Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրեի ընկերուհին` Մարիա Նիկոլ Ալվարեսը, դատարանում ցուցմունք է տվել, որ բժիշկ-սրտաբանը պատվիրել եւ ստացել է մեծ քանակությամբ ուժեղ ազդեցություն ունեցող պրոպոֆոլ քնաբեր: Առաքումը, ընդ որում, կատարվել է Մարիայի տուն: Այս մասին հայտնում է «Reuters»-ը: Հիշեցնենք, որ հետաքննության վարկածով` բժիշկ Կոնրադ Մյուրեյը Մայքլ Ջեքսոնին մեծ չափաբաժնով քնաբեր է տվել, ինչն էլ երգչի մահվան պատճառ է դարձել: Բժիշկը մեղադրվում է չկանխամտածված սպանության մեջ: Սակայն փաստաբանի պնդմամբ` երգիչն ինքն է օգտագործել այդ դեղամիջոցը, երբ բժիշկը գտնվել է այլ սենյակում: Բժշկի ընկերուհին դատարանում նշել է, որ դեղատներից մեկից ստացել է արկղով դեղեր` չիմանալով, թե դրանք ինչ դեղեր են: Դեղատան տնօրենը նույնպես հաստատել է, որ աղջկա հասցեով ուղարկել է պրոպոֆոլ դեղամիջոց, քանի որ Մյուրեյն ասել էր նրան, որ այդ հասցեում է գտնվում Կալիֆոռնիայում իր պաշտոնական բժշկական ներկայացուցչությունը: Սակայն այդպիսի ներկայացուցչություն իրականում գոյություն չունի: Ի դեպ, եթե դատարանը մեղավոր ճանաչի բժշկին, նրան սպասվում է 4 տարվա ազատազրկում եւ բժշկական լիցենզիայից զրկում: «Reuters»-ի մեկ այլ հրապարակման համաձայն` Մայքլ Ջեքսոնի հետմահու «Immortal» ալբոմը լույս կտեսնի նոյեմբերին: Ալբոմում ընդգրկված կլինեն երգչի մի քանի հիթեր` վերամշակված տարբերակով: Ալբոմում ներառված կլինեն «Jackson 5» խմբի ABC հիթի այլընտրանքային տարբերակը, հայտնի երգերի պոպուրի եւ «They Don’t Really Care About Us» երգը երգչախմբի կատարմամբ: Երաժշտական դիզայներ Քեւին Անտունեսը նշում է, որ ալբոմը ստեղծվել է Ջեքսոնի երաժշտության, նրա ընտանիքի եւ միլիոնավոր երկրպագուների հանդեպ սիրով ու հարգանքով: Ալբոմը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 21-ից: