Սարգսյաններ. եղբայրը՝ եղբոր դեմ

06/10/2011 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Արամ Սարգսյանը ժպիտը դեմքին Օպերայի հարթակին հանգիստ լսում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր եղբորը` Վազգեն Սարգսյանին, ասում է` բանդիտ: Անցած շաբաթ Լեւոնը բառացի հայտարարեց. «ինչպես ձեւավորվեց ՀՀԿ-ն` գիտենք. դա 98 թվականին ստեղծված իրավիճակում օպորտունիստների կողմից ստեղծված բանդա էր, որը խնդիր դրեց տիրել իշխանությանը եւ տիրեց»: Արամ Սարգսյանը եթե շատ ջա՜նք էլ թափի` Լեւոնի ասած բանդայի տակ, բացի Վազգեն Սարգսյանից, ուրիշ անուն չի էլ կարող գտնել:

Հանրապետական կուսակցության պաշտոնական կայքում գրված է. «1998թ. հուլիսին ՀՀԿ-ն, Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) եւ ԱԺ «Երկրապահ» պատգամավորական խումբը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով սկիզբ դրվեց ՀՀԿ շրջանակներում քաղաքական համախմբման գործընթացին»: Հանրապետական կուսակցությունը 1990-ին ստեղծել էր Աշոտ Նավասարդյանը, իսկ 1998-ին հենց Վազգենը իր երկրապահներով մտավ Հանրապետական ու կուսակցությունը դարձրեց իր իշխանության հենարանը, հետո էլ որպես հանրապետական` 1999-ին դարձավ վարչապետ, Լեւոնի ասածով` «տիրեց իշխանությանը»:

Ու հիմա Վազգենի եղբայրը, ով քաղաքականություն է մտել որպես Վազգեն Սարգսյանի ժառանգորդ, նրա գործի շարունակող, վարչապետ է դարձել 99թ. հոկտեմբերի 27-ից հետո, Վազգենի մահից հետո, միայն նրա համար, որ Վազգենի եղբայրն է, հնազանդորեն ընդունում է, որ եղբայրը «բանդիտ» է: Բայց հո էնպես չի՞, որ Սարգսյանները թողնեն` ով ինչ ուզի` խոսի, մեկը մի քիչ էն ձեւ չխոսի` կգյուլլեն, ինչպես Վազգենի մյուս եղբայրը գնդակահարել տվեց Տիգրան Նաղդալյանին: Ի՞նչ կա, հավի պես մարդուն կխփեն, թագավորի պես չորս տարի կնստեն, դուրս կգան: Էնպես որ, զգույշ է պետք լինել: Բայց մեկը կա, ում ոչ միայն կարելի է, այլեւ նրա ասածը որպես ճշմարտություն են ընդունում, նրա հետեւից անմնացորդ գնում են Արամ Սարգսյանը` իր «Հանրապետություն» կուսակցությունով, «Հանրապետություն» կուսակցության Վազգեն Սարգսյանի զինակից անդամներով. Պապիկը, Հիմնադիրը ինչ ուզի կասի, կարող է Վազգենին բանդիտ ասել, եթե ասում է` ուրեմն մի բան գիտի: Բայց մենակ բանդիտ ասելո՞վ է Լեւոնի ու Վազգենի հակասությունը երեւում: «Բանդիտը» միայն որակում է, իրական հակասությունը շատ ավելի խորն է ու սկզբունքային: Վազգենը հենց գլխավոր ֆիգուրներից մեկն էր, եթե ոչ գլխավորը, ով Լեւոնին նախագահի աթոռից գցեց` պատճառը հայտնի է` Լեւոնը ուզում էր ղարաբաղյան հարցը փուլային լուծել, այսինքն` գրաված տարածքները հանձնել, իսկ ապագայում էլ` Ղարաբաղը, Վազգենը չթողեց:

Իսկ եղբայրը` Արամ Սարգսյանը, միացավ Լեւոնին, որ նրան կրկին դարձնի նախագահ: Լավ, 2007-2008-ին Արամը կարող էր ինքն իրեն խաբել ու ուրիշներին խաբել, ասել` հիմա Լեւոնը այլ կերպ է մտածում: Բայց չէ, վերջին չորս տարիներին Լեւոնը բազմիցս պնդել է իր 97-ի դիրքորոշումը, իսկ հենց էս տարի BBC-ին տված հարցազրույցում հստակ ասաց. «1997թ.-ին կար հնարավորություն լուծելու հիմնահարցը: Այսինքն, ինչ-որ տարածքներ փոխանցել Ադրբեջանին, հաշտություն հաստատել եւ այլն, ձեւավորել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, այնուհետեւ լուծել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը… Ղարաբաղցիները դա քիչ էին համարում, մաքսիմալիստական մոտեցում ունեին: Մտածում էին` կարելի է ավելի սեղմել եւ ավելին ստանալ: Ոչ միայն ղարաբաղցիները, այլեւ իմ թիմում կային մարդիկ, որ համոզված էին, թե այդպես է»: Ու իր թիմի մարդը հենց Վազգեն Սարգսյանն էր:

Ուրեմն, Արամը այժմ պայքարում է, որ իրականանա էն, ինչին եղբայրը դեմ էր, այսինքն, Արամը այժմ պայքարում է Վազգեն Սարգսյանի դեմ: Ի՞նչ կտա դա իրեն, երրորդ տե՞ղը ՀԱԿ-ի պատգամավորական ցուցակում, իսկ երկխոսությունը եթե բարենպաստ շարունակվի, ո՞վ գիտի, գուցե ավելի բա՞րձր հորիզոնական:

Իսկ Լեւոնը հաջողությամբ իր վրեժը լուծեց Վազգեն Սարգսյանից, նրա եղբորը դարձնելով իր հետեւորդը` ինձ տապալեցի՞ր, դե տես, բանդիտ` եղբայրդ դարձել է իմ հենարանը:

zham.am