Վերշբոուն բացառում է

06/10/2011

Ադրբեջանական 1news.az-ին տված հարցազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարարի` միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն ասել է, թե ԱՄՆ-ը գործադրում է բոլոր ջանքերը` վստահ լինելու համար, որ Ադրբեջանի հետ պաշտպանության ոլորտում փոխգործողությունը նպաստում է տարածաշրջանում կայունությանը եւ չի վտանգում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մշակման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը: «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ կառավարությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով տեւական կարգավորմանը»,- ասել է նա: Նրա խոսքով` այդ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա` «ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հաշվառմամբ»: «Ինչպես եւ նախկինում, ԱՄՆ-ը ձգտում է Ադրբեջանի եւ ՀՀ-ի ղեկավարներին հասցնել` ինչպես երկկողմ հիման վրա, այնպես էլ Մինսկի խմբի միջոցով, որ հակամարտության լուծում ռազմական ճանապարհով գոյություն չունի: Մենք շարունակում ենք հակամարտության կողմերին կոչ անել դրսեւորել զսպվածություն` նվազագույնի հասցնելու համար սխալվելու վտանգը: Համանախագահները շարունակում են օժանդակել ՀՀ-ին եւ Ադրբեջանին` գիտակցելու, որ վերադարձը բացահայտ հակամարտությանը աղետալի հետեւանքներ կունենա ինչպես այդ երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար: Մենք վերահաստատում ենք նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հայտարարությունը` արված մայիսի 26-ին Մեծ ութնյակի [Դովիլի] գագաթաժողովում առ այն, որ հակամարտության միայն բանակցությունների ճանապարհով կարգավորումը կհանգեցնի խաղաղության, կայունության եւ հաշտեցման»,- ասել է Վերշբոուն: