Որոնողական աշխատանքները շարունակվում են

06/10/2011

Երեկ ժամը 16:00-ի դրությամբ Վանաձոր-Բագրատաշեն հատվածում տեղի ունեցած սողանքային գոտուց ուղղաթիռով դուրս է բերվել 14 ավտոմեքենա: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ի սահմաններում M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ տեղի ունեցած սողանքը լարված իրավիճակ է ստեղծել ամբողջ հանրապետությունում: 130մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհ` այն ամբողջովին դարձնելով անանցանելի: Փլվածքի տակ են մնացել տարբեր մակնիշի 35 ավտոմեքենաներ, որոնցից, ըստ փրկարարների, շուրջ 25-ը մարդատար է: Երեկվա դրությամբ անհետ կորածների գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկատվություն չկար: Հիշեցնենք նաեւ, որ նրանց թիվը, ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության, 5-ն է: Սողանքային գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, իսկ սողանքի ակտիվացման պատճառները պարզելու համար նշանակվել է երկրաբանական ուսումնասիրություն: