Հայերը լուրջ հիմք ունեն վիրավորված զգալու Իսրայելի կառավարությունից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար: Անբարեխիղճ են Հոլոքոստի այն զոհերը, ովքեր այդքան անզգա են վերաբերվում մի այլ ժողովրդի նկատմամբ, ովքեր նման ճակատագիր են ունեցել: Իսրայելի կողմից այդպիսի վիրավորական մերժումը պայմանավորված է եղել Թուրքիային` իր «ռազմավարական դաշնակցին» գոհացնելու ոչ բարոյական ցանկությամբ: Իսրայելի բազմաթիվ քաղաքացիների նման, դոկտոր Իսրայել Չարնին եւս խիստ դեմ է իր երկրի կառավարության Հայոց ցեղասպանության վերաբերյալ նման ամոթալի դիրքորոշմանը: Նա երկար տարիներ հանդիսանում է Երուսաղեմում Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի տնօրենը եւ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահը: Բազմաթիվ առիթներով դոկտոր Չարնին արտահայտել է իր խիստ դիրքորոշումը Իսրայելի պաշտոնատարների նկատմամբ` քննադատելով նրանց դատապարտելի կեցվածքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Այս տարվա սկզբին ՀՀ նախագահը դոկտոր Չարնիին պարգեւատրել է նախագահական մեդալով եւ 10.000 ԱՄՆ դոլար մրցանակով` Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված նրա երկարամյա ջանքերի համար: Քանի որ Երեւանում պարգեւատրման արարողության ժամանակ դոկտոր Չարնին խոսելու հնարավորություն չունեցավ, թույլ տվեք ներկայացնել նրա պատրաստած նկատառումներից առանցքային հատվածները.
«Չափազանց անարդար, անիրավ եւ տգեղ է ժխտել ցեղասպանությունը: Դա վտանգավոր է ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովրդի, այլ նաեւ մեր մարդկային քաղաքակրթության համար: Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության ենթարկված ժողովրդին եւս մեկ անգամ նվաստացնելու զազրելի փորձ եւ խարազանված ու հետապնդված ժողովրդի վերքերի եւս մեկ անգամ ցավալի թարմացում է»: «Ավելին, ցեղասպանության ուրացումը նաեւ բռնության օրինականացման մեծագույն հաստատումն է. ցեղասպանության ժամանակ իրականացված հատուկ բռնի սպանությունների հետադարձ արդարացումն է, ինչպես նաեւ` նոր բռնություններ անելու նախազգուշացումներ եւ կոչեր` միեւնույն տուժած ազգի կամ այլ ազգի նկատմամբ: Իրականում, ակնհայտ է դառնում, որ ցեղասպանության ժխտումը հաճախ ժխտողների կողմից պատգամն է առ այն, որ նրանք արդեն իսկ պատրաստ են կամ պատրաստվում են եւս մեկ անգամ բռնություն իրականացնել»: «Ամենեւին էլ պատահական չէ, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը վերջին տարվա ընթացքում երկու առիթներով սպառնացել է Թուրքիայից վտարել 100.000 հայերի, նաեւ ամենեւին էլ պատահական չէ, որ Էրդողանի Թուրքիան (մի ռեժիմ, որ արտառոց կերպով մեծ ջանքեր է գործադրում ժխտելու համար Հայոց ցեղասպանությունը) շարունակում է բռնանալ քրդերի նկատմամբ, ոչնչացնելով հազարավոր գյուղեր, սպանելով տասնյակ-հազարավոր մարդիկ, ինչպես նաեւ` շատ հաճախ Թուրքիայի կառավարությունը թույլ չի տալիս նրանց օգտագործել իրենց մայրենի լեզուն կամ տարածել իրենց մշակույթը»: «Իսրայելը փորձում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ Հայոց ցեղասպանության փաստի ճշմարտացիության հաշվին: Իմ համոզմամբ, այս քաղաքականությունը շատ սխալ է: Անշուշտ, ես չեմ հավատում, որ ազգերը, հատկապես փոքր ազգերը, կարող են չգնահատել քաղաքական իրականությունը եւ անվտանգության ռիսկերը, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ երկարաժամկետ կտրվածքով պետք է լինեն իրապաշտ քաղաքականության սահմանափակումներ, եւ որ ցեղասպանության պատմության ժխտումը ընդունելի սահմաններից դուրս է»։
«Ես չեմ կարող չխոսել Իսրայելի պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Իսրայելն ամբողջությամբ սխալ է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում: Միեւնույն ժամանակ, փառք Աստծո, այժմ ես արդեն կարող եմ ասել, որ Իսրայելի մշակույթում, լրատվամիջոցներում եւ մեր հասարակությունում մենք հաղթել ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճակատամարտը: Երբ մի քանի տարի առաջ չորս անձից բաղկացած մեր պատվիրակությունը, որի կազմում էին պրոֆեսոր Յաիր Օրոնը, պրոֆեսոր Յեհուդա Բաուերը, նախկին նախարար Յոսի Սարիդը եւ ես, եկանք Հայաստան Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանին ծաղկեպսակ դնելու համար, մենք իսկապես ներկայացնում էինք Իսրայելի հասարակության ստվար զանգվածը»: «Այս պահին մեզ տեղեկացրել են, որ Կնեսետը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Ընդհանուր առմամբ Կնեսետն այժմ Իսրայելի պատմության մեջ արդեն երրորդ անգամ քննարկելու է Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցը: Այս քվեարկություններից յուրաքանչյուրը ներկայացնում է մեր նպատակի համար որոշ առաջընթաց: Իսրայելի համակարգում առաջարկը պետք է վերանայվի եւ որոշվի Կնեսետի կոմիտեի մեծամասնության կողմից: Ինչպես գիտեք, քաղաքականությունը հեշտ գործ չէ, եւ մեր ընդդիմադիրներին նախկինում հաջողվել է մեզ պարտության մատնել ճանաչման հենց այս հանգրվանին»: «Այս անգամ առաջարկը կգնա Կրթության հարցերով հանձնաժողով, որտեղ ի տարբերություն Արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով կոմիտեի ընթացակարգերի, որտեղ առաջարկը կարող է թաղվել նույնիսկ առանց որեւէ քննարկման, եւ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվել, Կրթության հարցերով հանձնաժողովում քննարկումները եւ քվեարկությունը հրապարակային է: Մեր մոտիկ գործընկերները եւ ես մեծ հույսեր չունենք, որ այն կընդունվի, սակայն այժմ ավելի մեծ հավանականություն կա, որ հաջողություն կունենանք, քան նախկինում: Ճիշտն ասած, այժմ ցեղասպանությունը ճանաչելու հավանականությունն ավելի մեծ է, քանի որ Թուրքիան Իսրայելին ցույց տվեց իր նենգ կողմը։ Մեզանից շատերը կամաչեն, եթե ցեղասպանության ճանաչումը պայմանավորված լինի այդ պատճառով եւ ոչ թե այն հանգամանքով, որ Իսրայելն ուղղում է երկար տարիների իր սխալը»: Իսրայելցի լրագրող Ռաֆայել Ահրենը ճշգրտորեն նշում է վերջերս հրապարակված Հաարեցի իր հոդվածում. «Եթե Իսրայելը մոտ ապագայում ճանաչի Թուրքիայի կողմից 1 միլիոն հայերի ցեղասպանությունը, ապա դրանում հիմնականում Ամերիկայում ծնված գիտաշխատող Իսրայել Չարնիի արժանիքն է»:
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր