Մի քանի օր առաջ հրապարակվեց «ՀՀ 2012 թ. բյուջեի մասին օրենքի» նախագիծը: Հրապարակվեց հասարակական բացարձակ անտարբերության պարագայում: Լրատվամիջոցները հիմնականում սահմանափակվեցին մակրոտնտեսական ցուցանիշների հրապարակումով: Մինչդեռ խոսքը գնում է եկող տարվա տնտեսական հիմնական փաստաթղթի մասին: Նույնիսկ 90-ականներին երկրի համեստ՝ մի երեք-հինգ հարյուր միլիոնանոց բյուջեների քննարկումներն ավելի աշխույժ էին ընթանում: Խորհրդարանի հանձնաժողովներում պատգամավորական բուռն քննարկումներ էին: Խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերն անպայման իրենց կարծիքն էին հրապարակում: Մամուլում հայտնվում էին հայտնի տնտեսագետների վերլուծություններ ու հարցազրույցներ: Նույնիսկ Գիտությունների ազգային ակադեմիայում էին բանավեճեր կազմակերպվում: Յուրաքանչյուր տարի կառավարությունը փորձում էր առաջ ընկնել հասարակությունից ու բյուջեի իր նախագծին ինչ-որ անուն էր տալիս: Անկեղծ ասած` դրանք այնքան էլ ինքնատիպ չէին՝ «Զարգացման բյուջե», «Կայուն զարգացման բյուջե», «Սոցիալական ուղղվածություն ունեցող զարգացման բյուջե» ու նման այլ անուններ: Իսկ հիմա բյուջեի նախագծի նկատմամբ կատարյալ անտարբեր վերաբերմունք արձանագրվեց: Փորձագետների կարծիքով` այս պատկերը ձեւավորվել է տարբեր պատճառների հանրագումարով: Նախ` այն, որ խորհրդարանական պատգամավորների նկատելի մասի համար այս փաստաթուղթը չինական այբուբենի չափ անհասկանալի ու անհասանելի մի բան է: Իսկ մյուս մասին, ում համար այն հասկանալի է, բոլորովին հետաքրքիր չէ: Որովհետեւ ոչ ոք՝ ոչ այդ պատգամավորները, ոչ հասարակության այն հատվածը, ում պիտի որ հետաքրքրեր պետբյուջեի նախագիծը, դրա հետ հույսեր չեն կապում: Ճիշտ այնպես, ինչպես որեւէ հույս չեն կապում հարազատ կառավարության հետ: Ուր մնաց՝ նրա հեղինակած փաստաթղթի հետ: Նախընտրական գործընթացները սպասվածից շուտ սկսվեցին: Քաղաքական կուսակցություններին հիմա բյուջեն, մեղմ ասած, պակաս հետաքրքիր է: Նույն գիտնականները հիմա բոլորովին այլ խնդիրներ ունեն, քան հարազատ կառավարությանը լուսավորելը: Լուսավորելն ու պահանջելը, որ գիտությունը ֆինանսավորվի ՀՆԱ-ի 2-3 տոկոսի չափով: Հիմա հավանաբար հույսները կորցրել են: Որովհետեւ մեր կառավարությունը հետեւողականորեն գիտությանն ու գիտական հիմնարկներին հասարակական կազմակերպության ստատուս է շնորհում: ԳԱԱ նախագահությունից մինչեւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը` շարքային հասարակական կազմակերպություն են: Հետեւաբար` բյուջեից որեւէ բան ստանալու ակնկալիքը կամաց-կամաց մարում է: Մարում է հասարակական բոլոր շերտերի մոտ: Ստեղծագործական տարբեր միությունների անդամ պետականամետ մտավորականներն անգամ հասկացել են, որ պետությունից կարելի է միայն մեդալ եւ վաստակավոր գործչի կոչում ակնկալել: Պետական տարբեր տոների առթիվ: Ֆինանսական աջակցության ու պետպատվերի հույսերը զուր են: 90-ականների սկզբին մեր հասարակության մի հատվածը իներցիայով ռուսաստանյան հեռուստաալիքների լրատվությանն էր հետեւում: Հասարակական հետաքրքրության իներցիան ի վերջո մարեց: Որովհետեւ «Վրեմյաների» ու «Վեստիների» թողարկումներից նյութական սպասելիք չկար: Դրանք մեր աշխատավարձերի ու թոշակների մասին որեւէ տեղեկատվություն չէին հրապարակում: Այդ տեղեկատվության առաջին աղբյուրը, կարծես, մեր պետբյուջեի նախագիծը պիտի լիներ: Եվ զուտ այդ պատճառով` այն պիտի որ հասարակական ուշադրության կենտրոնում լիներ: Եթե, իհարկե, այդ աշխատավարձերն ու թոշակներն էական նշանակություն ունենային հասարակության կենցաղում: Բայց վերջին տարիներին մեր բնակչության եկամուտների հիմնական աղբյուրը որեւէ աղերս չունի երկրի հաշվառելի տնտեսական կյանքի, հետեւաբար` բյուջեի հետ: Արտասահմանից ստացվող տրանսֆերներն ու ստվերային տնտեսությունից ունեցած եկամուտներն իրենց ծավալով գերազանցում են բնակչության «բյուջետային» եկամուտներին: Տարիների փորձը ցույց է տվել, որ մեր երկրում պետական բյուջեի նախագիծը դժբախտության նման միայնակ չի գալիս խորհրդարան: Կառավարությունը, որպես կանոն, նախագծի հետ նաեւ օրենսդրական փոփոխությունների փաթեթ է ներկայացնում: Իր իսկ առաջարկած բյուջեն կատարելու պատասխանատվություն կառավարությունը ստանձնում է ամեն անգամ հարկային փոփոխությունների ընդունման դեպքում: Այն, որ մեր մանր ու միջին գործարարների դասն էլ անտարբեր է բյուջետային քննարկումների նկատմամբ, տխուր փաստ է արձանագրում: Մեր մանր ու միջին գործարարները վստահ են, որ այդ փոփոխությունները, միեւնույն է, խորհրդարանն ընդունելու է: Ընդունվելու է առանց լուրջ քննարկումների ու փոփոխության: Հետեւաբար` անիմաստ է որեւէ կերպ փորձել ազդել կառավարության որոշումների վրա: Այս բյուջեի կատարման բեռն էլ կամաց-կամաց փոխանցվելու է մանր ու միջին բիզնեսի ուսերին: Ամեն տարվա նման: Հայտնի բան է. խոշոր գործարարներին բոլորովին այլ խաղի կանոններ են առաջարկվում: Բայց դրանք էլ կապ չունեն երկրի հիմնական տնտեսական փաստաթղթի հետ: Հետեւաբար` բյուջեի նախագիծը անգամ խոշոր գործարարներին չի հետաքրքրում: Փաստորեն, հասարակության միակ շերտը, ում համար այն հետաքրքիր է` մնում է միայն գործադիր իշխանությունը: Այսինքն` պետական չինովնիկների այն հատվածը, ովքեր, ուղղակի կամ անուղղակի ասած, տնօրինում են բյուջետային միջոցները: Պետական կյանքի կազմակերպման համար ծառայություններ կամ ապրանքներ գնելու, նպաստ-թոշակ բաժանելու եւ այլ նպատակներով: Այ նրանց համար իրենց ոլորտին հասանելիք բյուջետային միջոցների չափն էական նշանակություն ունի: Այս տարի հասարակությունն ահագին հետաքրքիր տվյալներ ստացավ բյուջետային միջոցների տնօրինման մասին: Վերահսկիչ պալատով, Դատախազությունով-բանով կենսաթոշակների յուրացման մասին խոսեցին: Ոստիկանությունը հրապարակեց, որ իր օղակներից մեկում պետական միջոցների յուրացումը 57 տոկոսի ծավալ ունի: Բայց այս շահագրգիռ քննարկումը, ցավոք, բացահայտ չէ: Գործադիր իշխանության ներսում կատարված քննարկումների ու յուրաքանչյուր օղակի չափաբաժինը ճշգրտելուց հետո է միայն կառավարությունը բյուջեի նախագիծը ներկայացնում խորհրդարան: Ներկայացնում է` դրան օրենքի ուժ տալու համար: