«Ազատություն» ռ/կ ադրբեջանական ծառայության աշխատակից Շահնազ Բելյարգիզին հաստատել է, որ անցած շաբաթ օրը տեղի է ունեցել հարձակում Բաքվում բռնցքամարտի աշխարհի առաջնությանը մասնակցող հայ մարզիկների վրա: Այն պահին, երբ ռինգում Հովհաննես Դանիելյանն էր, մարզասրահ են ներխուժել «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» անդամները եւ սկսել են քարեր նետել հայերի վրա: Այդ կազմակերպության ղեկավար Աքիֆ Նաղին հայտարարել է, թե իրենք նախապես տեղեկացրել են իշխանություններին, որ ստեղծված իրավիճակում, «երբ կա հայ-ադրբեջանական չկարգավորված հակամարտություն, երբ ադրբեջանական տարածքները գրավված են հայերի կողմից», իր ղեկավարած կառույցը «չի հանդուրժի հայերի ներկայությունն Ադրբեջանում»: «Հենց տեսանք հայ մարզիկներին, սկսեցինք քարկոծել, հետո սկսվեց ընդհարում ոստիկանների հետ, մեր 7 ակտիվիստներին փոխադրեցին Ոստիկանության Նասիմինյան շրջանի բաժանմունք»,- ասել է Աքիֆ Նաղին: Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնյաները պնդում են, որ Հեյդար Ալիեւի անվան մարզադահլիճում «Ղարաբաղի ազատագրության կազմակերպության» ակտիվիստների եւ հայ մարզիկների միջեւ տարածությունն այնքան մեծ էր, որ մարզիկներից եւ ոչ մեկը քարկոծությունից չէր կարող տուժել: