ, սակայն դարձել է երկրաշարժի խորհրդանիշը: Երբ այս լուսանկարը հայտնվեց «Sunday Express» ամսագրի առաջին էջում, հազարավոր անգլիացիներ ցանկացան իմանալ, թե ո՞վ է այս երեխան, եւ ինչպե՞ս դասավորվեց նրա կյանքը: Շուրջ մեկ ամիս այս տղայի լուսանկարը տպվել է ամսագրում եւ հորդորել հանգանակություններ հավաքել աղետի անմեղ եւ անպաշտպան զոհերի օգտին:
«Sunday Express»-ի ընթերցողներն այդ երեխայի մասին ինֆորմացիա էին պահանջում մեզանից: Ամսագրի լուսանկարիչ Թոնի Ուիվերը եւ լրագրող Էնդրյու Ալդերսոնը եկան Հայաստան եւ հանդիպեցին տղային լուսանկարած Մխիթար Խաչատրյանին: «Նրանք անպայման ուզում էին գտնել այդ տղային: Մենք գնացինք Գյումրի: Ես հիշում էի, որտեղ եմ լուսանկարել այդ ընտանիքը, բայց ովքեր էին՝ չգիտեի»,- պատմում է նա: Փոքր հետաքննություն անցկացնելուց հետո նա անգլիացիների հետ պարզեց, որ այդ տղան Վիտյա Կիրյակն էր, ում մայրը մոլդավուհի է, իսկ հայրը՝ երեւի թե, վրացի: Եվ ընտանիքն այժմ Արզնիի առողջարաններից մեկում է: Երեխային գտնելուց հետո «Sunday Express»-ի թղթակիցները նրան նվերներ տվեցին եւ լուսանկարեցին: Իսկ Լոնդոն վերադառնալուց հետո որոշեցին երկրաշարժի մասին պատմող գիրք-ալբոմ տպագրել: Հայ լուսանկարիչների գործերին գումարվեցին նաեւ Թոնի Ուիվերի լուսանկարները, եւ 1989 թվականի սկզբին լույս տեսավ ամսագրի «Հայաստան. հույսի հոգեվարքը» հավելվածը: 25 հազար մարդկային զոհ խլած, կես միլիոն մարդ անօթեւան թողած բնության այս սարսափելի արհավիրքն ալբոմում ներկայացված էր ինֆորմացիայի ամենաինտերնացիոնալ լեզվով՝ ֆոտոյի պատկերայնությամբ: Իսկ ոչ հայազգի Վիտյան դարձավ Հայաստանի հուսադրող ապագայի խորհրդանիշը: Լուսանկարիչ Մ. Խաչատրյանը մի քիչ շփոթված, մի քիչ էլ վիրավորված էր իրեն զգում, երբ իմացավ, որ հազարավոր անգլիացիների ուշադրության կենտրոնում հայտնված տղան հայ չէր: Սակայն աղետները ոչ ազգություն են ճանաչում, ոչ տարիք: Որքա՞ն ժամանակ է Լենինականում ապրել եւ որտե՞ղ է այժմ 20-ամյա երիտասարդ Վիտյան՝ անհայտ է:
Իսկ 1989թ. «Sunday Express»-ի անցկացրած մեկամսյա հանգանակությունների շնորհիվ մոտ 300.000 ֆունտ սթեռլինգ հավաքվեց: Այդ գումարի զգալի մասն օգտագործվեց Գյումրիի դպրոցի շինարարության համար: «Այդ դպրոցի կառուցման գործում մեծ ներդրում ունենք նաեւ մենք՝ լուսանկարիչներս: Այդ ներդրումը կարելի է ուղղակի կամ անուղղակի համարել»,- ասում է Մ. Խաչատրյանը: Այդ մեկ լուսանկարը տպվեց անգլիացիների հիշողության մեջ եւ հուշեց գթասիրտ լինելու մասին: Մեկ երեխայի ճակատագրով մտահոգվելով, նրանք բազմաթիվ երեխաների օգնեցին: Երկրաշարժից մի քանի տարի հետո, անգլիական դպրոցի բացմանը ներկա գտնվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգրեթ Թետչերը: Նա Երեւան չայցելեց, այլ միանգամից Գյումրի եկավ եւ ավարտեց «Sunday Express»-ի ձեռնարկած նախագիծը, որը սկսվել էր մեկ լուսանկարի շնորհիվ: