Եթե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի այցը տարածաշրջան չլուծի ղարաբաղյան հիմնախնդիրը, գոնե կնվազեցնի առաջիկայում Հայաստանի կողմից պատերազմ սկսելու վտանգը: Այս մասին «SalamNews»-ին ասել է «Ռեալ» շարժման համանախագահ, քաղաքագետ Իլգար Մամեդովը:
Նրա խոսքով` առաջիկա տարիներին Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական առավելությունը զգալիորեն կմեծանա Հայաստանի նկատմամբ: Նաեւ հավելել է. «Ադրբեջանի բնակչության թիվն ավելանում է, իսկ Հայաստանինը` նվազում: Այդ պատճառով հայերը Ռուսաստանի աջակցությամբ կարող են պատերազմ սկսել: Այդ պատերազմը վտանգավոր կլինի Ադրբեջանի համար, եթե այն սկսվի առաջիկայում»: Նշելով, որ Հայաստանը փորձելու է Ադրբեջանի համար ստեղծել տնտեսական եւ քաղաքական խնդիրներ, Մամեդովն ասել է. «Հայաստանի պաշտոնական եւ ոչ պաշտոնական շրջանակներում հնչում են հայտարարություններ այն մասին, որ Ադրբեջանն արագորեն հզորանում է: Այդ հայտարարություններն ուղղված են Ադրբեջանին հակամարտության մեջ ներքաշելուն: Սակայն Ադրբեջանն անում է հնարավորինը` հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար»: