«Facebook» սոցիալական ցանցում այսօրվանից շրջանառության մեջ է մտել ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի հրաժարականի պահանջը: Արդար ցասումը, քաղաքացիների ոտնահարված իրավունքները պաշտպանելու մղումը օգտատերերին ստիպել է նախարարի փոխարեն կազմել նրա հրաժարականի` նկատենք, բավականին նրբագեղ տեքստը: Այն ավարտվում է այսպես. «Հույս ունեմ ապագայում տեսնել ձեզ առավել արժանապատիվ եւ մարդկային պայմաններում երթեւեկելիս: Հարգանքներով` Մանուկ Վարդանյան»:
Տեքստի ոճային առանձնահատկություններից ելնելով` նախարարն իր հրաժարականը ներկայացնելուց հետո պետք է որ հանի ջայլամի փետուրներով պատված լայնեզր գլխարկը, հարգանքի ռեւերանս անի եւ հեռանա նախարարությունից` իր ձիուն հեծած: Սակայն նախարարը դժվար նման քայլի դիմի:
Նապոլեոնի Ոստիկանության նախարար Ժոզեֆ Ֆուշեի միտքն է. «Ասա մեկ բառ, եւ ես կապացուցեմ, որ հայրենիքի դավաճան ես»: Այս տրամաբանությամբ, կարող ենք տալ գրեթե բոլոր նախարարների, բարձրաստիճան մյուս պաշտոնյաների անունները, եւ կգտնվեն նրանց պաշտոնանկության տասնյակ, մեկը մյուսից լուրջ հիմնավորումներ:
Ինչ վերաբերում է փակ ճանապարհներին եւ մարդկանց` տեղաշարժվելու իրավունքից զրկելուն, ապա ՀԱԿ-ի հանրահավաքների օրերին` ընդ որում, արդեն մի քանի տարի, որպես կանոն, փակ են եղել մարզերը մայրաքաղաքին կապող բոլոր ճանապարհները: Ի՞նչ է ստացվում. մարդիկ առավոտյան գալիս են գյուղամեջ ու տարակուսած կանգնում. այնտեղ, ուր դեռեւս նախորդ օրը երթուղայիններից ու տաքսիներից ազատ տեղ չկար, այժմ ծուլորեն զբոսնում է մի երկու հավ: Այս մարդիկ մայրաքաղաք հասնելու համար պատրաստ են անգամ հաճույքով «կռանալ ծալապատիկ, հպվել հասարակական տրանսպորտից օգտվող այլ քաղաքացիների»: Պատրաստ են հանդուրժել «հիգիենա» բառի հականիշ դարձած երթուղայինների վարորդներին, նրանց ծխախոտի ծուխը, միայն թե հասնեն Երեւան: Եվ, պարզվում է, հասնում են: Ընդ որում` քաղաքականապես հասուն ուղեւորները լուտանքներ են թափում իշխանությունների գլխին, «քաղաքականապես տհասները»` ընդդիմության, որ իրենց հանրահավաքներով ու այժմ էլ` մեկշաբաթյա նստացույցով նման անհարմարություններ են պատճառում իրենց: Իսկ սա, գուցե, դեռ սկիզբն է… ՀԱԿ առաջնորդը սեպտեմբերի 30-ին իր ելույթում պարզ ասաց. «…Շոշափելի արդյունքների չհասնելու պարագայում, մեկ շաբաթ անց, մենք ձեզ հետ միասին կորոշենք` շարունակե՞լ, թե՞ դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները»:
Մարզերից մայրաքաղաք եկող ճանապարհներն, անհրաժեշտությունից ելնելով փակելն, ի դեպ, ավանդույթ է, որն ունի խոր արմատներ: Հաջողությամբ կիրառվել է նաեւ առաջին հիմնադիր նախագահի իշխանության օրոք եւ որպես արդյունավետ միջոց` փոխանցվել մեր օրեր: Սակայն փոքրիկ այս մանրուքը հիշելը պեդանտություն է, երբ բարեկամուհիդ Գյումրիից Երեւան է հասնում անծանոթի գրկում տեղավորված: Իսկ այդ «մտերմությունը» կարող է սկիզբ դառնալ մի նոր ընտանիքի ստեղծման:
Կապի եւ Տրանսպորտի նախարարության պարտքն է` ապահովել բնակչության ազատ եւ անվտանգ տեղափոխումը տրանսպորտային միջոցներով: Սակայն որոշումը` փակել մարզերից մայրաքաղաք բերող ճանապարհները, մարդկանց զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից, դժվար թե այս նախարարության հեղինակածն է: Սա քաղաքական վճիռ է, որը կարող է դուրս գալ միայն մեկ հասցեից` Բաղրամյան 26: Այնպես որ, ակցիայի մասնակիցների բողոքի ցույցերը Կապի եւ տրանսպորտի նախարարության շենքի մոտ, այնքան էլ ճիշտ հասցեով չեն: Տրամաբանական է պահանջել երկրի նախագահի հրաժարականը:
Եվ հետո, մայրաքաղաք բերող ճանապարհները հսկում են ոչ թե երթուղայինների վարորդները, այլ Ճանապարհային ոստիկանության մեքենաները: Ոստիկանների արծվենի հայացքներն անմիջապես որսում են կասկածելի մտադրություն ունեցողներին: (Ի դեպ, մի զվարճալի միջադեպ հիշեցի այս թեմայով: Երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահական ընտրություններին պարտվեց Ստեփան Դեմիճյանին, վերջինիս կողմնակիցները` տասնյակ-հարյուրավոր մարդիկ, մարզերից ոտքով ճանապարհ էին ընկնում մայրաքաղաք: Նրանց ճանապարհը փակում էին ոստիկանները: Կրքերը շիկանում էին, եւ ընդունվեց որոշում` լիցքաթափել մթնոլորտը: «Հայլուրը» մի ռեպորտաժ պատրաստեց, թե ինչպես են իրավապահները փակում նաեւ դեպի Երեւան շարժվող Ռոբերտ Քոչարյանի` իբր զայրույթից փրփրած համակիրների ճանապարհը: Այսինքն` մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակվում է, այո՛: Սակայն սահմանափակվում է հավասարապես): Ակնհայտ է, որ անտեղի չէր լինի պահանջել նաեւ ոստիկանապետի հրաժարականը:
Այն, որ ճանապարհները փակվելու են, հայտնի էր: Եվ սպասելի: Այդ մասին, ինչ խոսք, գիտեր նաեւ ՀԱԿ առաջնորդը: Սակայն իշխանություններին ներկայացված մի շարք պահանջների թվում ոչ մի կերպ չի երեւում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքին չխոչընդոտելու պայմանը: «Վերացնել Երեւան քաղաքում փողոցային առեւտրի վրա դրված ապօրինի արգելքը» կա: «Չեղյալ հայտարարել Երեւանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը» կա: «Դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երեւանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը» կա: Կա իշխանություններին ներկայացված եւս հինգ պահանջ լրիվ այլ թեմատիկայով: Սակայն ոչ մի խոսք փակ ճանապարհները բացելու մասին: Ինչ խոսք, կարելի է ասել`
ՀԱԿ-ը մաքսիմալիստ չէ եւ կարող է բավարարվել Ազատության հրապարակում հավաքված մարդկանցով: Բայց դժվար. հիմնադիր նախագահը նախորդ հանրահավաքում մասնակիցներին առաջարկել էր իրենց հետ հրապարակ բերել առնվազն հինգ մասնակցի:
Սակայն մինչ մարդկանց ազատ տեղաշարժի խնդրի լուծումը օրակարգում է ոչ պակաս կարեւոր խնդիր` զուգարաններ: Եթե երեւանաբնակները կարող են անգամ մեկ րոպեով մտնել իրենց տուն, մարզից ժամանածների համար խնդիրն անհամեմատ սուր է դրվում: Բայց այս դեպքում կարծես հասունանում է արդեն քաղաքապետի հրաժարականի հարցը…