Երեկ խմբագրությունը կրկին նամակ-ահազանգ էր ստացել Բաղրամյան եւ Պռոշյան փողոցների մի խումբ բնակիչների կողմից:
Նրանք ահազանգում էին, որ Սոֆի Դեւոյանի եւ պարսկահայերի տան «մանսարդի» շինարարությունը շարունակվում է, հարեւանների լույսը փակվում է, իսկ Երեւանի քաղաքապետարանը միջոցներ չի ձեռնարկում այդ ուղղությամբ:
«Երեկ մենք ահազանգել էինք Ձեզ Բաղրամյան փողոցի 21ա հասցեում կառուցվող շենքի հետ կապված խնդրի մասին` պահանջելով Երեւանի քաղաքապետարանից շտապ կասեցնել այդ խայտառակ շինարարությունը եւ վերանայել տրված թույլտվությունը:
Այսօր առավոտվանից շինարարությունն ընթանում էր արագացված տեմպերով, ինչից կարելի է ենթադրել, որ քաղաքապետարանը որեւէ միջոց չի ձեռնարկում: Հիշեցնենք, որ նախկին Երքաղխորհրդի նվագախմբի շենքի տարածքը (292.0 քմ հողամասը) Երեւանի քաղաքապետի 19.03.2001թ. թիվ 243 որոշմամբ տրամադրվել է «Սոֆի Դեւոյանի պարի եւ հոգու թատրոն» ՊՓԲ ընկերությանը: Այնուհետեւ, անհասկանալի ձեւով, 2004թ. նշված հողամասը առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել Արա Սուքիասյանս Սալմասի կողմից (ըստ նոր սեփականատիրոջ բառերի` մեկ հարկ Սոֆի Դեւոյանին տրամադրելու պայմանով): Ի՞նչ իրավունքով է հասարակական օբյեկտի համար կառուցվող շենքի փոխարեն բնակելի շենք կառուցում` անհայտ է, սակայն Արա Սուքիասյանս Սալմասի կողմից տրված հայտի հիման վրա 09.09.2008թ. տրվել է ճարտարապետահատակագծային առաջադրանք: Հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետարանի «Արտագերատեսչական փորձաքննություն» ՊՓԲԸ կողմից տրված դրական եզրակացությունը, մշակված բնակելի տան նախագիծը 19.02.2009թ. համաձայնեցվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից եւ 27.02.2009թ. տրվել շինարարության թույլտվություն, որում շինարարական աշխատանքներն իրականացնելու վերջնաժամկետ է սահմանված 24 ամիսը (ավարտվել է այս տարվա փետրվարի 27-ին):
Կառուցվող շենքը նախագծված է շինարարական նորմերին հակառակ` շենքի եւ կողքի առանձնատների միջեւ չի պահպանվում սպասարկման համար անհրաժեշտ տարածությունը, ստորգետնյա ավտոկայանի համար փորված հսկայական փոսը լուրջ վտանգ է ներկայացնում կողքի տան հիմքի կայունության համար, առանց հարեւան բնակիչների համաձայնության տեղափոխվել են գազի խողովակներն ու էլեկտրականության լարերը, եւ, ամենակարեւորը, կառուցվող շենքի պատճառով հարեւան տները այլեւս չի թափանցում արեւը: Հարեւանների կողմից բարձրացված աղմուկից հետո Արա Սուքիասյանս Սալմասին պարտադրվեց կանգնեցնել առավելագույնը 3 հարկանի շենք, որի կառուցումը ավարտվեց մեկ տարի առաջ:
Սակայն երեկ առավոտից շենքում կրկին բուռն շինարարություն է սկսվել. «մանսարդ» են կառուցում` փաստացի եւս մի հարկ: Շենքի սեփականատիրոջ որդի Արեգը հարեւան բնակիչների հետ զրույցում անընդհատ հղում է կատարում քաղաքապետարանի կողմից տրված թույլտվությանը: Այնուհետեւ, համոզվելով, որ հարեւանների տուն այլեւս արեւ չի մտնի, ավելացնում է. «դե ի՞նչ արած, հո մենք տակ չե՞նք տալու»:
Մենք եւս մեկ անգամ հաստատում ենք մեր պահանջը Երեւանի քաղաքապետարանին` շտապ կասեցնել այդ խայտառակ շինարարությունը եւ վերանայել տրված թույլտվությունը: Խնդրում ենք լրագրողներին եւս հետեւողական լինել այս հարցում»,- լրագրողներին ուղղված նամակում գրում են բնակիչները: