Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ԱԺ-ում հանդիպել է Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսանողներին: ԱԺ կազմակերպած «Բաց դասեր» ծրագրի շրջանակում նա ուսանողներին բացատրել է ներկա քաղաքական իրավիճակի նրբությունները: Ուսանողներից մեկը Հ. Աբրահամյանին խնդրել է հայտնել երկրի քաղաքական օրակարգում առկա` արտահերթ ընտրությունների պահանջի մասին իր կարծիքը: Ըստ «Ա1+»-ի` Հովիկ Աբրահամյանը ուսանողներին ներշնչել է, որ երբ հերթական ընտրություններին մնացել է մի քանի ամիս, յուրաքանչյուր իրեն հարգող, ժողովրդի ու պետության մասին մտածող քաղաքական ուժ ոչ թե պետք է խոսի արտահերթ ընտրությունների մասին, այլ նախապատրաստվի հերթական ընտրությունների, մասնակցի դրանց, ձգտի տեղ զբաղեցնել խորհրդարանում: Նաեւ նշել է, թե միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ համագործակցությամբ ամիսներ առաջ ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս անցկացնել արդար ընտրություններ: