ԲՀԿ-ն դժգոհ է

06/10/2011

Երեկ ԱԺ-ում քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կորյուն Նահապետյանը: Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությունները վերաբերում էին մասնավորապես Արդարադատության խորհրդի նիստերի կանոնակարգմանը: Քննարկումների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանն ասաց. «Այդ փոփոխությունները հիշեցնում են Անդերսենի պերսոնաժին` «եւ թագավորը մերկ է»: Այդ նիստերը կռտած նիստեր են լինելու, քանի որ Վճռաբեկ դատարանի նախագահն իրավունք չի ունենալու հարցեր ուղղելու: Դա տրամաբանության մեջ չէ»: Նրա բնութագրմամբ` այլեւս Արդարադատության խորհրդի նիստերը կարելի է համարել «մտքերի փոխանակության վայր»: Իսկ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ` խոսելով Արդարադատության խորհրդի անդամի հատուկ կարծիքի վերաբերյալ դրույթի մասին, ասաց. «Միամիտների մոտ տպավորություն է ստեղծում, որ կարծիքի պարագայում դա կարող է արդյունք ունենալ: «Հատուկ կարծիքի» ինստիտուտը որեւէ հետեւանք չունի ՀՀ-ում: Այդ պատճառով, կարող է թյուր կարծիք ձեւավորվել իր նշանակության մասին»: Ի պատասխան` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, թե «հատուկ կարծիքը» կարող է ունենալ իրավական հետեւանք: «Որոշ պատասխանատվության տեսակներ, մասնավորապես` դատավորի լիազորությունների դադարեցումը, վերապահված է ՀՀ նախագահին եւ, իր որոշումը կայացնելիս, նա կարող է ծանոթանալ եւ հենվել այդ հատուկ կարծիքների վրա»,- հավելեց նա: