Մունը չի ներկայացնելու

06/10/2011

Անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությանը, թե Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ում Հայաստանը ներկայացնելու է ամերիկահայ երգչուհի Լուսիա Մունը, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը tert.am-ին ասել է, թե դա հերթական ապատեղեկատվությունն է, որը սովորաբար տարածում են երկրպագուները: Գոհար Գասպարյանի խոսքով` Հանրային հեռուստաընկերությունը դեռ որեւէ որոշում այդ առնչությամբ չի կայացրել: Հարցին, թե արդյո՞ք քննարկվում է ամերիկահայ երգչուհու թեկնածությունը, նա պատասխանել է. «Եթե հարցականի տակ է մեր մասնակցության հարցը, ի՞նչ խոսք կարող է լինել մասնակցի մասին»: Հանրային հեռուստաընկերությունը մինչեւ տարվա վերջ կորոշի` Հայաստանը մասնակցելո՞ւ է «Եվրատեսիլ-2012»-ին, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Մունն ամիսներ առաջ հայտարարել էր, որ ինքը պատրաստ է ներկայացնել Հայաստանը Բաքվում: