Նոյեմբերի 7-ին արդեն ակնհայտ էր հետընտրական տարբերությունների բացակայությունը։ Իշխանությունները տոնում էին իրենց հաղթանակը, իսկ ընդդիմությունը պատրաստվում էր քաղաքական նոր գործողությունների։ Այս դեպքում ավելի շատ են հարեւան երկու պետությունների ընդդիմությունների վարքի նմանությունները։ Ինչպես այստեղ, այնտեղ էլ ընդդիմությունը՝ ընտրությունների չարաղետ արդյունքները լսելով, ոտքի է հանում ժողովրդին։ Ահագին մարդ է հավաքվում։ Հետո նրանց տուն են ուղարկում՝ ասելով, թե կկանչեն։ Նոյեմբերի 12-ին նշանակված հանրահավաքը «հաղթանակած» իշխանություններին ժամանակ եւ հնարավորություն է տալիս` մոբիլիզացնել ջրցան մեքենաների, փշալարերի, զրահամեքենաների եւ ճնշիչ այլ միջոցների ամբողջ արսենալը։ Ու թեեւ հաջորդ հանրահավաքին ավելի քիչ մարդ է հավաքվում, ընդդիմության առաջնորդները հայտարարում են հեղափոխության ճիշտ օրն ու ժամը։
Մինչ այդ խոսում է նախկին ընդդիմադիր գործիչ Ֆազիլ Ղազանֆար-օղլին եւ հայտարարում, թե ընդդիմությունը հանրահավաքներ անելով` դժվար թե որեւէ արդյունքի հասնի։ Նա ասում է, թե դա ընդամենը մխիթարանք է, եւ բութ պետք է լինել չնկատելու համար ընտրությունների ժողովրդավարականությունն ու թափանցիկությունը։ Ամեն ինչ խաղաղվելուց հետո Ֆազիլ Ղազանֆար-օղլին դառնում է նախագահ Իլհամ Ալիեւի խորհրդականը՝ միջին խավի կամ սպառողական զամբյուղի գծով։
Այս ընթացքում ընդդիմության ներկայացուցիչներին են հանդիպում օտարերկրյա դիվանագետներն ու քննարկում ընտրությունների ընթացքում տեղ գտած թերությունները՝ մատնանշելով գալիք հինգ տարում (ոչ թե առաջիկա օրերին) դրանց վերացման ուղիները։ Ընդդիմադիրներից մեկն ասում է, թե իրենց ու դիվանագետների տեսակետները համընկնում են։ Մյուսները կարծես թարս են նայում սրան։ Մեկ ուրիշը՝ Լալա Շեֆքեթ անունով, հայտարարում է, թե իրենք չեն ճանաչում ընտրության արդյունքները, քանի որ դրանք ընտրական գործընթացի հետ ոչ մի կապ չունեն։ Օտարերկրյա դիվանագետներն այս հայտարարությանը վերաբերվում են նրբանկատ քաղաքավարությամբ։ Կարծում եմ, գաղտնիք չէ, որ այս պայմաններում բոլորի՝ իշխանության եւ ընդդիմության հայացքն ուղղված է մեկ կետի՝ Սպիտակ տանը։ Առաջինը սպասում է շնորհավորանքի, իսկ երկրորդը՝ հրահանգի։ Բաքվի խանութներում նարնջագույն փողկապի դեֆիցիտ է նկատվում։
Անհամբեր իշխանության ու նույնքան անհամբեր ընդդիմության հետ Վաշինգտոնը խոսում է «Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի» փոխնախագահ Իլան Բերմանի բերանով եւ ասում, թե այդ նարնջագույն միջոցառումներն իրենց արդեն դուր չեն գալիս, որովհետեւ ահագին մեծ «հայ-հույից» հետո նոր եւ խոստումնալից ղեկավարները չեն սերտացնում կապերն ԱՄՆ-ի հետ, այլ շարունակում են բռնած պահել Ռուսաստանի պոչը։ Նույն Իլան Բերմանն Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ է տալիս հեղափոխությունն անել վերեւից։ Նարնջագույն փողկապի գինը շուկայում ընկնում է։ «Հաղթանակած» իշխանությունը բռնում է սահմանադրական փոփոխությունների մեզ արդեն հայտնի ուղին։
Նոյեմբերի վեցից մինչ օրս ադրբեջանական մամուլը ոչ մի բառ չի գրում Ղարաբաղի մասին՝ կարծես այնտեղով չի անցնում մեր եւ իրենց բաժանարար գիծը։