Գյադաների ժամանակը

06/10/2011

Հոկտեմբերի 3-ին Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի շրջանակներում տեղի ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի «բաց ասուլիսը», որի ընթացքում նա, վստահ ենք` «պատահական ընտրությամբ», պատասխանեց իրեն ուղղված հարցերի մի մասին: Մենք եւս մի քանի հարցեր էինք ուղղել (կարդացեք էջ 3), որոնց, սակայն, նա չպատասխանեց: Ժամանակի՞, թե՞ պատասխանների «սղության» պատճառով, դժվար է ասել: Այդուհանդերձ, հետաքրքիր կլիներ լսել այդ հարցերի պատասխաններն անձամբ Լ. Տեր-Պետրոսյանից: Մասնավորապես, չափազանց հետաքրքիր կլիներ Լ. Տեր-Պետրոսյանի պատասխանը մեր ուղարկած հետեւյալ հարցին. «2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո ՀԱԿ-ը հայտարարում էր, որ իշխանությունների հետ չի գնա երկխոսության, քանի դեռ ՀՀ-ում կլինի նույնիսկ 1 քաղբանտարկյալ: Այդպես էլ եղավ, եւ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը սկսվեց բոլոր քաղբանտարկյալների ազատումից հետո միայն: Նույն դիրքորոշումը ՀԱԿ-ը որդեգրեց նաեւ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալությունից հետո` նրա ազատ արձակմամբ պայմանավորելով երկխոսության շարունակությունը: Պարոն Տեր-Պետրոսյան, 2007թ. մեծ քաղաքականություն վերադառնալուց, ապա նաեւ` համաժողովրդական շարժումը եւ ՀԱԿ-ը ղեկավարելուց ի վեր Դուք եւ ՀԱԿ-ը երբեւէ հրապարակային դիրքորոշում չեք արտահայտել Վանո Սիրադեղյանի վերաբերյալ, նրա հանդեպ հարուցված քրգործի կարճումը չեք ներկայացրել որպես նախապայման: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Դուք եւ ՀԱԿ-ը Վ. Սիրադեղյանին չեք համարում քաղաքական հալածյալ եւ համաձայն եք նրա նկատմամբ իշխանությունների կողմից առաջադրված մեղադրանքներին: Ինչպե՞ս կբացատրեք, որ ՀԱԿ-ն այդքան հետեւողական է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տ. Առաքելյանին ազատ արձակելու հարցում, եւ ընդհանրապես որեւէ դիրքորոշում չի արտահայտում ձեր երբեմնի զինակցին ՀՀ-ից վտարելու խնդրի վերաբերյալ»: Նշենք, որ այս խնդրին մենք անդրադարձել ենք նաեւ 2009թ. ամռանը, երբ քաղբանտարկյալները դեռեւս անազատության մեջ էին, եւ ՀԱԿ-ն ամեն ինչ անում էր նրանց ազատ արձակելու համար` որեւէ անգամ, սակայն, Վ. Սիրադեղյանի անունը չհիշատակելով քաղբանտարկյալների ցուցակում: Այն դեպքում, երբ իրականում ՀՀ-ում, առնվազն

Լ. Տեր-Պետրոսյանի իշխանությունից հետո, առաջին քաղաքական հալածյալը հենց Վ. Սիրադեղյանն է: Ի դեպ, 2 տարի առաջ մեր հնչեցրած այս նույն հարցադրումը ակնհայտորեն դուր չէր եկել Լ. Տեր-Պետրոսյանին, ով հետագայում եւս խուսափեց որեւէ կերպ անդրադառնալ այդ թեմային: Ընդ որում, ՀԱԿ ներկայացուցիչները դա փորձում են արդարացնել այն «փաստարկով», թե հիմա դրա ժամանակը չէ, եւ Վ. Սիրադեղյանի նկատմամբ հարուցված քրգործը կկարճվի, ու նա Հայաստան կվերադառնա ՀԱԿ-ի` իշխանության գալուց հետո(՞): Իսկ գուցե ՀԱԿ-ի ճնշման տակ քաղբանտարկյալներին ազատ արձակած, Ազատության հրապարակը վերաբացած եւ այլ պահանջներ կատարած իշխանությունը պատրաստ կլիներ նաեւ Վ. Սիրադեղյանի՞ նկատմամբ դեռեւս նախորդ իշխանության օրոք սկսված քաղաքական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնել: Քանի դեռ Լ. Տեր-Պետրոսյանն անձամբ չի անդրադարձել այս հարցին, յուրաքանչյուրը կարող է ունենալ դրա պատասխանի սեփական տարբերակը` սկսած նրանից, որ դա «թույլատրված» չէ ՀԱԿ-ին ներկայիս քաղաքական գործընթացներում, վերջացրած նրանով, որ Լ.Տեր-Պետրոսյանը պարզապես նման ցանկություն չունի: Անձնական եւ քաղաքական նկատառումներով: