Երեք տարբերակ

06/10/2011

Որոշ տեղեկությունների համաձայն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերի շրջանակում քննարկվում են առաջիկայում նրա` ակտիվ քաղաքականություն վերադառնալու մի քանի տարբերակներ: Նախ Ռ.Քոչարյանը կարող է գլխավորել իրեն սատարող որեւէ կուսակցության համամասնական ցուցակ: Տվյալ դեպքում այդ կուսակցությունը կարող է լինել «Բարգավաճ Հայաստանը»: Երկրորդ տարբերակի դեպքում նա, հնարավոր է` գլխավորի որեւէ նախընտրական դաշինքի համամասնական ցուցակ: Այս դեպքում արդեն հավանական է համարվում ԲՀԿ, ՀՅԴ, Գուրգեն Արսենյանի գլխավորած ՄԱԿ-ի եւ այլ կուսակցությունների դաշինքը: Հիշեցնենք, որ Գ.Արսենյանը նույնպես ակնարկել է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին: Եվ երրորդ տարբերակն այն է, որ Ռ.Քոչարյանը անմիջականորեն չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին, այլ անուղղակիորեն կղեկավարի իրեն սատարող ուժերի մասնակցությունը: Քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` 2013թ. նախագահական ընտրությունների ելքը, այդ թվում` եւ դրան Ռ.Քոչարյանի մասնակցության հնարավորությունը, որոշվելու է առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքով: Եթե երկրորդ նախագահին սատարող ուժերը կարողանան հաջորդ խորհրդարանում զգալի տեղեր ապահովել, ապա Ռ.Քոչարյանը նախագահական ընտրություններում կառաջադրվի: