«The National Interest» պարբերականում Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալն անդրադարձել է ՌԴ-ում սպասվող զարգացումներին:
Իր` «Վլադիմիր Պուտինը եւ Հարավային Կովկասը» վերտառությամբ հոդվածում, դը Վաալը գրում է, թե Ռուսաստանի հարեւաններն այժմ փորձում են գուշակել, թե իրենց համար ինչ կարող է նշանակել Կրեմլ վերադառնալու Պուտինի մտադրությունը: Այդպիսի տարածաշրջաններից մեկը Հարավային Կովկասն է: Դը Վաալը համոզված է, որ Պուտինի վերադարձը հարավկովկասյան լիդերներին վստահաբար կստիպի վերանայել հաշվարկները: Նրա դիտարկմամբ` Հայաստանում այդ լուրն անպայման կուրախացնի Ռոբերտ Քոչարյանին` եւս մեկ նախկին նախագահի, ով ստվերում էր: Կան ակնհայտ զուգահեռներ` երկուսն էլ երկու անգամ անընդմեջ պաշտոնավարելուց հետո 2008թ. են հեռացել նախագահական նստավայրից եւ աթոռը հանձնել են վստահելի գործիչներին: «Ինչպես Պուտինը, Քոչարյանն էլ ունի կոշտ եւ անզիջում անձնավորության համբավ: Ուստի, նա կարող է իր երբեմնի դաշնակցի վերադարձը դիտել որպես իր հանրային կարիերան վերսկսելու պատեհություն»,- գրում է փորձագետը: Սակայն այս խնդրում, նրա համոզմամբ` կան նաեւ հստակ տարբերություններ: Մասնավորապես, ի տարբերություն Դմիտրի Մեդվեդեւի` Սերժ Սարգսյանը, որի պաշտոնավարման ժամկետը ավարտվում է 2013թ., Ռ. Քոչարյանի հետ հավասար դիրքի է: «Երկուսն էլ մոտ երեք տասնամյակ համագործակցել են, իրենց քաղաքական կարիերաները անցած դարի 80-ականների սկզբին են սկսել, ընդ որում` Ստեփանակերտի կոմերիտական կազմակերպությունում Սարգսյանը Քոչարյանից ավելի բարձր պաշտոն է զբաղեցրել»,- գրում է դե Վաալը: Միաժամանակ, ըստ նրա` հիմնական տարբերությունն այն է, որ եթե Ռուսաստանում կայանան արդար ընտրություններ, այլ ոչ թե ձեւական թագադրություն, ապա մեծ ժողովրդականություն վայելող Պուտինը, ամենայն հավանականությամբ, իսկապես կհաղթի, մինչդեռ ժողովրդի կողմից ծայրաստիճան չսիրված Քոչարյանը վերադարձի փորձ անելու դեպքում կհանդիպի հանրության հզոր հակազդեցությանը: Ըստ դը Վաալի` Սերժ Սարգսյանը դա գիտակցում է, եւ Քոչարյանի վերադարձի փորձը նրան նույնիսկ կարող է ընդդիմության լիդերների լռելյայն աջակցությունն ապահովել, քանի որ նրանք կցանկանան նստավայրում Քոչարյանի փոխարեն տեսնել Ս. Սարգսյանին: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ հիմնահարցին, ապա, դե Վաալի համոզմամբ, կարելի է ակնկալել, որ Պուտինը Մեդվեդեւից ավելի քիչ կմիջամտի: Որոշ տվյալներով` 2004թ. Աստանայում Պուտինը խիստ զայրացել է, նա փորձել է միջնորդել Ղարաբաղի հարցով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նախ ուշացել են հանդիպմանը, ապա Պուտինի ներկայությամբ ներքաշվել են տհաճ վիճաբանության մեջ: Պուտինը, ըստ դե Վաալի, այլեւս չի ցանկանում հայտնվել նման կացության մեջ, ի տարբերություն Մեդվեդեւի, ով Սարգսյանի եւ Ալիեւի 9 հանդիպում է կազմակերպել: 2007թ. սեպտեմբերին տեղի ունեցած ասուլիսում պատասխանելով Ղարաբաղի մասին ադրբեջանցի լրագրողի հարցին` Պուտինն ասել է, որ Ռուսաստանը որեւէ որոշում չի պարտադրի։ «Դուք` հայերդ եւ ադրբեջանցիներդ, չպետք է այս հարցը մեզ վրա բարդեք, էդ դուք պետք է լուծում գտնեք»,- հայտարարել էր նախագահ Պուտինը: Թոմաս դե Վաալը հիշեցրել է նաեւ մեկ այլ դրվագ այդ ասուլիսից, որտեղ Պուտինը ներկաներին հիշեցրել է, թե ինչ լավն էր «Աղդամ» անունով էժան պորտվեյնը` առաջարկելով հայերին ու ադրբեջանցիներին վերականգնել Աղդամ քաղաքը եւ վերսկսել այդ անվամբ գինու արտադրությունը: Թոմաս դե Վաալի փոխանցմամբ, Պուտինը դրանով, կարծես, միտումնավոր ցանկանում էր ցույց տալ, որ այդ խնդիրն իր համար մեծ նշանակություն չունի եւ ընդամենն առնչվում է իր ուսանողական տարիների էժան խմիչքի հետ:
Միխայիլ Սահակաշվիլիի հարցում ավելի պարզ պատկեր է. ըստ դը Վաալի` Սահակաշվիլին եւ Պուտինն իրար ատում են: Նրա փոխանցմամբ` Պուտինը Նիկոլա Սարկոզիին ժամանակին բավական կոպիտ ասել է, թե կցանկանար «Սահակաշվիլիին ամորձիներից կախել», ինչին Սահակաշվիլին արձագանքել էր, թե «Կրեմլում կա մի Լիլիպուտին մարդ»: «Երկու երկրների միջեւ 2008թ. տեղի է ունեցել պատերազմ: Վստահաբար կարելի է ենթադրել, որ Կրեմլ Պուտինի վերադարձի դեպքում ռուս-վրացական վատ հարաբերությունները կդառնան վատթարագույն: Մինչդեռ, Վրաստանն առայսօր խոչընդոտում է Ռուսաստանի անդամակցությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը»,- գրում է փորձագետը: Իսկ վերջում նա իր հոդվածում գրում է. «Այս ամենը, իհարկե, առանձնապես խոստումնալից չէ: Սակայն Պուտինի վերադարձի մասին բոլոր կանխագուշակումներն էլ վերջնական համարել չի կարելի: Ի վերջո, Պուտինը իրատես է, ով գործ կունենա ավելի թույլ Ռուսաստանի հետ, քանի որ ներկայիս հանգամանքները տարբերվում են 2008թ. քաղաքական եւ տնտեսական իրավիճակից: Ուստի, հնարավոր է, որ Պուտինը փորձի օգտագործել իր ազդեցությունը եւ Ռուսաստանի անունից առաջարկել ռազմավարական մեծ հաշտություն հարավային փոքր հարեւաններին: Սա հնարավոր է, բայց քիչ հավանական»: