Երկու օր առաջ «Forbes» պարբերականը հրապարակեց «Լավագույն երկրները՝ բիզնեսով զբաղվելու համար» վարկանիշը։
Արդեն վերնագրից երեւում է, թե այն ինչի մասին է։ Վարկանիշը, ըստ էության, քիչ է տարբերվում Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող «Doing business» զեկույցից։
«Forbes»-ի վարկանիշում Հայաստանը բիզնեսով զբաղվելու համար բարենպաստ պայմանների տեսանկյունից գրավում է 89-րդ տեղը եւ այդ ցուցանիշով զիջում տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներին։ Մասնավորապես, Վրաստանն այդ վարկանիշում զբաղեցնում է 50-րդ տեղը, Թուրքիան՝ 54, Ադրբեջանը՝ 78։ Մեզնից ետ է մնում միայն Իրանը, սակայն դա չի կարող մխիթարանք լինել։
Ի տարբերություն «Forbes»-ի նախորդ զեկույցի, երբ Հայաստանը համարվել էր աշխարհի երկրորդ վատագույն տնտեսությունը, այս մեկի շուրջ հիստերիա չբարձրացավ։ Երեւի նախ` այն պատճառով, որ այս անգամ վատագույնների մեջ երկրորդը չէինք։ Սակայն այլ պատճառներ էլ կան։ Նախ՝ այս անգամ վարկանիշը հրապարակվել է ոչ թե «Forbes»-ի բլոգում (ինչպես նախորդ անգամ էր), այլ հիմնական կայքում (www.forbes.com)։ Երկրորդ՝ հեղինակը Քըրթ Բադենհաուսենն է, ով ոչ թե պատահական մարդ է, այլ «Forbes»-ի ավագ խմբագիր։ Երրորդ՝ գնահատման համար հիմք են ծառայել մի շարք ցուցանիշներ (օրինակ՝ կոռուպցիա, հարկային բեռ եւ այլն), որոնք վերցվել են շատ հավաստի աղբյուրներից՝ Freedom House, Heritage Foundation, Property Rights Alliance, Transparency International, Համաշխարհային բանկ, Համաշխարհային տնտեսական ֆորում եւ անգամ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչություն։
Եվ վերջապես, հիստերիա բարձրացնելու եւ չհամաձայնելու տեղ չկա, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելը շատ առումներով ավելի դժվար է, քան Վրաստանում կամ Թուրքիայում։
Աղյուսակը, որը կազմել ենք «Forbes»-ի տվյալների հիման վրա, թույլ է տալիս հստակ տեսնել` ո՞ր ցուցանիշներով ենք զիջում հարեւան երկրներին։ Օրինակ` Վրաստանին զիջում ենք բոլոր առումներով, բացի ինովացիաների եւ տեխնոլոգիական պատրաստվածության ցուցանիշներից։ Հարկային բեռն այնտեղ անհամեմատ ցածր է, կոռուպցիայի մասին, կարծում ենք, արդեն այնքան է խոսվել, որ ոչ մի նոր բան չենք կարող անել։ Շատ վառ արտահայտված տարբերությամբ Վրաստանին զիջում ենք նաեւ ներդրողների պաշտպանվածության ցուցանիշով։ Մրցակցությանը չենք դիմանում նաեւ դրամավարկային ազատության, առեւտրի ազատականության կամ անձնական ազատությունների առումներով։ Իհարկե, Վրաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն դեռ ավելի ցածր է, քան Հայաստանում, սակայն կասկած չկա, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում նրանք առաջ կանցնեն նաեւ այդ ցուցանիշով։
Ադրբեջանին թեեւ գերազանցում ենք որոշ ցուցանիշներով, սակայն ընդհանուր առմամբ այնտեղ բիզնեսով զբաղվելը համարվում է ավելի դյուրին, քան Հայաստանում։ Նրանք մեզ զիջում են կոռուպցիայի եւ անձնական ազատությունների ցուցանիշով, սակայն, օրինակ, ներդրողներն ավելի պաշտպանված են, քան Հայաստանում։ Կամ՝ մինչ մենք խոսում ենք ինովացիոն տնտեսության մասին՝ հեգնանքով ակնարկելով, որ հարեւան երկիրը հույսը դրել է նավթ ծախելու վրա, նրանք ավելի արագ են շարժվում այդ ուղղությամբ։ Թուրքիայի եւ Իրանի ցուցանիշներին կարող եք ինքնուրույն ծանոթանալ։
Զեկույցի հեղինակը, բացի վարկանիշից, կարճ ակնարկ է գրել երկրներից յուրաքանչյուրի վերաբերյալ։ Օրինակ՝ Հայաստանի մասով նա նշել է, որ տարիներ շարունակ արձանագրված երկնիշ աճից հետո մեր երկիրը 2009-ին 14% անկում ունեցավ, ինչը հիմնականում պայմանավորված էր շինարարության ոլորտի անկմամբ եւ դրսից ստացվող տրանսֆերտների նվազմամբ։ «1991թ. Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանը որոշ բարեփոխումներ է իրականացրել, այդ թվում՝ սեփականաշնորհման, ֆիսկալ քաղաքականության ոլորտներում։ Սակայն աշխարհագրական մեկուսացումը, արտահանման նեղ բազան եւ բիզնեսի կարեւոր ճյուղերում խոր արմատավորված մոնոպոլիաները Հայաստանը դարձնում են հատկապես խոցելի՝ գլոբալ տնտեսության եւ Ռուսաստանի տնտեսության անկման ժամանակ»,- գրում է հեղինակը։ Նա նաեւ նշում է, որ չնայած վերջին տարիներին հարկային եւ մաքսային վարչարարությունը որոշ չափով բարեփոխվել է, սակայն հակակոռուպցիոն միջոցառումները արդյունավետ չեն եղել, եւ տնտեսական անկումը հանգեցրել է հարկային մուտքերի կրճատման՝ կառավարությանը ստիպելով մեծածավալ վարկեր վերցնել Ռուսաստանից, Արժույթի հիմնադրամից եւ այլ միջազգային կառույցներից։
Բադենհաուսենը Հայաստանին վերաբերող զեկույցն ավարտել է հետեւյալ նախադասությամբ. «Հայաստանին անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ՝ տնտեսական աճի տեմպերը վերականգնելու, տնտեսական մրցակցությունը բարելավելու եւ զբաղվածության հնարավորությունները մեծացնելու համար։ Առավել եւս, որ երկիրը գտնվում է տնտեսական շրջափակման մեջ իր երկու անմիջական հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից»։
Ինչպես տեսնում եք, բավականին անկողմնակալ եւ ճշմարտացի եզրակացություններ են։ Ավելին, հեղինակի խոսքերում անգամ որոշակի սրտացավություն է նկատվում. մարդը անկեղծ խորհուրդ է տալիս լուրջ բարեփոխումներ անել տարածաշրջանում` եթե ոչ կենտրոն դառնալու, ապա գոնե ետնապահի չվերածվելու համար։ Ցավոք, խեղճ հեղինակն, ըստ ամենայնի, չգիտի, որ Հայաստանում արդեն «թարս աչքով են նայում» թե՛ «Forbes»-ին, թե՛ նրա գնահատականներին ու խորհուրդներին։