ՀՄՀ-ն գոհ է

04/10/2011

«Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան» ծրագրի արդյունքները դիտարկելու նպատակով Հայաստանում է գտնվում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի փոխտնօրեն Փաթրիք Ֆայնը: Երեկ Արարատի մարզում «Ռանչպար-1» պոմպակայանի վերաբացման ժամանակ Փաթրիկ Ֆայնն ասել է. «Մենք շատ գոհ ենք այն առաջընթացից, որ տեսնում ենք»: Նշենք, որ «Ռանչպար-1» պոմպակայանը ոռոգում է 6100 հեկտար հողատարածք` ոռոգման ջրով ապահովելով Արարատի մարզի 23 համայնքների: Այս պոմպակայանի վերականգնման աշխատանքներում ՀՄՀ-Հայաստան ծրագրի կողմից ներդրվել է 5.5 մլն դոլար: Անդրադառնալով կորպորացիայի կողմից երկրորդ ծրագրի ֆինանսավորման հավանականությանը, Ֆայնն ասել է, թե կորպորացիան առավել քան որեւէ այլ կառույց ցանկանում է, որ լինի երկրորդ ծրագիրը: «Երբ մենք քննարկում ենք ապագա ներդրումների հնարավորությունը, հաշվի ենք առնում երկու գործոն` առաջինը, թե ինչ քաղաքականություն է իրականացնում երկիրը, եւ երկրորդ` ուշադրություն ենք դարձնում նախկինում կորպորացիայի հետ համատեղ իրականացրած ծրագրերի ընթացքին: Այս պարագայում կարող եմ ասել, որ դրանք իրականացվել են գերազանց, եւ մենք ակնկալում ենք, որ կշարունակենք մնալ գործընկերներ»,- նշել է նա: