Երեկ տեղի ունեցավ Շանհայում անցկացվող թենիսի ամփոփիչ մրցաշարի առաջին փուլը։ Ռուսաստանը ներկայացնող միակ թենիսիստը՝ Նիկոլայ Դավիդենկոն, առաջին խաղում ուժերը չափեց ամերիկահայ Անդրե Աղասիի հետ։ Հակառակ սպասումներին, փորձառու Աղասին լուրջ դիմադրություն ցույց չտվեց եւ 1 ժամ 15 րոպե տեւած պայքարում պարտություն կրեց 6-4, 6-2 հաշվով։ Դավիդենկոյին հաղթանակը հեշտությամբ տրվեց հիմնականում այն պատճառով, որ Աղասին վնասվածք ուներ եւ խաղից հետո կայացած մամլո ասուլիսում հայտարարեց, որ դուրս է գալիս մրցաշարից։ «Ելույթներս այստեղ շարունակելը կապված է մեծ ռիսկի հետ եւ վտանգավոր է իմ առողջության ու ապագայի համար։ Ցավում եմ, որ ամեն ինչ այսպես անհաջող դասավորվեց»,- ասել է Աղասին։ Հետաքրքիր է, որ ավելի վաղ թեթեւ վնասվածքի պատճառով մասնակցությունից հրաժարվել էր նաեւ Ռաֆայել Նադալը, որը ներկա պահին աշխարհի երկրորդ ռակետն է։ Արդյունքում, «ոսկե» խմբում մնացին 3 թենիսիստներ՝ Դավիդենկոն եւ արգենտինացիներ Գաստոն Գաուդիոն ու Մարիանո Պուերտան։ Աղասիի նկատմամբ տարած հաղթանակը միավորների առումով Դավիդենկոյին էական օգուտ չի տա, քանի որ Գաուդիոյի եւ Պուերտայի օգտին կգրանցվի տեխնիկական հաղթանակ։ Ամեն դեպքում, ռուս թենիսիստին կիսաեզրափակիչ դուրս գալու համար հարկավոր է ընդամենը մեկ հաղթանակ։