Տնտեսական անցուդարձով հետաքրքրվող մեր հայրենակիցների ուշադրության կենտրոնում 2012թ. ՀՀ պետական բյուջեն է, որն օրեր առաջ հաստատվեց ՀՀ կառավարության կողմից։
Այն դեռ անուն չունի, ինչպես իր նախորդները (սոցիալական բյուջե, հակաճգնաժամային բյուջե եւ այլն), քանի որ հայկական պրակտիկայում բյուջեն «անվանակոչվում» է Ազգային ժողով մուտք գործելիս։ Սակայն հաջորդ տարվա բյուջեն արդեն կարողացել է իր վրա ուշադրություն հրավիրել՝ հիմնականում վարչապետի եւ ՊԵԿ նախագահի հակասության շնորհիվ։ Այնպես որ, կարելի է այս տարվա բյուջեն անվանել «սկանդալային» կամ «ինտրիգային»։
Ինչպես սիրում են ասել մեր իշխանավորները՝ բյուջեն տվյալ տարվա տնտեսական ծրագիրն է։ Այսինքն՝ բյուջեն պետք է արտացոլի տնտեսական առաջնահերթությունները, տնտեսական քաղաքականության մեջ նախատեսվող փոփոխություններն ու ակնկալվող արդյունքները։ Սակայն տարբեր տարիների բյուջեները դիտարկելիս՝ գալիս ենք այն եզրակացության, որ չնայած կնքված անուններին, դրանք բոլորն էլ մեծ հաշվով նույնն են։ Դրանք գոյատեւման բյուջեներ են, որտեղ պետությունը հազիվ կարողանում է ծայրը ծայրին հասցնել թոշակներն ու նպաստները վճարելու համար։ Թվերը միգուցե փոխվում են, սակայն համամասնությունները՝ այնքան էլ չէ։
Օրինակ՝ կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, վերջերս բավականին շատ է խոսում տնտեսության արդիականացման, մրցունակության բարձրացման եւ այլ դրական բաների մասին։ Սակայն արտացոլո՞ւմ է արդյոք պետբյուջեն այդ ամենը։ Ճիշտ է, այն դեռ պետք է հաստատվի ԱԺ-ում եւ կարող է որոշ փոփոխություններ կրել, սակայն դատելով նախնական տեսքից՝ ոչ մի արտառոց (դրական առումով) բան հնարավոր չէ տեսնել։
Ինչպես տեսնում եք՝ բացարձակ թվով ծախսումներն ավելացել են գրեթե բոլոր ուղղություններով, բացի շրջակա միջավայրի պաշտպանության եւ բնակարանային շինարարության ու կոմունալ ծառայությունների ոլորտներից։ Ի դեպ, նվազում զգալի է հատկապես հենց այս վերջին ոլորտում, քանի որ 2012թ. կոնկրետ բնակարանային շինարարությանը հատկացվել է ընդամենը 200 միլիոն դրամ, ընթացիկ տարվա 26.9 մլրդ դրամի փոխարեն։
Ամենից շատ աճել է սոցիալական պաշտպանության ոլորտը՝ 271.9 միլիարդից դառնալով 307.3։ Հենց սրա վրա են հիմնական ուշադրությունը կենտրոնացնում մեր իշխանավորները, քանի որ այս դասի մեջ են մտնում 10%-ով ավելացած թոշակներն ու նպաստները։ Ավելացել են նաեւ պաշտպանության եւ այլ ոլորտներին հատկացվելիք գումարները։
Սակայն, բացարձակ թվերից բացի, պակաս կարեւոր չէ ուշադրություն դարձնել առանձին ոլորտների տեսակարար կշիռներին։ Ամենաուշագրավն, այս առումով, կրթությունն է։ Առանց այն էլ չնչին ֆինանսավորում ստացող կրթության ոլորտը 2012թ. ավելի քիչ է կարեւորվել։ Այսպես՝ եթե 2011թ. կրթության ոլորտի համար նախատեսված է եղել 108.4 միլիարդ դրամ, հաջորդ տարվա համար այդ գումարը ավելացել է 200 մլն դրամով՝ կազմելով 108.6 միլիարդ։ Սակայն կրթության ոլորտի ծախսերի տեսակարար կշիռը բյուջեի մեջ փոքրացել է՝ 10.8%-ից հասնելով 10.4%-ի։ Միգուցե նվազումն այնքան էական չէ։ Սակայն մի երկրի համար, որը առաջնահերթություն է համարում բարձր տեխնոլոգիաները եւ ցանկանում է գիտելիքահենք տնտեսություն ունենալ, կրթության վրա գումարներ չպետք է ծախսվեն։
Կամ, օրինակ, շատ է խոսվում կոռուպցիայի դեմ պայքարի, արդար դատաիրավական համակարգի կայացման մասին։ Սակայն դատավորների աշխատավարձը չի բարձրանում՝ 440 հազար դրամ (հետաքրքրվողների համար նշենք, որ գլխավոր դատախազի ամսական աշխատավարձը 392.000 դրամ է)։ Չենք ասում, թե արդար դատարան ունենալուն խանգարում է միայն աշխատավարձը։ Սակայն իրենք՝ իշխանություններն էլ նյութական ապահովվածության մասին միշտ խոսել են։ Ավելին՝ սրանից որոշ ժամանակ առաջ հրավիրել էին Սինգապուրյան հրաշքի նախահորը, այդ երկրի նախկին վարչապետին, եւ հաճույքով լսում էին, թե ինչպես էր նա պատմում, որ Սինգապուրում աշխատավարձերը բարձրացնելով` գրեթե զրոյացրել են կոռուպցիան։
Միգուցե ոմանք կասեն՝ փող չկա։ Համաձայն ենք, որ բյուջեի միջոցները սուղ են։ Սակայն այլ բաների համար, արի ու տես, որ գումար գտնվում է։ Այսպես, մեքենաների եւ սարքավորումների ձեռքբերման, պահպանման եւ հիմնանորոգման համար 2011թ. բյուջեով նախատեսված է եղել 16.5 մլրդ դրամ, իսկ այս տարի՝ 2.4 միլիարդով շատ՝ 18.9 միլիարդ։ Փոխարենը՝ բյուջեից վճարվող աշխատավարձերի եւ հավելավճարների գումարները նվազել են 3.5 միլիարդով՝ 70.6 միլիարդից հասնելով 67.1 միլիարդի։ Սրա մեջ մտնում է նաեւ ուսուցիչների, բուժաշխատողների եւ պետական այլ հիմնարկների ծառայողների վարձատրությունը։
Ինչ վերաբերում է բուն՝ պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերին (այդ թվում` դատական եւ գործադիր մարմինների աշխատողների վարձատրությունը), ապա այն 14.1 միլիարդից նվազել է մինչեւ 13.2 միլիարդ։
Ի դեպ, պետական կառավարման համակարգի պահպանման ծախսերը մտնում են աղյուսակում ներկայացված առաջին բաժնի մեջ՝ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ։ Իսկ այդ ուղղությանը հատկացվելիք գումարները, ինչպես տեսնում եք, ավելացել են շուրջ 10 միլիարդ դրամով։ Բանն այն է, որ այդ բաժնի մեջ է մտնում նաեւ պետական պարտքի սպասարկումը։ 2012թ. պետական պարտքի սպասարկմանն ուղղվելու է 47.3 միլիարդ դրամ, 4.7 միլիարդով շատ, քան այս տարի։ Սա էլ դրսից ներգրավված վարկային միջոցների «խերը»։
Վերջում ավելացնենք, որ չնայած բյուջեի սուղ միջոցներին եւ հարկերի հավաքագրման դժվարությանը՝ պետությունը գումարներ չի խնայում դրամաշնորհների տրամադրման վրա։ Դրանց գումարը 2012-ին կազմելու է 98.5 մլրդ դրամ` այս տարվա 89.5 միլիարդի դիմաց։ Ընդ որում, ամենից շատ՝ 5.2 միլիարդ դրամով ավելացել են «Այլ ընթացիկ դրամաշնորհները»։
Բյուջեի մասին կարելի է անվերջ գրել, սակայն առայժմ սահմանափակվենք այսքանով՝ հաշվի առնելով, որ այն դեռ վերջնականապես չի հաստատվել եւ ենթակա է փոփոխությունների։ Սակայն հետաքրքիր մանրամասների ի հայտ գալու դեպքում դրանք անպայման կներկայացնենք։