Երեկ Ազատության հրապարակ են այցելել «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս հանդիպել եւ շուրջ 15 րոպե զրուցել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Մինչ այդ նա զրուցել էր ցուցարարների հետ: Ր. Հովհաննիսյանի խոսքով` ինքը գնացել է Ազատության հրապարակ` զրուցելու եւ զորակցելու իր համաքաղաքացիներին: Նստացույցի մասնակիցները Ր. Հովհաննիսյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ նախորդ ամիսներին «Ժառանգությունը» չմիացավ ՀԱԿ-ին: Ի պատասխան` նա ասաց. «Պիտի ժամանակակից, նոր բանաձեւ գտնվի, որը ավելի ընդգրկուն դարձնի նպատակի իրացումը եւ ընդհանրապես` պայքարը: Յուրաքանչյուրը առանձին-առանձին կարող է իր համակիրների հետ խոսի, բայց կարեւոր է, որ նաեւ այդ ժողովուրդը, որ իրենից դուրս են, բացակա ժողովուրդը, միանան եւ ուժ դառնան: Եվ դա բոլորիս պարտականությունն է»: Զրույցին ներկա ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց, թե` «Մենք մեր գործը անում ենք։ Օրինակ, ես անձամբ կոչ եմ արել բոլոր առողջ քաղաքական ուժերին, բոլոր առողջ հասարակական ուժերին` համախմբվել այս պայքարում»: Իսկ Ր. Հովհաննիսյանն էլ հակադարձեց` ասելով. «Որոշ բաներ առանց կոչի էլ կարող են լինել եւ կլինեն»:
Իսկ ինչ վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանի հետ ունեցած առանձնազրույցին, ապա Ր. Հովհաննիսյանն ասաց, թե շոշափվել են քաղաքական հարցեր: Ի դեպ, Ր. Հովհաննիսյանի խոսքով` իր այդ քայլն ամենեւին էլ չի նշանակում, որ իր գլխավորած կուսակցությունը միանում է ՀԱԿ-ի նստացույցին: Ավելի ուշ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը tert.am-ին ասել է, թե Ր. Հովհաննիսյանի այցն Ազատության հրապարակ մարդկային, քաղաքավարական, բարեսիրական այց էր: Ր. Հովհաննիսյանն, ըստ նրա` քաղաքավարական ժեստ է արել այն անձանց հանդեպ, ովքեր իրեն այցելել են, երբ ինքն էր Ազատության հրապարակում նստացույց ու ազատության ծոմ հայտարարել: «Րաֆֆի Հովհաննիսյանի այցի մեջ քաղաքական որեւէ ուղերձ չկա»,- ասել է Ս. Սաֆարյանը:
Իսկ Ժ. Սէֆիլյանը Ազատության հրապարակում հավաքված ցուցարարներին ասել է, թե այսօր համախմբում իրականացնելու համար պետք է լինի փոխանցում հին սերնդից նոր սերունդ: «Այսինքն` հին սերունդը պետք է բացառապես աջակցի: Այսօրվա բեմահարթակով հնարավոր չէ մոբիլիզացնել հայությանը: Սակայն լուծումներ կան` բեմահարթակի մաքրում-ազնվացում, այլեւս քիչ է միայն սահմանադրական կարգի հաստատման պահանջը, որովհետեւ 3-4 տարի առաջ մենք համաձայնում էինք միայն այդ գաղափարով համախմբվել, սակայն ժամանակները անցնում են, մենք ժամանակ չունենք, ժամանակն ի վնաս մեզ է գործում, եւ այսօր որեւէ փոփոխություն եթե պետք է կատարվի` պետք է ի սկզբանե «հանունի» մեջ որակական փոփոխությունը տրված լինի»: Նիկոլ Փաշինյանը` հակադարձելով Ժ. Սէֆիլյանին, ասաց, թե չկա այնպիսի բան, որ «մենք չենք կարող անել»: «Այսօր հանրապետությունում կա ավազակապետություն, եւ կա ոչ ավազակապետություն, խնդիրը հետեւյալն է` անկախ նրանից, թե մենք ինչպիսին ենք պատկերացնում պետականության հիմքերը, իմ խնդիրը հետեւյալն է` մեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի, ինքը ավազակապետության գծից այն կողմ է, թե ոչ, ավազակապետության գծի կողմն է: Այսօրվա իրավիճակում չեզոքություն հնարավոր չի, որովհետեւ ցանկացած չեզոքություն անուղղակի քվեարկություն է` հօգուտ ավազակապետության: Եթե որեւէ մեկը դժգոհ է ավազակապետությունից, բայց չի գալիս ավազակապետությանը ասում` հեռացիր, ինքը անուղղակի քվեարկում է այդ ավազակապետության օգտին»,- նշեց Ն.Փաշինյանը: Նաեւ հավելեց. «Եթե Ժիրայր Սէֆիլյանը իմ թշնամու` ավազակապետության թշնամին է, ուրեմն Ժիրայր Սէֆիլյանը իմ բարեկամն է, եթե ես Ժ. Սէֆիլյանի թշնամու` ավազակապետության թշնամին եմ, ուրեմն ես Ժ.Սէֆիլյանի բարեկամն եմ: Եթե մենք այս տրամաբանությամբ չպետք է առաջնորդվենք, ես խնդիր եմ տեսնում: Խոսում եք հարթակի մասին, ես այսօր այդ հարթակի վրա եմ, ինչո՞ւ, որովհետեւ այդ հարթակում ինձ բոլորը դո՞ւր են գալիս, որովհետեւ այդ հարթակում բոլորն իմ արյունակից եղբա՞յրս են… Ոչ, որովհետեւ ոչ թե եկել եմ այս մարդկանց կողքն եմ կանգնել, այլ ես եկել եմ խրամատում եմ կանգնել, ես խրամատի մեջ եմ, եւ կարեւորը այն է, որ խրամատից կրակում են նույն ուղղությամբ: Ես խրամատում եմ, ոչ թե մեկի հետ եմ, ինչ-որ մեկի հետեւորդն եմ, ինչ-որ մեկի աղանդի հետեւորդն եմ, ինչ-որ մեկի ստրուկն եմ, ինչ-որ մեկի հիպնոսի տակ եմ: Այսինքն` ես տեղում եմ, դա առաջին շարքն է: Հիմա` կարողանո՞ւմ ենք մենք հավաքվել հրապարակում եւ այս իշխանությանը ասենք` քեզ հեռացնում ենք: Ես ունեմ իմ թեկնածուն, ում օգտին քվեարկելու եմ արտահերթ ընտրությունների ժամանակ: Դա չի նշանակում, որ այստեղ կանգնած բոլոր մարդիկ պետք է քվեարկեն իմ թեկնածուի օգտին: Ամբողջ համակարգը, եթե, ենթադրենք, մի քար ունենք, այդ քարը փշրելու համար դա նույնն է, որ ասենք, որ մի հարվածով դա պետք է ավազ դարձնենք, չի լինում նման բան: Ժիրայր, այդ հարթակը անձինք չեն, այդ հարթակը պայքարի խրամատ է, առաջին գիծ է, այդ հարթակը փակ չի… Էդ ո՞վ է եկել ուզեցել կանգնի այդ հարթակում, մենք փայտն առել ընկել ենք հետեւից…»: Ի պատասխան` Ժ. Սէֆիլյանն ասաց, թե համաձայն չէ Ն. Փաշինյանի այն դիտարկմանը, որ հարթակը բոլորինն է, եւ որեւէ մեկը չի կարող ասել, թե իրեն արգելվել է հարթակից ելույթ ունենալ. «Հավանաբար Լեւոն Զուրաբյանը լավ կհիշի, թե ինչպես են ինձ արգելել ելույթ ունենալ նույն հարթակից: Այդ իսկ պատճառով ես Զուրաբյանին չեմ հավատում: Քեզ հավատում եմ, բայց Զուրաբյանին` ոչ»,- ասաց Ժ. Սէֆիլյանը: Ն. Փաշինյանը Ժ. Սէֆիլյանին կոչ արեց միանալ նստացույց անողներին` վրան տեղադրելով Ազատության հրապարակում: «Ժիրայր, ես քնում եմ Ազատության հրապարակում, արի դու էլ քնի, իրար կողքի վրան դնենք, ես ելույթ չեմ ունենա, դու ելույթ կունենաս: Բայց խնդիրը մեկն է` այս խնդրի շուրջ մենք համախմբվո՞ւմ ենք, թե՞ ոչ: Արտահերթ ընտրություններ լինեն` ուզում եք` մասնակցեք, չեք ուզում` մի մասնակցեք, որ թեկնածուին ուզում եք ընտրեք: Բայց ես չեմ հասկանում, որ երբ կա երկու ճամբարի կռիվ, երբ որ մի ինչ-որ տեղից մեր խրամատին ընկնում են ականներ, ես դա չեմ հասկանում: Երբ որ Սերժի խրամատից են ընկնում, ես դա հասկանում եմ, բայց երբ որ ձեր կողմից են ընկնում ականներ մեր խրամատին` ես դա չեմ հասկանում»,- ասաց Ն.Փաշինյանը: Սակայն Ժ. Սէֆիլյանը չմնաց Ազատության հրապարակում, նա գնաց` խոստանալով այսօր մասնակցել հանրահավաքին:
Իսկ Աշոտ Մանուչարյանի կարծիքով` կա երկու հիմնական խնդիր: «Համաժողովրդական շարժումը սկիզբ առավ 2007-ին, երբ հանրապետությունը սարսափելի վիճակում էր, խնդիրը մեկն էր` պետք էր այդ վիճակից դուրս գալ: Մի կողմից` այս ընթացքում շատ բան հասկացանք, մյուս կողմից` դեռ կյանքը չենք փոխել: Հիմա երկու բան կա` ի՞նչ կյանք ենք ուզում ստանալ: Մարդիկ լրիվ ապակողմնորոշված են: Եվ այդ իմաստով սա ֆունդամենտալ խոսակցություն է, որը, ցավոք, այսօր չենք վարում: Թե ինչո՞ւ է այդպես, սա է ֆունդամենտալ հարցը»,- ասաց նա: Իսկ երկրորդ հարցն, ըստ Մանուչարյանի, այս է` «հասկացանք` ինչ ենք ուզում: Ինչպե՞ս դրան հասնել»: «Անգամ եթե վաղն այս իշխանությունը հեռանա, եւ գա նոր իշխանություն, մենք այդ իշխանության պտուղները տեսնելուց հետո պիտի ասենք` հաղթեցի՞նք, թե՞ պարտվեցինք»: Նրա խոսքով` Ազատության հրապարակից իսկապես կարելի է կառավարել ողջ հանրապետությունը, եթե այդ ամենը ճիշտ կազմակերպվի: «Բայց եթե երկիրը կառավարեն անհատ մարդիկ, ուրեմն մենք ամեն ինչ կկորցնենք»,- ասաց Ա. Մանուչարյանը` հավելելով, թե անհրաժեշտ է կազմակերպել կառավարման նոր համակարգ, որտեղ կառավարողը կլինի ժողովուրդը: