Ամուսնալուծվո՞ւմ են

06/10/2011

Էշթոն Քաթչերի եւ Դեմի Մուրի միջեւ սեւ կատու է անցել: Հոլիվուդյան ամենաամուր զույգերից մեկը, կարծես, ընտանեկան խնդիրներ ունի: Եվ որքան էլ դերասանները փորձում էին «խնդիրների աղբը տնից դուրս չհանել», դա նրանց չհաջողվեց: Հայտնի զույգի բաժանման մասին այս օրերին խոսում են բոլորը: «Երբ վիրավորված ես մեկից, ինքդ քեզ ու քո սխալներին նայիր: Այդ ժամանակ կատաղությունդ կանցնի»,- այս տողերը Դեմի Մուրը գրել է իր եւ Քաթչերի ամուսնության 6-ամյա հոբելյանի նախորդ օրը: Լրագրողները պարզել են, որ Էշթոնը իրենց համար կարեւոր օրն անցկացրել է ոչ թե կնոջ, այլ «That 70գs Show» նախագծի շրջանակներում իր կոլեգայի` Դենի Մաստերսոնի հետ: Էշթոնն ու Դենին գիշերային ակումբ են հաճախել, որտեղ էլ դերասանի ուշադրությունը գրավել է 23-ամյա ուսանողուհի Սարա Լիլը, ով սեքսուալ պարեր է պարել դերասանի համար: Այնուհետեւ, ինչպես հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները, Էշթոնն ու ուսանողուհին ուղեւորվել են հյուրանոց, իսկ առավոտյան երջանիկ Սարան, մեկ օրում հայտնի դառնալու առիթը բաց չթողնելով, պատմել է, թե ում հետ, որտեղ եւ ինչպես է անցկացրել նախորդ գիշերը: Տեղեկությունը փոխանցելու համար ուսանողուհուն վճարել են 250.000 դոլար: Խոսակցությունների համաձայն, Էշթոնը առաջին անգամ չէ, որ դավաճանել է կնոջը: Զույգը որոշել է որոշ ժամանակ առանձին ապրել, իսկ ամուսնալուծության դեպքում զույգը կիսելու է 290 միլիոն դոլար կազմող համատեղ ունեցվածքը: Ի դեպ, Մուրի նախկին ամուսինը` դերասան Բրյուս Ուիլիսը, ում հետ դերասանուհին շարունակել է ջերմ եւ ընկերական հարաբերություններ պահպանել, այնպես է բարկացել կատարվածից, որ պատրաստ է անձամբ հանդիպել եւ պատժել Էշթոնին: Հիշեցնենք, 48-ամյա Դեմի Մուրը, չնայած, որ հիասքանչ տեսք ունի, իր ամուսնուց մեծ է 15 տարով: Զույգն ամուսնացել է 2005 թվականին: Մուրն առաջին անգամ ամուսնացել է 18 տարեկանում` երգիչ Ֆրեդի Մուրի հետ: 4 տարի հետո զույգն ամուսնալուծվել է, իսկ դերասանուհու հաջորդ ամուսինն է դարձել Բրյուս Ուիլիսը, ով նաեւ Դեմիի 3 դուստրերի հայրն է: Նրանք ամուսնալուծվել են 2000թ.:

Bravo.am