Հարթավայրային Ղարաբաղի տարածքները հանձնելու գործում գլխավոր դեր խաղալու Ռուսաստանի փորձերի լիակատար ձախողումից հետո ԱՄՆ-ը ու Ֆրանսիան «իրավունք» են ստացել «վերմակը քաշել» իրենց վրա եւ նոր հնարքներ նախաձեռնել ղարաբաղյան խնդրի քննարկման գործընթացում:
Ընդ որում, ԱՄՆ-ը բացարձակապես շահագրգռված չէ իր ակտիվությունը դրսեւորել այդ գործընթացում: ԱՄՆ գլխավոր խնդիրը լուծված է, այսինքն, Ռուսաստանը հայտնվել է երկրորդական դերում, իսկ ամերիկացիներն ավելի մասշտաբային խնդիր ունեն` նորովի ձեւավորել Սեւ ծովից մինչեւ Չինաստան լոգիստիկ սխեման: Ֆրանսիան բոլոր հնարավորություններն ունի հանդես գալու Հարավային Կովկասում որպես առավել «չեզոք» ուժ, ի հավելումն դրա` ներկայացնելով Եվրոպական Միությունը: Սակայն բանը ղարաբաղյան խնդիրը չէ: Եվրոպան ձգտում է հաստատվել տարածաշրջանում` որպես առավել ազդեցիկ ուժ, եւ ջանքեր է գործադրում հիմնական քաղաքական ու գեոտնտեսական առաջադրանքները մշակելու եւ իրականացնելու գործում: Ընդ որում, Ֆրանսիան վստահ է, որ եկել է ժամանակն` արմատապես փոխել Հարավային Կովկասում Արեւմտյան հասարակայնության քաղաքականության տրամաբանությունն ու մոտեցումները, ինչն ընդհանուր առմամբ նշանակում է` «չեզոքացնել» տարածաշրջանի պետությունների քաղաքականությունն ու դիրքերը: Ստատուս-քվոն Սարկոզիի ծրագրի հիմքն է, ինչը նշանակում է, որ նպատակը ոչ թե հակամարտությունների «կարգավորումն» է, այլ անվտանգությունը:
Դրան չեն կարող աջակցել ԱՄՆ-ը ու Ռուսաստանը, որոնք, ըստ էության, շահագրգռված են նման մոտեցմամբ, պայմանով, որ տարածաշրջանում պահպանվի ուժերի ու շահերի հավասարակշռությունը: Ռուսաստանի համար Ֆրանսիայի այդ դերը շատ կարեւոր է, քանի որ ԱՄՆ-ին տարածաշրջանային հակամարտություններից հեռու պահելու որոշակի հույս է տալիս: Այդ պատճառով, մտածել տարածաշրջանում Ռուսաստանի ու Ֆրանսիայի որոշակի համագործակցության մասին, պարզապես իմաստ չունի: Իհարկե, Ռուսաստանն ուշադիր հետեւելու է Ֆրանսիայի քաղաքականությանը, սակայն որոշակի «իդեալում» այդ քաղաքականությունն, անկասկած, համապատասխանում է Ռուսաստանի շահերին:
Միեւնույն ժամանակ, ֆրանսիական քաղաքականությունում մի կարեւոր հանգամանք կա, որը խոսում է Ֆրանսիայի ոչ միայն գեոտնտեսական, այլեւ աշխարհաքաղաքական նպատակների մասին: Հայաստանը ֆրանսիացիների կողմից դիտվում է նույն ասպեկտում, ինչ ամերիկացիների, այսինքն` Թուրքիայի տարածաշրջանային էքսպանսիան զսպող գործոնի դերում, ընդ որում, հաշվի առնելով հայկական գործոնի սինթետիկ նշանակությունը ոչ միայն կովկասյան, այլեւ եվրոպական ուղղությամբ: ԱՄՆ-ը ու Ֆրանսիան մանրամասն պայմանավորվածություն չունեն Թուրքիային զսպելու հարցում, սակայն թուրքական քաղաքականության հարցով որեւէ պայմանավորվածություն Արեւմուտքի այդ երկու գերտերությունները չունենալ չեն կարող: Սակայն բանը, տվյալ դեպքում, պայմանավորվածությունների մեջ չէ, այլ նրանում, որ Ֆրանսիան Թուրքիային զսպելու ինքնուրույն քաղաքականություն է իրականացնում, եւ հայկական խնդիրների ողջ համալիրը կարեւոր գործիք է հանդիսանում ֆրանսիական քաղաքականության մեջ այդ ուղղությամբ: Այդ պատճառով, Հայաստանը պետք է մանրակրկիտ իմաստավորի իր դերն այդ երկարաժամկետ իրավիճակում եւ փորձի որոշակի աջակցություն ստանալ տարբեր ոլորտներում, այդ թվում` պաշտպանության ու անվտանգության, որովհետեւ այդ դերը տարածաշրջանում ակնհայտորեն չի հանգեցնում անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ընդ որում, խոսքը նաեւ տնտեսական հարցերի մասին է: Օրինակ, որքանո՞վ է իրական իրականացնել գազի տեղափոխում Իրանի աղբյուրներից դեպի եվրոպական ուղղություն Հայաստանի, Վրաստանի ու Սեւ ծովի տարածքով: Այստեղ հարց է առաջանում, թե արդյո՞ք Ֆրանսիան պատրաստ է հասկանալ ու ձեռնարկել այդ ջանքերը, թե՞ անվտանգության մի մասի պատասխանատվությունը դնում է Ռուսաստանի վրա:
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ
lragir.am