ասում է Շուշիի «Վարանդա» երգչախմբի հիմնադիր, խմբավար, Լիբանանի պետական կոնսերվատորիայի դասախոս Զաքար Քեշիշյանը
– Ե՞րբ ստեղծվեց «Վարանդա» երգչախումբը:
– Երբ ազատագրվեց Շուշին՝ իբրեւ հայ զենքի նորագույն սխրանքի արդյունք, սովորում էի Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ եւ՛ որպես շվիահար-դուդակահար, եւ՛ որպես խմբավար: Միաժամանակ ղեկավարում էի Լիբանանի հայ ազգային վարժարանների «Ծիածան» ու Այնճարի «Կաքավիկ» մանկական երգչախմբերը: 1992թ. ստացա առաջարկ` Բեյրութ գնալու փոխարեն գալ Շուշի եւ ստեղծել մանկական երգչախումբ: Ընդ որում՝ այդ ժամանակ Շուշիում բացվեց նաեւ Արամ Մանուկյան վարժարանը: Ինչեւէ, դրանք այն տարիներն էին, երբ ադրբեջանական օդային ուժերը ռմբակոծում էին, ամեն օր լսում էինք օդային տագնապի ահազանգերը: 1992թ. սեպտեմբերին գնացի Շուշի: Մինչ օրս հիշում եմ առաջին հանդիպումը երեխաների հետ, երբ օդային ուժերը սկսեցին ռմբակոծել՝ ռումբեր էին ընկնում Ստեփանակերտում եւ Շուշիում: Երեխաները ապաստարան իջնելու փոխարեն` դուրս եկան պատշգամբ, որ տեսնեն այն ինքնաթիռները, որտեղից ռումբեր էին թափում: Երբ սարսափած կանչեցի նրանց, որ իջնեն ապաստարաններ, նրանք սկսեցին իրենց բարբառով ծաղրել ինձ, թե` «Պարոն Զաքարը վախում ա, պարոն Զաքարը վախում ա»: Իրականում այդ օրը ես առաջին անգամ սարսափելի վախ ապրեցի՝ վերհիշելով դասախոսներիս այն հարցը, թե արդյո՞ք չեմ վախենա Շուշիում աշխատել: Իհարկե, այդ պահին գլուխ էի գովում, թե ինչո՞ւ պետք է վախենամ: Ինչեւէ, օդային տագնապով լի հաջորդ օրերին ես այլեւս չէի վախենում: Մենք պարապում էինք օդային ուժերի ռմբակոծությունների ժամանակ, եւ ամենքս, կարծես, հարմարվել էինք իրավիճակին: 1993թ. մեր առաջին ելույթն ունեցանք ոչ միայն Շուշիում, այլեւ Երեւանում: Դրանք ծանր օրեր էին: Մեր ելույթները մեծ ուժ, հավատ ու ջերմություն էին հաղորդում երեխաներին: Այն ժամանակ հայ երգահաններն ու կոմպոզիտորները գրեցին հատուկ երգեր «Վարանդայի» համար: Ավելի քան 300 երգեր ծնվեցին, որոնք հաջորդ տարիներին տարածում գտան նաեւ Հայաստանում եւ Սփյուռքում: Դժվար տարիներ էին: Երեխաներից շատերը հաճախ պարապմունքների չէին գալիս կոշիկ չունենալու պատճառով: Նույնիսկ հիշում եմ, երբ համերգներից հետո լսում էինք, որ երեխայի հայրը զոհվել է ռազմաճակատում: Պատերազմի մթնոլորտ էր տիրում քաղաքում, շենքերի լվացքի պարաններին կարելի էր տեսնել զինվորական համազգեստներ, իսկ այսօր Շուշին անկախ է:
– Իսկ ի՞նչ փոխվեց «Վարանդայում»:
– Ազատագրված Շուշին եւ «Վարանդան» նույն տարիքի են: Հաջորդ տարի մենք տոնելու ենք երգչախմբի 20-րդ տարեդարձը: Այս տարիների ընթացքում փոխվել է երգչախմբի կազմը: Հիմա գալիս են այն երեխաները, որոնց մայրերը երգչախմբի հիմնադիր սերնդի կազմում էին: Սա ասում եմ հուզումով ու մեծ ուրախությամբ (աչքերից աննկատ մաքրում է արցունքները.- Մ.Մ.): Սերնդի փոփոխությանը զուգահեռ` փոխվել է նաեւ երգացանկը, իսկ մնացյալ ամեն բան մնացել է նույնը: Բարեբախտաբար, այսօր երեխաները համեմատաբար ապահովված են՝ քաղցած չեն, հագուստ ունեն, սակայն առաջ է գալիս մեկ այլ խնդիր՝ դաստիարակության հիմքերի ամրապնդումը: Պետք է Շուշիին վերադարձնենք իր մշակութային դիմագիծն ու նախկին համբավը: Միգուցե ասածս երազային է թվում, բայց Շուշիի ազատագրումն էլ երազ էր, որ դարձավ իրականություն: Հետեւաբար, նպատակասլաց գործի պարագայում կհասնենք մեծ արդյունքների:
– Ի դեպ, ինչո՞ւ երգչախումբն անվանեցիք Շուշիի նախկին անվամբ:
– Թերեւս անվան ընտրության մեջ կար արմատների վերադարձի խնդիր: Պատմաբաններից մեկի խորհրդով երգչախումբն անվանեցինք «Վարանդա», իսկ երեխաները քվեարկեցին անվան ընտրության հարցում: Նրանք սիրեցին այդ անունը:
– Նախքան մեր զրույցը նշեցիք, որ դեմ եք ցանկացած մրցույթի անցկացմանը: Ինչո՞ւ:
– Իմ կամքից անկախ` գոյություն ունեն մրցույթներ: Որպես կանոն՝ մրցույթները միշտ տեղի են տվել դժգոհությունների: Իսկ մրցույթի վնասակար լինելն ավելի մեծ է հատկապես մանկապատանեկան աշխարհում, որտեղ երեխան իր հարազատներով մղվում է մրցույթի դափնեկիր դառնալուն: Երեխան կարող է իր զգոնությունը կամ հնարավորությունները գնահատելու կարողությունը կորցնել՝ հաղթելով մրցույթը, այսինքն՝ կարող է մեծամտանալ: Իսկ արժանավոր մեկ այլ երեխա՝ մեծ հույսերով մասնակցելով մրցույթին, բայց չհաղթելով, ընկճվելու է: Շատ են դեպքերը, երբ արժանավոր երեխաները թողել են երգարվեստը` մրցույթին չհաղթելու պատճառով: Երաժշտությունը սպորտ չէ, որտեղ մրցության տեղերն ու կանոնները հստակ են:
– Կարելի է ենթադրել, որ Դուք բախվել եք մրցույթի անարդարացի վերաբերմունքի, այո՞:
– Անձնապես չեմ մասնակցել մրցույթներին: Ղարաբաղում «Վարանդա» երգչախումբը մեկ անգամ մասնակցել է մրցույթի՝ մրցանակ շահելով, բայց դա եղել է իմ բացակայության ժամանակ: Երեխաներն ինձ զանգահարեցին եւ ասացին, որ մասնակցել են մրցույթի եւ հաղթել: Նրանք անգամ չգիտեին մրցույթի անվանումը: Նրանց այդ քայլն ընդունեցի հումորով:
– Արգելո՞ւմ եք Ձեր երգչախմբին մասնակցել մրցույթներին:
– Ոչ թե արգելում եմ, այլ այդ դեպքերում պարզապես հրաժարվում եմ իմ խմբավարական պարտականություններն անել: Ավելին՝ ոչ միայն չեմ մասնակցում մրցույթներին, այլեւ մերժում եմ որեւէ մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկվելու առաջարկները: Կարծում եմ՝ մրցութային իրավիճակները հակամանկավարժական են եւ անհարիր են արվեստին: Մրցույթները կրում են կոմերցիոն բնույթ, ընթանում են շահադիտական նպատակներով եւ մեծամասամբ ապականված են: Իսկ ընդհանրապես արվեստագետին ի՞նչ է տալիս մրցույթը՝ փա՞ռք, համբա՞վ. բայց դա կարելի է ձեռք բերել լավ նվագելով կամ երգելով: Այդ դեպքում որեւէ մեկը չի հարցնի, արդյոք նա մրցույթին հաղթե՞լ է, թե՞ ոչ:
– Այսօր երեխաներն ավելի շատ հետաքրքրվում են համակարգչային խաղերով, տեղեկատվական տեխնոլոգիաներով, քան արվեստով: Արդյո՞ք դա լուրջ մարտահրավեր չէ արվեստին, Ձեր դեպքում՝ երգարվեստին:
– Ցավոտ հարց եք շոշափում, եւ դժբախտաբար, դրա արձագանքները հասել են նաեւ Շուշի: Երեխաները զգոն չեն ինտերնետում իրենց սահմանները դնելու հարցում, ինչին նպաստում են նաեւ ծնողները: Երեխաների հոգեբանությունը փոխվում է, քչացել են դաստիարակիչ խաղերը, փոխարենը` շատացել են համակարգչային արկածախնդիր եւ վայրագ խաղերը: Այս երեւույթը համաշխարհային մեծ խնդիր է, ինչն, անշուշտ, պատճառ կդառնա երեխաների թվի նվազմանը երգչախմբում:
– Այսինքն՝ միգուցե մի օր կորցնե՞նք նաեւ երգչախմբային արվեստը:
– Երգչախմբային արվեստը չի կորչի, պարզապես դժվարանում է խմբավարների աշխատանքը, ովքեր պետք է ունենան հավելյալ միտք, տեղեկատվություն այսօրվա երեխայի հետաքրքրությունների մասին: Օրինակ, Լիբանանում բաժանորդագիր եմ պատանեկան մի ամսագրի, որին մշտապես հետեւում եմ, որպեսզի հասկանամ, թե ներկա դեռահասներն ի՞նչ հետաքրքրություններ ունեն աշխարհում, եւ կարողանամ առնչվել նրանց հետ: Նրանք շատ հաճախ խոսում են այնպիսի բաների մասին, որ կարող են ծիծաղել մեր չիմացության վրա: Ամեն դեպքում երգչախմբային արվեստը երբեւէ չենք կորցնի: Դա միանշանակ է: