Երեկ կայացավ Լոս-Անջելեսի «WTA» թենիսի մրցաշարի եզրափակիչը։ Այն ֆրանսիական ստացվեց։ Չեմպիոնության համար պայքարում էին երկու ֆրանսուհիներ՝ Ամելի Մորեսմոն եւ Մարի Պիերսը։ Թենիսիստուհիներն արդեն հանդիպել էին այս մրցաշարի խմբային փուլում եւ հաղթել էր Պիերսը։ Վերջինս այս մրցաշարում արդեն անակնկալի հեղինակ էր դարձել՝ կիսաեզրափակիչում պարտության մատնելով ամերիկացի Լինդսի Դեւենպորտին։
Ֆեդերացիաների գավաթում Մորեսմոն եւ Պիերսը հանդես են գալիս որպես խաղընկերներ, սակայն միմյանց դեմ պայքարելիս այդ փաստն ամենեւին նշանակություն չուներ։ Խաղն անցավ համառ պայքարում։ Առաջին սեթում հաղթանակ տարավ Պիերսը՝ 7-5 հաշվով։
Երկրորդ սեթում Մորեսմոն թեեւ մի պահ զիջում էր, սակայն կարողացավ խաղը տեղափոխել թայ-բրեյք եւ այնտեղ հաջողության հասնել։ Վճռորոշ սեթն իր լարվածությամբ չէր զիջում նախորդներին։ Այստեղ ավելի ամուր գտնվեցին Մորեսմոյի նյարդերը։ Նա հաղթանակ տարավ 6-4 հաշվով եւ հռչակվեց Լոս-Անջելեսի մրցաշարի հաղթող։
Հաղթանակի արդյունքում աշխարհի դասակարգման ցուցակում Ամելի Մորեսմոն թենիսիստների դասակարգման աղյուսակում կբարձրանա երրորդ հորիզոնական։ Առաջին եւ երկրորդ հորիզոնականները զբաղեցնում են, համապատասխանաբար, Լինդսի Դեւենպորտն ու Կիմ Կլայստերսը։ Մրցաշրջանն ավելի քան հաջողված կարելի է համարել նաեւ Մարի Պիերսի համար։ Այս տարի նա հասավ մինչեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի բաց առաջնությունների եզրափակիչ եւ մրցաշրջանը կավարտի 5-րդ հորիզոնականում։