Ումի՞ց է Յորգանցը գողացել «Ճկույթիկը»

06/10/2011

Դեռեւս 1990-ական թվականներին Հայաստանում մեծ ճանաչում ձեռք բերած ֆրանսահայ երգիչ Մարթեն Յորգանցի «Ճկույթիկ» երգը, թերեւս, շատերն են հիշում: Յորգանցը եւ այդ երգը ժամանակին այնքան էր գովազդվում, որ պարզունակ կրկներգը մի տեսակ անգիտակցորեն շատերն էին անգիր արել: Երգը տարածում գտավ իբրեւ Մ. Յորգանցի ստեղծագործություն: Վերջինս էլ թե՛ համերգների, թե՛ հարցազրույցների ժամանակ մշտապես շեշտում էր, թե երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակն ինքն է: Ավելին, 1989թ. հունիսին լույս տեսած «Ծիծեռնակ» ամսագրում տպագրված «Ճկույթիկ» երգի տակ Մ. Յորգանցը մակագրել էր իր անուն-ազգանունը: «Երբ տարիներ առաջ առաջին անգամ Մարթեն Յորգանցը Հայաստանում էր, հայրս պատահաբար նրա կատարմամբ լսում է «Ճկույթիկ» երգը, եւ շատ է վրդովվում, որ Յորգանցը չէր նշել երգի խոսքերի հեղինակի անունը: Հետո հայրս մտածում է, որ միգուցե նա պարզապես չգիտի, թե ով է երգի բառերի հեղինակը: Իսկ երբ իմացավ, որ Մ. Յորգանցը երգը ներկայացնում է իր անունով, շատ վրդովվեց` մտածելով, որ պետք է ինչ-որ բան անել»,- օրեր առաջ մեր թերթի խմբագրությունում պատմեց մանկագիր Պատվական Խաչատրյանի դուստրը` Գայանե Խաչատրյանը: Ըստ զրուցակցիս` իրականում «Ճկույթը» բանաստեղծություն է, որը ֆրանսահայ երգիչ Մ. Յորգանցը որոշակիորեն փոփոխել է` կրկներգ ավելացնելով: Դեռեւս 1977թ. «Ճկույթը» տպագրվել էր «Ծիծեռնակ» ամսագրում, որտեղ նշվել էր իրական հեղինակի` մանկագիր Պատվական Խաչատրյանի անունը, իսկ 1988թ. առակն ընդգրկվել էր մանկագրի «Բարի արեւ» բանաստեղծությունների ժողովածուի մեջ: Երգիչը ակնհայտորեն խախտում է մանկագրի հեղինակային իրավունքները: Այս խնդրին ժամանակին անդրադարձել է նաեւ երգի խոսքերի իրական հեղինակը` 1991թ. գրած «Օրը ցերեկով» ռեպլիկի մեջ: Ընդ որում` մանկագրի դուստրը ռեպլիկը գտել էր այն ժամանակ, երբ ամիսներ առաջ ՀՀ Սփյուռքի նախարարության հրավերով Հայաստանում էր գտնվում Մ. Յորգանցը: «Տարիներ առաջ իմ այս բանաստեղծությունը («Ծիծեռնակ» ամսագիր, 1977թ., N5), որը 1988-ին վերահրատարակել եմ իմ «Բարի արեւ» ժողովածուում (էջ 59, «Արեւիկ»), չգիտես ինչու, ֆրանսահայ երգիչ Մարթեն Յորգանցը հանկարծ համարել է իրենը, եւ երգ դարձնելով` աջ ու ձախ երգում է` առանց իմ անունը տալու: Այդ երգը լսելիս սկզբում համարյա ուշադրություն չէի դարձնում` մտածելով, որ անունս չտալը երեւի թյուրիմացություն է եւ ի վերջո կճշտվի: Բայց ահա զարմանքս չափից անցավ, երբ հանկարծ «Ծիծեռնակ» ամսագրի 1989թ. 6-րդ համարում տեսա իմ այդ բանաստեղծությունը, որի վերեւում գրված էր` «Երգն ու երաժշտությունը Մարթեն Յորգանցի»,- իր ռեպլիկի մեջ գրել է մանկագիրը` ավելացնելով,- Ինչպես տեսնում եք, Յորգանցն ընդամենը աղավաղել է մի քանի տող եւ վերջում` իբրեւ կրկներգ, խցկել է անիմաստ քառատող, որը ո՛չ ձեւով, ո՛չ էլ ասելիքով չի մերվում իմ առակի հետ: Մնում է հարցնել, թե հարգարժան երգիչը ինչո՞ւ է օրը ցերեկով սեփականել իմ բանաստեղծությունը»: «Ես չհասցրեցի իր հետ հանդիպել: Երբ ես զանգահարեցի իրեն, նա արդեն մեկնել էր: Այդպես էլ չտեսա նրան, բայց կարծում եմ, որ նա արդեն ինչ-որ բան զգում էր, քանի որ վերջին հարցազրույցի ժամանակ երգի մասին չխոսեց, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ միշտ ասում էր, թե Երեւանում ով տեսնում է իրեն` «Ճկույթիկ» երգն է հիշում: Իսկ հիմա լռել է, կարծես, հասկանալով իրականությունը»,- մեզ հետ զրույցում նկատեց Պատվական Խաչատրյանի դուստրը` Գայանե Խաչատրյանը: Վերջինս չի պատրաստվում դատի տալ Մ. Յորգանցին, պարզապես, ցանկանում է վերականգնել հոր` տարիներ շարունակ ոտնահարված հեղինակային իրավունքները: Գ. Խաչատրյանի փոխանցմամբ` պետք է պարզել նաեւ, թե ո՞վ է երաժշտության հեղինակը: «Յորգանցը ինչ-որ բաներ յուրացնում է սրանից-նրանից: Չի կարելի այդպես վարվել հեղինակների հետ: Մի երգ, որ ինչպես ինքն ասում է` հիթ է իր համար: Եթե Ֆրանսիայում նման բան պատահեր` նա հսկայական տուգանքներ կվճարեր: Բայց դա խոսում է մարդու բարոյական նկարագրի մասին»,- ասաց Գ. Խաչատրյանը` նշելով, որ շուտով պետպատվերով հրատարակվելու է «Ճկույթ» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն: «Հայրս տանջվում էր Յորգանցի այդ քայլի համար»,- ավելացրեց զրուցակիցս` ցավով նշելով, որ հայրը 5 տարի առաջ հրաժեշտ է տվել երկրային կյանքին` այդպես էլ չտեսնելով իր հեղինակային իրավունքների վերականգնումը: