Առայժմ չեն երկխոսում

04/10/2011

Երեկ մի քանի ժամ տեւած քննարկումից հետո Հայ ազգային կոնգրեսի հետ բանակցող պատվիրակության անունից ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածեց հաղորդագրություն, որում ասված է. «Այսօր տեղի ունեցավ մեր աշխատանքային խմբի քննարկումը, որին, հանրապետությունից բացակայության պատճառով, ներկա չէին Դավիթ Հարությունյանն ու Նաիրա Զոհրաբյանը: Հանգամանալից անդրադարձ կատարվեց իշխանությունների հետեւողական հորդորներից հետո սկսած երկխոսության գործընթացի` ՀԱԿ-ի կողմից անտրամաբանական կասեցման հարցին: Մենք անընդունելի ենք համարում իշխանությունների օրինական գործողությունները խեղաթյուրելը, անհարկի քաղաքականացնելը եւ դրանք մատի փաթաթան դարձնելու միջոցով երկխոսության վիժեցումը: Միաժամանակ հուսով ենք, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները վերջապես հասկացան, որ հարցեր քննարկելու եւ լուծումներ գտնելու միակ արդյունավետ ճանապարհը երկխոսության սեղանի շուրջ աշխատանքը շարունակելն է: Ափսոսում ենք, որ այսքան ժամանակ է կորցվել: Միեւնույն ժամանակ չենք կարծում, թե ՀԱԿ-ի կողմից անցկացվող անօրինական հավաքի պայմաններում երկխոսությունը վերսկսելն այն արդյունավետ կդարձնի: Մենք կսպասենք այդ անօրինական գործընթացի ավարտին, որից հետո կքննարկենք ՀԱԿ ներկայացուցիչների հետ մեր հանդիպման մանրամասները»: