Մեր թերթի նախորդ համարներից մեկում «Փողով խլում են ամեն ինչ` նույնիսկ երեխային տեսնելու իրավունքը» վերնագրով հրապարակմամբ ներկայացրել էինք Դավիթ Ծաղիկյանի եւ նրա նախկին կնոջ` Գայանե Եսոյանի դատական վեճը:
Հիշեցնենք, որ Դ. Ծաղիկյանը նախկին կնոջից պահանջում է իր 5-ամյա երեխային շաբաթվա մեջ երկու անգամ տեսակցելու իր իրավունքը: Մինչդեռ Գ. Եսոյանը լինելով Ոստիկանության համակարգի նախկին աշխատակից Լեւ Եսոյանի դուստրը` փաստաթղթեր եւ վճիռներ «գնելով»` Դ. Ծաղիկյանին զրկում է հայրական իրավունքից: Մենք արդեն ուսումնասիրել ենք դատական այս վեճի արձանագրությունները եւ հայտնաբերել ենք կեղծ, անարժանահավատ փաստաթղթեր, որոնց արդեն անդրադարձել ենք: Բանից պարզվում է` մեր երկրում, սկսած նախագահականից, մինչեւ իրավապահ մարմիններ` թքած ունեն կեղծ փաստաթղթերով կայացրած վճիռների վրա, որոնց անարգել շրջանառության արդյունքում մարդկային ճակատագրեր են խեղվում: Ինչեւէ, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հօգուտ Գ. Եսոյանի վճիռ է կայացրել` հիմնվելով մի փաստաթղթի վրա, որը կեղծ է համարել անգամ ՀՀ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը: Վերաքննիչ դատարանն էլ` աչք փակելով այդ կեղծիքի վրա, վճիռը թողել է անփոփոխ: Դ. Ծաղիկյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն` ահազանգելով, որ Գ. Եսոյանը թվով հինգ անձի անունից գրություն է ներկայացրել դատարան, համաձայն որի` այդ ստորագրությամբ անձինք չեն ճանաչել Դ. Ծաղիկյանին, քանի որ նա երբեք չի բնակվել Դ. Մալյան 4/1շենքի թիվ 6 բնակարանում, այսինքն` այն տանը, որտեղ նախկին ամուսինները համատեղ կյանք են վարել, եւ ծնվել է նրանց որդին: Անձնագրային եւ վիզաների վարչությունը ուսումնասիրելով այդ անձանց տվյալները` պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ անձնագրային տվյալները կեղծ են, իսկ նշվածներից ոմանք էլ ընդհանրապես հաշվառված չեն տարածքում: Այս կեղծ գրության տակ ստորագրել եւ կնքել է նշյալ հասցեի համատիրության նախագահ Մ. Թադեւոսյանը: ՀՀ Գլխավոր դատախազությունը Դ. Ծաղիկյանի դիմումը վերահասցեագրել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազություն, որտեղից էլ` Ոստիկանության Նոր Նորքի բաժին: Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում Ոստիկանության Նոր Նորքի բաժինը նյութեր է նախապատրաստել, այնուհետեւ` երկու օր առաջ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում է կայացրել: Այն, ինչ զետեղված է գործի նյութերում, առնվազն զավեշտ է, քանի որ, չգիտես ինչու, Ոստիկանությունը երկու էջանոց տեքստում ընդամենը «արտագրել» է դատական պրոցեսը եւ անդրադարձել է վճիռներին: Այլ կերպ ասած` Ոստիկանությունը ստանձնել է դատական նիստերի քարտուղարի ֆունկցիան, որի պարտականությունը նիստերի սղագրությամբ զբաղվելն է: Ի դեպ, նշենք, որ Ոստիկանություն ներկայացված այդ գրության տակ «ստորագրած» մարդկանցից մեկը 15 տարի բացակայում է հանրապետությունից: Մինչդեռ նրա անունից, անձնագրի տվյալներով եւ ստորագրությամբ, Գ. Եսոյանը տեղեկանք է ներկայացրել դատարան: Ավելին, ստորագրողներից ոմանք Դ. Ծաղիկյանին վստահեցրել են, որ տեղյակ չեն իրենց անունից գրված տեղեկանքի մասին: Հետաքրքիրն այն է, որ Ոստիկանության համար նույնիսկ հիմք չէ Անձնագրային եւ վիզաների վարչության պատասխան գրությունը, որով ուղղակիորեն հաստատվում է փաստաթղթի կեղծ լինելու հանգամանքը: Նշենք նաեւ, որ քրգործը մերժելու նյութերում համատիրության նախագահին հարցաքննելու վերաբերյալ որեւէ հիշատակում չկա: «Նոր Նորքի ոստիկանության պետ Մուշեղ Օհանյանը հանցագործություն թաքցնող է: Նրանք առանց օրինական կերպով հարցաքննությունների, առանց առերեսում կազմակերպելու` մերժման որոշում են կայացրել: Դուք հասկանո՞ւմ եք, որ նույնիսկ Անձնագրային եւ վիզաների վարչություն հարցում անելն իրենց ֆունկցիան էր, բայց նյութերն ինքս ձեռք եմ բերել, բացահայտել եմ հանցագործությունն ու բոլոր հիմնավորող փաստաթղթերն իրենց եմ տվել: Անձնագրերի վարչությունը հաստատել է, որ անձնագրային տվյալները կեղծ են, որ գրության մեջ նշված մարդկանցից ոմանք հաշվառված չեն: Թող ինձ հետաքննիչի լիազորություն տան, եւ ես երկու օրում այս հանցագործությունը բացահայտեմ: Սա Ոստիկանություն չէ, այլ հանցագործությունը պարտակելու վայր է»,- վրդովված ասում է Դ. Ծաղիկյանը, ով երեկ արդեն դիմում-բողոքներ է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ազգային անվտանգության ծառայության պետ Գ. Հակոբյանին եւ պաշտոնատար այլ անձանց` ահազանգելով Նոր Նորքի ոստիկանության ապօրինի գործողությունների մասին: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ Ոստիկանությունում ահազանգ է հնչեցվել մարդկանց կեղծ տվյալներով, կեղծ ստորագրությամբ գրության մասին, սակայն նույնիսկ ձեռագրաբանական փորձաքննություն չի կատարվել: Հիշեցնենք, որ Գ. Եսոյանի հայրը` Լեւ Եսոյանը, Ոստիկանության նախկին գնդապետ է, մեծահարուստ է եւ կարողանում է գումարով գնել ամեն ինչ, ընդհուպ` մինչեւ անգամ օրինականությունն ու մարդկանց հայրական իրավունքը: