ՀՀ 2012թ. պետական բյուջեի նախագիծը դեռ չի հաստատվել, սակայն գրեթե կասկած չկա, որ Ազգային ժողովը չնչին փոփոխություններով հավանություն կտա փաստաթղթին։ Այդ մասին արդեն շատ է խոսվել, սակայն հարցեր կան, որ անպատասխան են մնում։
Առաջին ամենամեծ հարցն այն է, թե ինչո՞ւ հարկային եկամուտների ավելացման շուրջ հակասություն առաջացավ վարչապետ Տ. Սարգսյանի եւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի միջեւ։ Չէ, բանավեճն ու հակասությունները տնտեսական քաղաքականության շուրջ լավ բան են, առանց դրա ոչ մի նորմալ որոշում չի կայացվում։ Հարցն այն է, թե ինչո՞ւ այդ հակասությունը ի հայտ եկավ հենց կառավարության նիստի ժամանակ եւ դարձավ հանրային քննարկման առարկա։ Մեզ թվում էր, որ հաջորդ տարվա հարկային եկամուտների չափը որոշելուց առաջ վարչապետն այն քննարկել է տարբեր գերատեսչությունների հետ, եւ առաջին հերթին՝ ՊԵԿ-ի, քանի որ հարցն առնչվում է անմիջապես նրան։ Բանավեճը կարող էր լինել այդ ժամանակ։ Այսինքն՝ հարկային եկամուտների ավելացման կոնկրետ չափը պետք է հայտնի լիներ Գ. Խաչատրյանին, սակայն կառավարության նիստից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ ՊԵԿ նախագահին այդ թիվն անակնկալի բերեց։
Այդուհանդերձ, եկեք մի պահ ենթադրենք, որ բյուջեն հաստատվել է։ Սա նշանակում է, որ հաջորդ տարի հարկ է լինելու հավաքել 100 միլիարդով ավելի շատ եկամուտներ, քան ընթացիկ տարում։ Որտեղի՞ց պետք է հավաքվի այդքան գումար։ Վարչապետը նշել էր, որ հարկային վարչարարության բարելավման հնարավորությունները գնահատվել են 10-15 մլրդ դրամ։ Սա իրականությանը մոտ ցուցանիշ է, թեպետ անկախ մասնագետներից շատերը վարչարարության հնարավորությունները 12 միլիարդից ավելի չեն գնահատում։ Իսկ որտեղի՞ց պետք է հավաքվի մնացած գումարը։ Տ. Սարգսյանն այդ մասին էլ է խոսել. կառավարությունը հույս ունի հավաքել եւս 40-50 մլրդ դրամ՝ նախատեսված 4.6% տնտեսական աճի արդյունքում, նույնիսկ` առանց հարկային բազայի ռեժիմի փոփոխության։
Այստեղ առաջ է գալիս երկրորդ հարցը՝ որտեղի՞ց է Տ. Սարգսյանը վստահ, որ հաջորդ տարի տնտեսությունը 4.6% աճ է ունենալու։ Կասկածելու տեղ, ի դեպ, տվել է հենց ինքը՝ վարչապետը՝ խոսելով ճգնաժամի երկրորդ ալիքի հնարավորության մասին։ Մասնավորապես, հոկտեմբերի մեկին Արցախում մասնակցելով «Բրիջ Արցախ 2011» երկրորդ տնտեսական համաժողովին՝ նա նշել է, որ չի բացառվում ճգնաժամի նոր ալիք, ուստի 2012-ին, համաշխարհային տնտեսական գործընթացներին համապատասխան, կառավարությունները պետք է իրականացնեն համարձակ քայլեր` ուղղված կայունության ապահովմանը եւ տնտեսական աճի պահպանմանը: Փաստորեն՝ մի կողմից` խոսք է գնում տնտեսական ցնցումների մասին, մյուս կողմից՝ բյուջեն ուզում են համալրել լրացուցիչ 100 միլիարդ դրամով։
Սա հիշեցնում է 2008 թվականի վերջը, երբ քննարկվում էր 2009թ. բյուջեն։ Այն ժամանակ բոլորն ասում էին, որ ճգնաժամը հարվածելու է Հայաստանին, եւ բյուջեն հարկավոր է փոխել։ Այդ կարծիքները բանի տեղ դնող չեղավ. 2009թ. համար բյուջեն հաստատվեց հետեւյալ ցուցանիշներով՝ հարկային եկամուտներ եւ տուրքեր՝ 727.7մլրդ դրամ, պարտադիր սոցապ վճարներ՝ 128.4 միլիարդ դրամ։ Իսկ երբ եկավ «ճտերը հաշվելու» ժամանակը, պարզվեց, որ 2009թ. փաստացի հավաքվել է 522.4 միլիարդ դրամ, նախատեսվածի 71.6%-ը։ Պարտադիր սոցապվճարների հավաքագրումն էլ էր թերակատարվել. հավաքվել էր 102.9 մլրդ դրամ։
Սա նշանակում էր ձախողում, որի համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ Փոխարենը՝ հաջորդ տարվա` 2010թ. բյուջեն կազմելիս չափից դուրս զգուշավորություն ցուցաբերվեց. հարկային մուտքերը նախատեսվել էին 570 միլիարդ։ Դա ավելի քիչ էր, քան 2008-ին։ 570-ի փոխարեն` հավաքվեց 594 միլիարդ, իսկ պարտադիր սոցվճարների մասով՝ 105.3 միլիարդ (ինչպես եւ նախատեսված էր)։ Սա վերականգնեց նախկին «դուխը»։
Վերադառնանք այսօրվա վիճակին։ Ենթադրենք, որ բյուջեն հաստատվում է, եւ հաջորդ տարի ոչ մի ճգնաժամ էլ չի լինում։ Ի՞նչ է լինելու այդ դեպքում։ Գրեթե կասկած չկա, որ ՊԵԿ-ը հավաքագրելու է նախատեսված ողջ գումարը, գուցե մի բան էլ ավելի (վարչապետի «ինադու»)։ Սակայն ի՞նչ հետեւանքներ է դա ունենալու։ Գործի են դրվելու հարկային վարչարարության ամենակոշտ մեթոդները, նախկինից էլ ավելի վատ։ Եթե ՊԵԿ նախագահը տարածքային հարկային տեսչությունների պետերին եւ մաքսային կառույցի ղեկավարներին «չորով» հանձնարարի ամեն գնով հավաքել նախատեսված գումարները, նրանք ոչնչի առաջ կանգ չեն առնելու։ Մի քանի հնարավոր հետեւանքներ նշենք. սկսելու են նախկինի պես կանխավճարներ հավաքել, ՀԴՄ կտրոնների մասով սկսվելու է իսկական որս, որպեսզի տուգանքներով կատարեն ցուցանիշը, մաքսային մարմինը ներմուծվող ապրանքների մաքսազերծման ժամանակ սկսելու է անհիմն բարձր մաքսային արժեքներ սահմանել, եւ այլն։ Ընդ որում, այս ամբողջը կոտրվելու է հիմնականում մանր ու միջին գործարարների գլխին։
Ասել, թե այս բոլոր երեւույթներն իսպառ բացակայում են այսօր, սխալ կլինի։ Սակայն անկախ ՊԵԿ համակարգի նկատմամբ ունեցած վերաբերմունքից, չի կարելի չնկատել, որ որոշակի դրական փոփոխություն կա 2, 3 կամ 4 տարի առաջվա վիճակից։ Իսկ ՊԵԿ-ի առաջ նման խնդիր դնելը, փաստորեն, ոչ միայն չի համապատասխանում բարձրաստիճան պաշտոնյաների սիրած «բարեփոխումների» թեմային, այլեւ հակառակը՝ համակարգը կրկին ետ է տանում, դարձնելով ավելի վատը։
Նշենք նաեւ, որ հարկերի հավաքագրման «տեխնիկական» կողմը միայն ՊԵԿ-ից չի կախված։ Կան ոլորտներ, որոնք զուտ հաշվառման տեսանկյունից տեսանելի չեն հարկային մարմնի համար, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտը։ Մեծ գումարներ են շրջանառվում նաեւ առողջապահության ոլորտում, ընդ որում՝ ստվերային։ Այդ խնդիրն ընդունել է նաեւ վարչապետը՝ կառավարության նիստում ասելով. «Այնուամենայնիվ, մենք պետք է լրացուցիչ հավաքենք մոտավորապես 60 մլրդ դրամ, որը լուրջ խնդիր է: Այդ տեսակետից հանձնարարական է տրված բոլոր նախարարներին` ամբողջությամբ տիրապետել իրենց ոլորտների հարկային բազային։ Սա լինելու է նրանց անձնական պատասխանատվության խնդիրը 2012 թվականի ընթացքում։ Նախարարները պետք է ամբողջությամբ տիրապետեն, թե իրենց ոլորտներում որքան ՀՆԱ է արտադրվում, նոր ստեղծված արժեքը եւ հարկման բազան ինչպիսին է, եւ այդ հարկման բազայից որքան գումար է մուծվում պետական բյուջե։ Ֆինանսների նախարարությունը մյուս նախարարություններից ստացել է իրենց վերլուծությունները եւ առաջարկությունները, որոնք մենք պետք է ամփոփենք»։ Թե որքանով մյուս գերատեսչությունները կկատարեն իրենց հանձնարարականները եւ կօգնեն ՊԵԿ-ին, ցույց կտա ժամանակը։
Ամենացավալին այն է, որ կառավարությունը հարկերի աճը պայմանավորում է, առաջին հերթին, ոչ թե տնտեսության իրական աճով, այլ՝ վարչարարությամբ, «ստվերի դեմ պայքարով» եւ այլն։ Եթե պարզ արտահայտվենք, պետությունը ոչ թե փորձում է աշխուժացնել տնտեսությունը, հետո հավաքել բերքը, այլ հիմիկվանից է ցանկանում ավելի շատ բերք ունենալ, թեկուզ դա լինի սերմացուի հաշվին։ Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մանր ու միջին գործարարները պետք է այսօրվանից պատրաստվեն դաժան ժամանակների։ Որովհետեւ Հայաստանում ոչ թե բյուջեն է տնտեսությանը ծառայում, այլ տնտեսությունը՝ բյուջեին ու այն տնօրինողներին։