«Պետք էր փլուզման դեմն առնեին»

08/10/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Ինչպե՞ս կբացատրեք օրեր առաջ Վանաձոր-Բագրատաշեն հատվածում տեղի ունեցած աղետալի դեպքը: Ոմանք նշյալ գոտին համարեցին սողանքային, ոմանք` հերքեցին այն:

– Նախ նշեմ, որ այդ վայրը սողանքային գոտի համարելն անգրագիտության հետեւանք է: Այդ տեղանքը հատկապես ինձ եւ իմ մասնագիտական շրջանակին բավականաչափ ծանոթ է: Նշյալ վայրում սողանքը շատ փոքր է, եւ հիմնականում նշյալ գոտին թափվածքային է: Այսինքն` հողը ոչ թե սողում է, այլ թափվում է: Հիմա պետք է պարզել, թե ինչո՞ւ տեղի ունեցավ նման խոշոր փլուզում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում, որո՞նք էին դրա դրդապատճառները: Այդ հատվածում կատարվել էր ճանապարհաշինություն, ինչպես նաեւ` այդ հատվածի վերեւի մասում ջրատար խողովակներ էին անցկացրել, ինչի արդյունքում առաջացել էին ճաքեր: Սակայն, այդքանով հանդերձ, չեն հետեւել այդ ճաքերին, որոնք, այսպես ասած` փլուզումների պատրաստ էին: Ստեղծված իրավիճակին հավելենք այն, որ դեպքի օրը շրջված բեռնատար մեքենան հանելու համար ծանր վերամբարձ կռունկներ էին կանգնեցրել ճանապարհի մեջտեղում, ընդ որում` այդ ճանապարհը բավական բանուկ է, եւ ցնցումներն էլ կրում են մշտական բնույթ: Ինչեւէ, եթե ճաքերն արդեն առաջացել էին, ուրեմն` պետք է հետեւողական լինեին` ձեռնարկելով համապատասխան միջոցներ: Այլ կերպ ասած` պետք էր փլուզման դեմն առնեին:

– Ինչպե՞ս հասկանալ թափվածքային գոտու վտանգի կանխարգելումը, կամ, ինչպես Դուք նշեցիք` ինչպե՞ս պետք է աղետի դեմն առնեին:

– Ինչպես վերը նշեցի, պետք է նախեւառաջ գտնել քարաթափի կամ սողանքի դրդապատճառը` մշակելով համապատասխան միջոցառումներ, որից հետո կա մոնիտորինգ հասկացությունը: Իսկ մոնիտորինգը պետք է իրականացվի ոչ թե չափիչ սարքերով, այլ` համալիր լուծումներով, որոնք նպատակաուղղված կլինեն կանխարգելման:

– Այսինքն` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում տեղի ունեցածն անուշադրության հետեւա՞նք էր:

– Ոչ միայն չեն հետեւել, այլեւ վերջին 20 տարվա ընթացքում որեւէ ներդրում, թույլ տվեք ասել` որեւէ կոպեկ չի ծախսվել հակասողանքային միջոցառման համար:

– Իշխանությունները նշում են, որ հակասողանքային միջոցառումները պայմանավորված են խոշոր գումարներով, ինչը չունի մեր պետությունը: Ի՞նչ գումարների մասին է խոսքը:

– Նման հայտարարություններին պետք չէ հավատալ: Մեծ ծախս ասվածը հարաբերական է, եւ մարդկային զոհեր ունենալու պարագայում խոսել մեծ ծախսի մասին` ուղղակի սխալ է: Եվ երկրորդ` ո՞վ է որոշել, որ այդ ծախսը մեծ է: Իսկ արդյո՞ք մեծ ծախսերի մասին խոսելով` կատարում են փոքր ծախսերը: Ցավալի է, որ մեծ ծախսեր կատարելու հնարավորություն չունենալու մասին խոսելով` շարունակում ենք չգործել, մինչդեռ իրենց նշած մեծ ծախսի կրկնակին ծախսվել է դեպքի հետեւանքները վերացնելու համար:

– Այնուամենայնիվ, նշյալ աղետին նախորդել էր ավելի փոքր մասշտաբի քարազանգվածի փլուզումը, ինչը համարում են նաեւ նախանշան տվյալ աղետի: Միեւնույն ժամանակ հոկտեմբերի 2-ին Վանաձոր-Բագրատաշեն հատվածում կատարվածը պայմանավորեցին` որպես ցնցումների, երկրաշարժի հետեւանք:

– Հիմա նման ցանկացած կարծիք կարող են հայտնել` մարդկանց կողմնորոշումը փոխելու, այսպես ասած` իրականությունից հեռացնելու համար: Դեպքի նախորդ օրը պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ որեւէ վտանգ չկա, եւ կարող են շահագործել ճանապարհը: Ո՞վ էր այդ մարդը, ի՞նչ իրավունքով եւ ի՞նչ հիմքերով էր արել նման հայտարարություն: Ինչո՞ւ չեն խոսում այդ մասին: Պետք է մշտական դիտման տակ լինեն վտանգավոր եւ դժվարին կետերը, կամ, եթե կատարվել է ուսումնասիրություն, եւ արդեն հայտնի են դրդապատճառները, պետք է ցիկլիկ չափումներ անել: Որպես օրինակ` նշեմ Հայաստանի ամենաակտիվ սողանքներից մեկը` Դիլիջանի սողանքը, որտեղ ապացուցեցինք, որ եթե ջրերի հորիզոնը մեկ երրորդով բարձրանա, անպայման կառաջանա շարժում, ինչը վտանգավոր կլինի: Դիլիջանի սողանքային գոտում 10 օրը մեկ անգամ չափում ենք ջրի հորիզոնը` բարձրանալու դեպքում ահազանգում են, որ կա վտանգ: Իսկ Վանաձոր-Բագրատաշեն հատվածում ճաքերի առաջացման ժամանակ պետք է դադարեցնեին շարժումը, որպեսզի մարդիկ չանցնեին: Մոտ 10-15 տարի առաջ մեզ հրավիրեցին Իջեւանի Ջուղազի ջրամբար: Կազմվել էր խոշոր հանձնաժողով: Մենք անմիջապես դադարեցրինք ջրահեռացման աշխատանքները` բնակչությանը տարհանելով: Գիշերվա ժամը երկուսին Ազգային անվտանգության ծառայությունից ինձ զանգեցին` ասելով, որ սողանքը գնացել է, եւ 3 հոգի մնացել են հողի տակ: Եթե մենք ժողովրդին դուրս չբերեինք տեղանքից, 30-40 մարդ կմնային հողի տակ: Ընդ որում` հողի տակ մնացածները ոչ թե հայեր էին, այլ` ադրբեջանցիներ:

– Իսկ այսօր Հայաստանի հատկապես ո՞ր սողանքային գոտիներն են առավել քան վտանգավոր:

– Վտանգավոր այնքան շատ տեղ ունենք: 6 տարի առաջ գտնվում էի Եվրոպայում, որտեղ նայում էինք Ալպերի սողանքային գոտիները: Իտալիայի Միլան քաղաքից վերեւ տեղի էր ունեցել խոշոր սողանք (դա մեր գնալուց 5-6 տարի առաջ էր): Պաշտոնական տվյալներով` մոտ 200 մարդ մնացել էր սողանքի տակ, մինչդեռ, լուրեր էին շրջանառվում, թե սողանքի հետեւանքով զոհվել էր հազարից ավելի մարդ: Սողանքը 7 գյուղ լվացել-տարել էր: Երբ ուսումնասիրությունների ավարտին հավաքվել էին Մյունհենում, հարցրեցի, թե արդյո՞ք հնարավոր է, որ կատարված սողանքը կրկնվի` միաժամանակ նշելով, որ նման տեղանքներ Հայաստանում տասնյակներով են, որոնցից են Սյունիքի մարզում Քարահունջի տակ գտնվող սողանքը, Աղստեւի ափին, այսպես ասած` դասավորված սողանքները` Ֆիոլետովո, Դիլիջան, Պարզ լիճ, Երեւանի հարեւանությամբ գտնվող Ողջաբերդի սողանքը (Գառնի-Գեղարդ ճանապարհին կարելի է այն տեսնել), Երեւանի շրջանցիկ ամբողջ ճանապարհը սողանք է: Հատկապես ուզում եմ առանձնացնել Պարզ լճի սողանքը: Բազմիցս ասել եմ, որ Պարզ լճում կառուցված հանգստյան գոտին մի օր փլվելու է, հանգստացող բնակիչներին մեծ վտանգ է սպառնալու, բայց, միեւնույն է` զբաղված են միայն շահույթով, որեւէ մեկը տեր չի կանգնում: Ես հոգնել եմ: Եթե ինձ դիմեն, կարող եմ կետ առ կետ նշել սողանքները, ինչպես նաեւ այն, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն: Այսօր վտանգ են ներկայացնում ճանապարհները, որոնք հետագայում պետք է քանդվեն: Դեռեւս 1988թ., նախքան երկրաշարժը, միութենական հատուկ որոշմամբ ճանապարհաշինարարներին պարտադրվեց օգտագործել եվրոպական մեթոդը: Մինչ օրս, սակայն, ճանապարհների փոսորակները, լանջերի փլուզումները շարունակում ենք բուժել պապական մեթոդներով: Ավելին` ամբողջ հանրապետությունում ֆիզիկամեխանիկական հատկությունները որոշող լաբորատորիա չունենք: Բոլոր շենքերը կառուցվում են վերացական, օդից վերցված տվյալներով:

– Այնուամենայնիվ, 2004թ. Ճապոնիայից ստացած դրամաշնորհով իրականացվեց Հայաստանի սողանքների անձնագրավորում: Ի՞նչ փոխվեց դրանից հետո:

– Այն ժամանակ` ճապոնացիների հետ հանդիպման ժամանակ, ասացի` լավ է, որ եկել են, սակայն ներդրված ամբողջ գումարներով չիրականացվեց նախատեսվածը: Այդ գումարով կարելի է երեք խոշոր ամենավտանգավոր սողանքներն ուսումնասիրել Սյունիքում, Վայոց Ձորում եւ Տավուշում` կատարելով ուսումնասիրություններ, մշակելով հակասողանքային միջոցառումներ: Հանրապետությունում կա մանր ու խոշոր մոտ 3500 սողանք, որից 130-150-ը գտնվում են ճանապարհների վրա: Եթե սողանքները կազմում են հանրապետության ընդհանուր տարածքի 4,5 %-ը, ապա թափվածքային գոտիները` մոտ 1%-ը:

– Ի վերջո, ի՞նչ անել` նստել-սպասել, թե հաջորդ աղետը որտեղ կլինի` շարունակ հայտարարելով խոշոր գումարներ չունենալու մասի՞ն:

– Կանխարգելման միջոցներ կան, միայն թե պետք է լուրջ մոտենալ գործին: Պետք է խելամիտ լինել` գումար տվողն իմանա, թե ի՞նչ նպատակների համար է տալիս, իսկ ծախսողներն էլ մի քիչ ազնիվ գտնվեն եւ կատարեն այն, ինչ պետք է, այլ ոչ թե սպասեն սողանքին, եւ փողը ծախսեն դրա հետեւանքների վերացման համար: Անհասկանալի է, թե ինչո՞ւ է սողանքների հարցը տրված Քաղաքաշինության նախարարությանը, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ դարձել է փրկարար եւ հրշեջ: Ղեկավարները պետք է մտածեն ոչ թե այսօրվա, այլ վաղվա օրվա կանխագուշակմամբ: Այ սա չգիտեն մեզ մոտ…