Թաղապետին հենց 349 հազար 800 դրա՞մ է պետք

06/10/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պարզվում է` մեր թերթի նախորդ հրապարակումներից մեկը` «Վճարման կտրոնը թղթի թափոն չէ, կտրոնը փաստ է» վերնագրով հոդվածը, խիստ արդյունավետ դերակատարում է ունեցել Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի ու նրա աշխատակազմի համար` հիշողությունը վերականգնելու իմաստով:

Բանն այն է, որ դեռեւս մարտ ամսին խմբագրություն էր դիմել Արաբկիրի բնակչուհի Մարինա Պողոսյանը, ում թաղապետարանը սպառնում էր դատի տալ մի քանի տարիների գույքահարկը չմարելու պատճառով: «Այս պատմությունը սկսվեց փետրվարին, երբ թաղապետարանից ստացա 2 ծանուցում, որոնցից մեկը վերաբերում էր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայիս` 4 տարվա գույքահարկի պարտք` 1 միլիոն 80 հազար, մյուսը` «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենային` 3 տարվա գույքահարկի պարտք` 150.000 դրամ: Ընդ որում` ի սկզբանե այս մեքենան իմ անունով չէր գրանցված: Գրությունները ստանալուց հետո գնացի թաղապետի մոտ եւ փորձեցի պարզաբանել իրավիճակը` նշելով, որ «Կրայսլերն» իմ անունով չէ, եւ երկրորդ` «Տոյոտայի» գույքահարկի պարտք գոյություն չունի, եւ միայն այս տարվանն է, որն օրենքի համաձայն` պետք է մարեի մինչ այս տարվա դեկտեմբերի 1-ը: Ի պատասխան իմ դիտարկումներին` թաղապետ Էդիկ Մուշեղյանն ասաց, թե սուտ եմ խոսում, եւ եթե վճարումները կատարել եմ, ուրեմն պետք է այդ կտրոնները պահպանած լինեի: Այսինքն, թաղապետի խոսքով` քաղաքացին պարտավոր է 10 տարի պահել գույքահարկի վճարած կտրոնները: Քաղաքացին պարտավոր չէ այդ կտրոնները պահել, որեւէ տեղ դրա մասին գրված չէ, դա պարզապես այդ թաղապետի անգրագիտության հետեւանք է»,- վերհիշում է Արաբկիրի բնակչուհին: Կարճ ժամանակ անց, բնակչուհին թաղապետարանի աշխատակիցների ներկայությամբ հանկարծակիի է գալիս, երբ նրան ասում են, թե իր վճարումները չեն պահպանվել թաղապետարանի գույքահարկի բաժնի համակարգչում: Հենց այդ ժամանակ էլ թաղապետ Է. Մուշեղյանը բնակչուհուն հորդորում է գնալ-գտնել նախկինում արված վճարումների կտրոնները` ավելացնելով, թե կտրոնները պետք է պահել 10 տարի շարունակ:

Քաղաքացի Մ. Պողոսյանը, ով տարիներ շարունակ բարեխղճորեն կատարել էր իր բոլոր վճարումները, ի վերջո, կարողանում է գտնել նախկինում արդեն վճարված գույքահարկերից 470.000 դրամի կտրոնը եւ ներկայացնում է թաղապետարան: «Ամենասարսափելին այն է, երբ կրկին պնդեցի, որ ստուգեն համակարգչում, պարզվեց, որ իմ կողմից կատարված այդ վճարումը երեւում էր համակարգչի մեջ, եւ այն ի սկզբանե կար, իսկ «Կրայսլերի» մասին այլեւս ձայն չհանեցին,- նկատում է Արաբկիրի բնակչուհի Մարինա Պողոսյանը` ավելացնելով,- Ձեր թերթում տպագրված հոդվածից 4 օր անց թաղապետարանում, կարծես, հիշողության վերականգնում եղավ. այն, ինչ երբեւէ իմ անունով գրանցված է եղել տարբեր տարիների ընթացքում եւ նաեւ վաճառված` սկսած 1995թ.-ից, գույքահարկը չմարելու պատճառաբանություններով բազմաթիվ հայցադիմումներ եկան»: Ըստ քաղաքացու` թաղապետարանի այդ քայլը իր դեմ ուղղված մանր-էժանագին վրեժխնդրություն է այն բանի համար, որ Մ. Պողոսյանը մամուլում հանդես է եկել Արաբկիրի թաղապետ Է. Մուշեղյանի գործելաոճը բացահայտող հրապարակումներով: «Ինչո՞ւ պետք է թույլ տայի, որ ինչ-որ Էդիկ Մուշեղյան իմ գրպանը մտներ` կրկնակի գույքահարկ գանձեր: Ո՞ւր էր գնալու այդ գումարը: Ստացվում է այնպես, որ եթե ես չգտնեի այդ 470.000 դրամի կտրոնը, որը պարտավոր չէի պահել, ապա պետք է կրկնակի անգամ վճարեի: Պետք է ՀՀ բոլոր քաղաքացիներն այսուհետ ուշադիր լինեն: ՀՀ քաղաքացին ինչո՞ւ պետք է անընդհատ ապացույցներ ներկայացնի տարբեր ատյաններ, եւ եթե կա նման խնդիր, ապա առաջարկում եմ կտրոնների հետեւում գրեն, որ քաղաքացին պարտավոր է այդ կտրոնները պահել 30-40 տարի, որպեսզի նման քաշքշուկների մեջ չհայտնվեն»,- ասում է Մ. Պողոսյանը:

Թաղապետարանի կողմից քաղաքացու դեմ 6 հայցադիմումներից մեկի հայցապահանջը բնակարանի գույքահարկն է, ըստ որի` Մ. Պողոսյանը 1998թ. չի վճարել գույքահարկը: Սա` այն դեպքում, երբ բնակչուհին գտել էր բնակարանի գույքահարկի 2005թ. իր վճարած կտրոնը, ինչը ապացուցում է, որ մինչեւ 2005թ. բնակչուհին բնակարանի գույքահարկի պարտք չի ունեցել: «Աբսուրդն այն է, որ Արաբկիրի այսօրվա վարչական շրջանի ղեկավար Էդիկ Մուշեղյանը նույն համայնքում 1996-1999թ. թաղապետի օգնական է աշխատել, իսկ 2002-2005թթ. կեսերը աշխատել է որպես Արաբկիրի թաղապետի տեղակալ: Սա ի՞նչ է նշանակում, որ նա այդքան տարիներ վա՞տ է աշխատել: Եթե 1998թ.-ին գույքահարկ չէի վճարել, ապա այդ դեպքում ինչո՞ւ այդ մասին ծանուցում չստացա, օրինակ` 1999թ.-ին»,- նկատում է Արաբկիրի բնակչուհին:

Սեպտեմբերի 30-ին Արաբկիրի վարչական դատարանում քննվել է «Արաբկիրի վարչական շրջանն ընդդեմ Մարինա Պողոսյանի» թվով 5-րդ հայցադիմումը: Այս անգամ թաղապետարանը փորձում էր դատարանի միջոցով քաղաքացուց բռնագանձել 349 հազար 800 դրամ` 2010թ. վաճառած ավտոմեքենայի համար: Մարինա Պողոսյանը դատարանին ներկայացրեց Ճանապարհային ոստիկանության տրամադրած տեղեկանքը, որն ապացուցում էր, որ իրեն պատկանող մեքենան օտարվել է: Ըստ «Գույքահարկի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ կետի` գույքի օտարման դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները: «Ես վճարել եմ այդ գույքահարկը, սակայն, եթե անգամ չեմ վճարել, ապա վաճառելուց հետո այդ պարտավորությունները պետք է անցնեն մեքենայի նոր սեփականատիրոջը»,- ասաց քաղաքացին: Դատավոր Ավետիսյանը, սակայն, չբավարարվեց այդքանով եւ պատասխանող Մարինա Պողոսյանից պահանջեց ներկայացնել մեքենայի վաճառքի պայմանագիրը: Ըստ դատարան ներկայացրած հայցի` Արաբկիր վարչական շրջանը ցանկանում էր բռնագանձել 2006-2008թթ. գույքահարկի գումարը: Սակայն, հավանաբար հաշվի առնելով այն, որ մեկ այլ գործով վարչական դատարանն արդեն մերժել էր 3 տարուց ավելի վաղեմության ժամկետ ունեցող գույքահարկի բռնագանձման պահանջը, Արաբկիր վարչական շրջանի փաստաբանը այդ օրը փոխել էր պահանջվող գույքահարկի տարեթվերը` դարձնելով 2007-2010թթ., պահանջվող գումարի չափը, սակայն, թողել էր նույնը: «Զավեշտալի վիճակ է ստեղծվել: Նախ, դա նշանակում է, որ հայցում կատարվել են փոփոխություններ, ինչի մասին պետք է տեղեկացնեին ինձ փոստով: Երբ դատարանում ասացի այս մասին, պատասխանող կողմը նշեց, իրենք տեղյակ են պահել, սակայն չեն պահել կտրոնը: Փաստորեն, նրանք անգամ 1 օրվա կտրոնը չեն պահում, բայց ես պարտավոր եմ պահպանել 10-15 տարվա՞ կտրոնը: Ընդ որում` գույքահարկի հաշվարկն սկսել են 2007թ. (առաջին հայցապահանջի մեջ նշվել էր` 2006թ.-ից): Անհասկանալի մնաց, թե ինչպե՞ս եղավ, որ 2006-2008թթ. գույքահարկի իմ պարտքը ուղիղ այնքան է, որքան 2007-2010 թվականներինը: Ուրեմն 3 տարվա եւ 4 տարվա պարտքը նո՞ւյնն է, գումարը նույնքա՞ն է կազմել: Թե՞ թաղապետ Էդիկ Մուշեղյանին հենց 349 հազար 800 դրամ է պետք ինձնից: ՀՀ Ազգային ժողովին առաջարկում եմ օրինագիծ ընդունել, ըստ որի` ՀՀ քաղաքացիները գույքահարկի վճարման կտրոնները պետք պահպանեն ասենք` 10-20 տարի, հակառակ դեպքում նման իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած քաղաքացի»,- ասաց Մ. Պողոսյանը: Ի դեպ, քաղաքացին այս խնդրով փորձել է հանդիպել նաեւ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ, սակայն քաղաքապետարանից նրան պատասխանել են, թե քաղաքապետը քաղաքացիների ընդունելության օր չունի: Քաղաքացին նաեւ հեռագիր է ուղարկել` ուղղված քաղաքապետ Կ. Կարապետյանին, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չի եղել: Հեռագրում Մ. Պողոսյանը շատ հակիրճ ահազանգ է հնչեցրել. «Պարոն քաղաքապետ, հայտնում եմ Ձեզ, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Կյաժ Էդոն (Է. Մուշեղյանը) զբաղված է դրամաշորթությամբ»: Քաղաքապետին ուղղված հեռագրի կտրոնը քաղաքացին պահպանել է:

Հ.Գ. Արաբկիրի վարչական դատարանում հայցի քննությունը հետաձգվել է մինչեւ հոկտեմբերի 31-ը: