Ուշադիր կարդացեք մեր զեկույցները

08/10/2011

«Ես գիտեմ, որ ձեր մոտ կարծիք է ձեւավորվել, թե եվրոպական կառույցները միշտ դրական են արտահայտվում Հայաստանում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ, բայց դա այդպես չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Կարել Հոֆստրան` կոչ անելով բոլորին` ուշադիր կարդալ միջազգային դիտորդների զեկույցները: Նա հիշեցրել է ՀՀ նախագահական վերջին ընտրությունների մասին իրենց զեկույցի այն կետը, համաձայն որի` ընտրությունները համապատասխանել են եվրոպական չափանիշներին` ասելով, թե տեղյակ է, որ այդ «տողն» այնքան էլ դուր չի եկել ՀՀ-ում գործող ոչ կառավարական կազմակերպությունների մի մասին: «Պետք չէ կենտրոնանալ միայն զեկույցի առաջին հատվածի վրա»,- հորդորել է Հաֆստրան: Նրա խոսքով` 2008թ. ընտրություններում, քվեարկության օրը, իրենք արձանագրել են կազմակերպական առաջընթաց, սակայն ձայների հաշվարկի ժամանակ «մենք բացահայտեցինք բազմաթիվ կեղծիքներ, որոնք էլ, ի վերջո, փոխեցին մեր նախնական գնահատականը»: Հարցին, թե ի՞նչ պետք է անի քաղաքացին, որպեսզի ընտրություններում իր ձայնը չկեղծեն, ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչը պատասխանել է, թե այն միայն մեկ լուծում ունի` պետք է մասնակցել ընտրություններին: Հոֆստրան ՀՀ քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն ներգրավվել քաղաքական կուսակցությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության մեջ: Ըստ նրա, քաղաքացիական հասունություն ձեռք բերելու այլ եղանակ չկա: