«Փեսացուն կրկեսից»

06/10/2011

«Պահանջվում է միլիոնատերի» հաջողությունը ֆիլմի ստեղծագործական եւ պրոդյուսերական թիմին «ստիպեց» համախմբվել նոր կինոնախագծի շուրջ, որն այլեւս իրականություն է: Օրեր առաջ Երեւանում կատարվում էին «Փեսացուն կրկեսից» արկածային կատակերգության վերջին նկարահանումները:

Կինոկատակերգության ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, սցենարի հեղինակը` Աշոտ Աբրահամյանը, իսկ գլխավոր պրոդյուսերը` Ռուբեն Ջաղինյանը: Ստեղծագործական կազմի փոխանցմամբ, «Փեսացուն կրկեսից» ֆիլմն իրենից ներկայացնում է սուր հումորով ու արկածային սյուժեով մի կատակերգություն, որի գլխավոր հերոսին մարմնավորում է Հովհաննես Ազոյանը, հերոսուհուն` Ռոզի Ավետիսովան: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Սերժ Ավետիքյանը, Վիվիեն Բաստաջյանը, Սոս Ջանիբեկյանը, Նարեկ Դուրյանն ու Սամվել Սարգսյանը:

Մասնագիտությամբ անասնաբույժ գլխավոր հերոսը սիրահարված է դեսպանի դստերը: Աղջկա ծնողների հետ ծանոթանալու համար ամառանոց ժամանած հերոսն իր հետ տանում է իր սիրելի Միկկի կապիկին, որին փորձում է թաքցնել դեսպանից ու նրա կնոջից: Վերահսկողությունից դուրս եկած իրադարձությունների արդյունքում ամառանոցում զարգանում է զվարճալի մի պատմություն` դեսպանի, գլխավոր հերոսի եւ Միկկի կապիկի մասնակցությամբ: Արկածներով լի խճճված պատմությունը կարծես թե վատ ավարտ է ունենում բոլորի համար, սակայն կա մի հանգամանք, որն օգնում է հերոսին խուսափել անհաջողություններից` վերագտնելով կորցրած սերն ու երջանկությունը: Ֆիլմն ունի «հեփի էնդ»:

«Այս ֆիլմում ավելի լավ եմ խաղացել, քան «Պահանջվում է միլիոնատերում»: Սցենարային առումով էլ սա ավելի հետաքրքիր է, իրադարձությունների զարգացումներն ու անցումները շատ ճիշտ են արված, կերպարս էլ կիրթ է: Հաճելի էր եւս մեկ անգամ հանդես գալ նման ֆիլմում այնպիսի պրոֆեսիոնալ դերասանի հետ, ինչպիսին, օրինակ, Սերժ Ավետիքյանն է»,- BRAVO.am-ին ասել է ֆիլմի գլխավոր դերակատարը` Հովոն, հավելելով, որ շատ հաջող է եղել նաեւ զուգընկերուհու խաղը:

Մասնագիտությամբ անասնաբույժ, կրկեսում աշխատողի մարմնավորող դերասանի արտաքին տեսքը գրեթե չի տարբերվում ծաղիկների առաքիչ Տիգրանի տեսքից է. «Մազերս էլի երկար են, չորս ամիս է` չեմ կտրել, կերպարի համար նման տեսք էր պետք. մազերս ավելի լավ են «խաղացել», քան ես: Մի տեսարանում էլ ակնոց եմ կրել, ինչը կապված էր կերպարի կիրթ լինելու հետ»,- ասել է Հովոն:

Նկարահանումների մեծ մասը կատարվել է Դիլիջանում, որտեղ ստեղծագործական կազմը եղել է մոտ 20 օր։ «Իսկապես զգացի բնության շունչը, հանգստացա: Պառկել էի խոտերի մեջ ու վայելում էր մաքուր օդը»,- պատմել է ֆիլմի գլխավոր դերակատարը, ում համար այնքան էլ հեշտ չէր աշխատել կենդանիների հետ: «Առաջին անգամ էի ձեռքս օձ բռնում, Միկկի կապիկն էլ մեկ-մեկ ուզում էր կծել, այնպես էինք անում, որ մեր շփումը նվազագույնի հասցնենք»,- ասել է Հովոն:

«Հովոյի հետ շատ հեշտ է աշխատել, կերպարային եւ սյուժետային առումով ֆիլմը շատ հետաքրքիր է, իմ խաղը դեռ չեմ տեսել, չգիտեմ` ինչպես եմ մարմնավորել գլխավոր հերոսուհուն` դեսպանի դստերը, բայց բնույթով ինքնաքննադատ եմ…»,- նշել է գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ նկարահանվող Ռոզի Ավետիսովան: «Ֆիլմը կապ չունի «Պահանջվում է միլիոնատերի» հետ: Սա առանձին սյուժե ու կերպարներ ունեցող կատակերգություն է, որը, կարծում եմ, կրկնելու եւ գերազանցելու է նախորդի հաջողությունը: «Փեսացուն կրկեսից» կատակերգությունը մեծ էկրան կբարձրանա հոկտեմբերի վերջին»,- ասել է ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը` կարեւոր համարելով այն փաստը, որ ֆիլմի նկարահանումներն արվել են Երեւանի կրկեսում, որն այսօր վերանորոգվում է: «Կրկեսը մոտ երկու տարի չի գործի վերանորոգման պատճառով, իսկ բացվելուց հետո կլինի միանգամայն այլ տեսքով. ֆիլմում կա պատմական արժեք` հին Կրկեսը…»,- ասել է Դ. Բաբախանյանը:

Ֆիլմում հանդես են եկել նաեւ այլ դերասաններ, երգիչներ, որոնց մասին ստեղծագործական կազմը դեռեւս չի խոսում: Չի խոսվում նաեւ սաունդթրեքի մասին, փոխարենն ասվում է, որ «Փեսացուն կրկեսից» ֆիլմն արդեն գրեթե պատրաստ է` մնում է մի քանի նոր նկարահանումներից հատվածներ ավելացվեն, որից հետո ֆիլմը կլինի քաղաքի կինոթատրոններում:

Bravo.am