«Միտինգն ավարտեք, եկեք երկխոսենք»

06/10/2011

«Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը պետք է որոշի` կամ միտինգ է անում, կամ իշխանության հետ երկխոսում է: Չի կարելի մի կողմից երկխոսել, մյուս կողմից պերմանենտ միտինգներ անցկացնել»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` շեշտելով, որ «պրեսինգով երկխոսության չեն գնում»: «Նախ` իշխանությունը պայման չի դրել. իշխանությունն ասում է` սիրելի ընդդիմություն, հարգելիներս, դուք շուրջօրյա միտինգ եք անում, ասում եք` երկխոսություն: Մենք պատրաստ ենք երկխոսելու, միտինգն ավարտեք, եկեք երկխոսենք: Միաժամանակ երկու գործողություն չեն անում, միաժամանակ երկու ձմերուկ թեւերի տակ մի բռնի, թե չէ երկուսն էլ ձեռքիցդ կընկնի: Որոշի` միտի՞նգ ես անում, թե՞ երկխոսում ես»,- ասել է Շարմազանովը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի երեկվա հայտարարությանը, որ ընդդիմությունն «այլեւս անիմաստ է համարում իշխանությունների հետ որեւէ երկխոսություն», նա ասել է, որ եթե Կոնգրեսը չի ցանկանում շարունակել երկխոսությունը, իրենք ոչնչով օգնել չեն կարող: Շարմազանովի խոսքով` Լ. Տեր-Պետրոսյանն իր խոսքում հակասական բաներ է ասում. նախ` նշում է, որ երկխոսությունը սկսեցին` իմանալով, որ դա արդյունք չի տա, հետո` մի քանի օր հետո, նորից իշխանությանն առաջարկում է երկխոսությունը վերսկսել: «Այն եզրակացությանն եմ եկել, որ ՀԱԿ-ն ընդամենը երկխոսությունը դիտարկել է որպես որոշակի քաղաքական հնարք` իր իմիջը հասարակության մեջ պահելու համար»,- ասել է Շարմազանովը: Արձագանքելով Լ. Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով են փակվել Երեւան բերող ճանապարհները, ինչպես նաեւ Ազատության հրապարակում գործող սրճարանները, Շարմազանովն առաջին նախագահին հորդորել է իր «արշինով մյուսներին չչափել». «Գուցե իր ղեկավարության տարիներին իր հրամաններով են ոստիկանները նման բաներ արել կամ փակել ճանապարհները, թող իր արշինով չչափի»: