«Քոչարյանը վերադարձի բարոյական եւ քաղաքական իրավունք ունի»

04/10/2011

– Պարոն Ծառուկյան, «Եդինայա Ռոսիյա»-ի համագումարին Ձեր մասնակցությունը եւ Մոսկվայում ունեցած հանդիպումները տարբեր մեկնաբանությունների եւ կանխատեսումների տեղիք են տվել: Ինչպես կբնութագրեք Դուք Ձեր հարաբերությունները ռուսական քաղաքական վերնախավի հետ:

– Ես` որպես ԲՀԿ նախագահ, մասնակցում էի «Եդինայա Ռոսիյա»-ի համագումարին ռուսական կողմի հրավերով, եւ այստեղ ոչ մի զարմանալի բան չկար, որովհետեւ Դուք գիտեք, որ ԲՀԿ-ի հիմնական գործընկեր-կուսակցությունը Ռուսաստանում հենց «Եդինայա Ռոսիյա»-ն է: Եվ ես կարծում եմ, որ մեր երկու կուսակցությունների լավ հարաբերությունները միմիայն կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների է՛լ ավելի զարգացմանը:

– Իսկ ի՞նչ եք կարծում, ինչո՞վ էր պայմանավորված Պուտինի վերադարձը, եւ ի՞նչ ազդեցություն դա կունենա Հայաստանի վրա:

– Ռուսական քաղաքական վերնախավի համար դա անսպասելի իրադարձություն չէր, քանի որ բոլորն են հասկանում, որ հենց նրա ժամանակ էր, որ Ռուսաստանը դուրս եկավ 90-ականներից եկած խորը ճգնաժամից, եւ կարողացավ կանգնեցնել չեչենական պատերազմը` կայունությունը վերականգնելով այդ երկրում: Ինչ վերաբերում է մեզ, ապա ես կարծում եմ, որ նրա վերադարձը միմիայն դրական ազդեցություն կունենա մեզ համար, թե հայ-ռուսական հարաբերությունների զարգացման, եւ թե ղարաբաղյան խնդրի կարգավորման տեսակետներից:

– Շատերը Պուտինի վերադարձի հետ կապում են նաեւ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձը մեծ քաղաքականություն, որն, ի դեպ, չբացառեց նաեւ երկրորդ նախագահը` իր վերջին հարցազրույցում: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Ես զարմանում եմ, որ անկախության 20-րդ տարեդարձը նշող հասարակությունն այդպիսի պարզունակ հետեւություններ է անում: Կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք հոգեբանորեն էլ մեզ անկախ զգանք, հակառակ դեպքում լիարժեք պետականություն չենք կառուցի: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ նախագահի հնարավոր վերադարձին, ապա նա դրա բարոյական եւ քաղաքական իրավունքն ամբողջովին ունի:

– Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները գործող նախագահի հետ:

– Շատ նորմալ եւ աշխատանքային:

– Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը այն երկխոսության գործընթացին, որը գնում է ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ:

– Ես կարծում եմ, որ երկիրը ցնցումներից զերծ պետք է պահել: Ես ողջունում եմ եւ գործող նախագահին, եւ առաջին նախագահին, որ երկրի կայունությունը կարողացան վեր դասել ամեն ինչից, եւ մեզ մոտ չկրկնվեցին ոչ ադրբեջանական, ոչ էլ վրացական սցենարները: Հիշենք, թե այդ երկրները երբ կորցրեցին իրենց տարածքները…

– Երկրում առկա է մի տեսակ հոռետեսական մթնոլորտ, շատերը հեռանում են երկրից, մյուսները նյարդայնացած են, եւ այս ամենը տեղափոխվում է քաղաքական դաշտ: Ինչպե՞ս կարելի է փոխել այս իրավիճակը:

– Դուք ճիշտ նկատեցիք, մենք դարձել ենք նյարդային եւ դառնացած ազգ: Բնականաբար, այս վիճակը պետք է փոխել: Պետք է փոխել վիճակը մեր քաղաքական, հասարակական դաշտում: Ատելությունն իրար նկատմամբ պետք է փոխարինվի հանդուրժողականությամբ եւ հարգանքով միմյանց նկատմամբ: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ առանց համախմբման չենք կարող այս վիճակից դուրս գալ: 2012 թվականը պետք է դառնա Հայաստանի համար լավատեսության, իրար նկատմամբ հարգանքի, բարգավաճման տարի:

– Իսկ ի՞նչ է պետք դրա համար:

– Շատ քիչ բան, մեր պրոբլեմների 20-25%-ը գտնվում է մակերեսի վրա: Ուղղակի պետք է տնտեսությունը զարգացնել ոչ թե պարզունակ «գրքային» սխեմաներով, այլ իրական կյանքի փորձը հաշվի առնելով: Մարդիկ այսօր վատ են ապրում, էլ ինչո՞ւ ենք մենք լրացուցիչ արհեստականորեն վատթարացնում նրանց պայմանները: Հայ մարդը պետք է կարողանա ընտանիք կազմել, տուն պահել: Հայերն ամբողջ աշխարհին ապացուցել են, որ գործունյա են: Ամերիկայում, Ռուսաստանում, Եվրոպայում հայերը հիմնականում գործարար են, աշխատասեր: Մենք էլ Հայաստանում այնպիսի պայմաններ ստեղծենք, որ մարդը մնա Հայաստանում, աշխատի, ոչ թե այնքան նեղենք, որ թողնի նեղացած գնա երկրից: Դրա համար անհրաժեշտ է մեր աշխատող մարդկանց ձեռքերն ազատ թողնել: Պետությունն այսօր դեռ շատ բան չի կարող անել, որովհետեւ այդքան հարուստ չէ: Սակայն գոնե պետք է չխանգարի նաեւ կրպակի տիրոջը, խանութի առեւտրականին, փոքր արտադրամաս ունեցողին, որ նրանք ոտքի կանգնեն, կայանան եւ իրենց հարկերով հարստացնեն նաեւ պետությունը: Իսկ եթե ձու բերող հավին մորթենք, այլեւս ձու էլ չի լինի: Մի՞թե ակնհայտ չէ այս ամենը:

– Ի՞նչ եք անում Դուք` մարդկանց կյանքը թեթեւացնելու համար:

– Նախ ասեմ, որ սա մեկ մարդու խնդիրը չէ, մարդկանց կյանքի որակը կրկին փոխելու համար պետական մոտեցում է պահանջվում: Իսկ իմ կողմից նշեմ, որ ես անընդհատ հանդիպումների եւ շփման մեջ եմ հասարակության ամենալայն շերտերի հետ: Դրանք չափազանց կարեւոր եւ հեռանկարային հանդիպումներ են: Հաշվի առնելով այսօրվա սոցիալական ծանր իրավիճակը` ես մեծացրել եմ աջակցությունս «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, ընդլայնել ենք ծրագրերը, եւ գոնե այդպես փորձում ենք օգնել մարդկանց:

– Ինչպե՞ս եք պատրաստվում գալիք խորհրդարանական ընտրություններին:

– Ես նշեցի, որ մեր երկրում վիճակն այնպիսին է, որ ոչ ոք միայնակ չի կարող Հայաստանը դուրս բերել այս իրավիճակից: Մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է ոչ թե մեխանիկական, այլ բովանդակային համախմբում, եւ այդ իմաստով մենք չպետք է փնտրենք ներքին թշնամիներ: Կոնկրետ «Բարգավաճ Հայաստանն» իր առջեւ խնդիր է դրել այդ համախմբողի դերը ստանձնել, որպեսզի 2012թ. մենք իրավամբ կարողանանք դնել նոր Հայաստանի բարգավաճման հիմքը:

– Գալիք ընտրություններին «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է միայնա՞կ մասնակցել, թե՞ կոալիցիայի միասնական ցուցակով:

– Ես մի քանի անգամ նշել եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» միայնակ է գնալու ընտրություններին` ձեւավորելով սեփական ցուցակը: Մյուս կողմից, ես կրկին ուզում եմ շեշտել, որ այս վիճակից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ է ավելի մեծ կոնսոլիդացիա, համախմբում, քան նույնիսկ այսօրվա կոալիցիան է: Հավատացեք, որ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար մենք պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ չեն լինի թշնամիներ եւ հակառակորդներ: Եվ կոնկրետ ես համոզված եմ, որ սա է իրականությունը, եւ շարժվելու եմ հենց այդ սկզբունքով:

– Ո՞ւմ է պաշտպանելու ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում:

– Սկզբում խորհրդարանական ընտրություններն են: Դա հիշեք: Ի դեպ, ես այս հարցին ամիսներ առաջ կեսկատակ-կեսլուրջ պատասխանել եմ` «այդ մասին` հաջորդ դասին»: Պատասխանը մնում է ուժի մեջ: