Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին Մակեդոնիայի նկատմամբ տարած խոշոր` 4:1 հաշվով հաղթանակից հետո մամուլի ասուլիսների սրահում լրագրողները դիմավորեցին ծափողջույններով:
– Շնորհակալություն շնորհավորանքների համար: Ես դժվար խաղ էի սպասում եւ այդպես էլ եղավ: Լարվածությունը մեծ էր: Առաջին 20-25 րոպեներին մեր խաղը չէր ստացվում: Երեւի այսօր ավելի շատ մեզ պետք էր 3 միավորը: Խաղի որակից գոհ չեմ, բայց այսպես էլ է պատահում, երբ ոչ լավ խաղով հաղթում ես: Այսօր չկար այն փոխանցումները, որոնց մենք սովոր ենք, չկար մեզ բնորոշ խաղը:
– Շա՞տ նյարդեր պահանջվեցին Ձեզանից այսօրվա խաղում:
– Իհարկե, երբ գալիս է մի պահ, երբ արդյունքն է ամենակարեւորը, շատ նյարդեր են պահանջվում:
– Կառլեն Մկրտչյանի փոխարինումն ինչո՞վ էր պայմանավորված:
– Ինքը խնդրեց փոխարինել, որովհետեւ խնդիր ուներ:
– Ռոբերտ Արզումանյանի վիճակն ինչպե՞ս է:
– Երեկ եւ այսօր մարզվել է եւ Իռլանդիայում կլինի 18-ի մեջ:
– Ի՞նչ եք կարծում, արա՞գ կվերականգնվեն տղաները:
– Ամեն ինչ կանենք այդ ուղղությամբ:
– Մովսիսյանը 3-րդ գոլից հետո հոգնել էր: Ի՞նչն էր պատճառը, որ չփոխարինեցիք նրան:
– Պարզապես թույլ տվեցինք, որ վայելի այս պահերը:
– Սլովակիա-Ռուսաստան խաղում ո՞ւմ եք համարում ֆավորիտ:
– Այդ խաղն ինձ չի հետաքրքրում:
– Սարկիսովը մեր գաղտնի զե՞նքն է դարձել:
– Նա լավ ֆուտբոլիստ է, քանի որ յուրաքանչյուր պահի կարող է իրականություն դարձնել մեր մտածածը:
– Իռլանդիայի հետ խաղում նո՞ւյն մարտավարությամբ եք խաղալու:
– Եկեք Իռլանդիայից չխոսեմ: Այս պահին ամենալավն այն է, որ որակազրկումներ չեղան:
– Գոլային պահերի չիրացումը չի՞ անհանգստացնում:
– Ես ասացի, որ որոշ դրվագներից գոհ չեմ: Մեր դարպասին էլ պահեր եղան, քանի որ պաշտպանության կենտրոնում առաջին անգամ էին միասին խաղում այսօր ասպարեզ դուրս եկած ֆուտբոլիստները: Մոլորության մեջ չենք ընկնի խոշոր հաշվից:
– Կասպարովն ինչո՞ւ էր բացակայում հայտացուցակից:
– Նա 39 աստիճան տաքություն ուներ: Ինքը կգա մեզ հետ Իռլանդիա:
– Կենտրոնական պաշտպանների խաղի մասին ի՞նչ կասեք:
– Առաջին անգամ էին խաղում, եւ լավ չստացվեց:
– Վերջին խաղից առաջ կարելի՞ է ասել, որ Հայաստանը ֆավորիտներից մեկն է ուղեգրերի համար պայքարում:
– Մենք ճանապարհ ենք անցնում: Մենք խնդիր չէինք դրել դուրս գալ, մեր խնդիրը խաղի որակը բարձրացնելն էր: Խաղից առաջ ես խնդրեցի տղաներին, որ ուշադրություն չդարձնեն առկա մեծ աժիոտաժին, եւ մեր բռնած ուղով շարունակենք գնալ առաջ: