Բուչիչ նամակներ

04/10/2011 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Մոմորդիկա

Վերջին տարիներին բուսաբանների ուշադրությանն է արժանացել լիանայի մի տեսակ, որը բժշկական մեծ նշանակություն ունի։ Այս հետաքրքիր բույսի հետ մեր առաջին ծանոթությունը եղավ այն պահին, երբ որդիս այդ բույսի մի քանի սերմեր բերեց` օվալաձեւ, կտրտված ուրվագծով անսովոր սերմեր էին դրանք։ Անմիջապես դրեցինք սերմերը պարարտ, փուխր հողի մեջ, եւ արդեն երկու տարի է` հիանում ենք բույսի գեղեցիկ, վառ-փայլուն ծաղիկներով եւ խաղողի նման տերեւներով։ Երկու անգամ բույսը մեկական պտուղ տվեց. սկզբից` կանաչ, հետո` դեղին, ապա` կարմրանարնջագույն։ Այն հիշեցնում է փոքրիկ «վիշապիկի», որն ունի կտրատված բշտիկավոր մակերես, իսկ հասունանալուց հետո կարող է հանկարծակի բացվել եւ դուրս ցպնել ներսի պարունակությունը, բացված վիճակում այն նման է շուշանի։ Երբ գարնանը բաց էինք թողնում պատուհանը, գրեթե չէր լինում այնպիսի օր, որ ծաղկած բույսին «չայցելեին» մեղուները։ Ավելի ուշ պարզեցինք, որ բույսն իրոք լավ մեղրատու է, դրանից ստացված մեղրը բարձր է գնահատվում։ Բույսը հետագայում բարձրացավ մինչեւ առաստաղ: Բույսի գիտական անվանումն է` momordicus,որը թարգմանվում է «կծան», աճում է Չինաստանի արեւադարձային գոտում, Թայվան եւ Ֆիլիպինյան կղզիների վրա, Արեւելյան Հնդկաստանում։ Բնության մեջ բույսը հանդիպում է մինչեւ 1300 մետր բարձրության հասնող լեռնային գոտու անտառներում, «մագլցելով» ծառերի վրա։

Բույսի սերմերի եզրագծերի ուրվագիծը երբեք չի կրկնվում։ Հազարների մեջ հնարավոր է չգտնեք երկու միանման «եզրանկար» ունեցող սերմ։ Սկզբից բացվում են արական սեռի ծաղիկները, հետո` ավելի փոքր չափ ունեցող իգականները։ Բույսը ջերմասեր է, լավ է աճում արեւոտ տեղերում, «վախենում» է քամուց, ծաղկման շրջանը շատ երկար է։

Momordicus ազգի բույսերը թվով 45-ն են, բացի Արեւելյան Ասիայից, դրանք տարածված են Ամազոնի ավազանում, Կարիբյան կղզիների վրա, Աֆրիկայի արեւելյան մասի արեւադարձային գոտում։

Մոմորդիկան հարուստ է սպիտակուցով, պարունակում է նաեւ կարոտին, վիտամին C, ֆոսֆոր, կալցիում, երկաթ։ Սերմը պարունակում է եթերային յուղ (55 տոկոս)։

Հարավային Ամերիկայում բույսը մշակվում է դեղագործական նպատակներով։ Չինացիներն օգտվել են մոմորդիկայի բուժիչ հատկություններից դեռեւս 5000 տարի առաջ, բուժել են պսորիազ, ստամոքսի խոց, շաքարային դիաբետ, ուռուցքներ։ Բույսն ունի նյարդերը հանգստացնող, հակամանրէ, նյութափոխանակումը կարգավորող հատկություն։

Այս` դդմազգիների ընտանիքին պատկանող բույսի պտուղներն ունեն զարմանալի բուժիչ հատկություններ. ըստ ժամանակակից հետազոտողների` այն կարգավորում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ եւ իջեցնում «վատ խոլեստերինի» մակարդակը, հասկանալի է, որ այս երկու հանգամանքները բարերար ազդեցություն կունենան սիրտ-անոթային համակարգի վրա։ «Վատ խոլեստերին» ասելով` հետազոտողները նկատի ունեն ցածր խտություն ունեցող LDL-խոլեստերինը, որը վերջինի ամենավտանգավոր տեսակն է։

Ինչ վերաբերում է գլյուկոզային, ապա մոմորդիկայի պտուղը նպաստում է, որ այն կլանվի բջիջներում, ինչը կարեւոր է արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման համար։ Կան պահպանված հաղորդագրություններ, որոնք պատմում են, թե ինչպես է մոմորդիկան ազդում չարորակ ուռուցքների վրա։

Բույսի հայրենիքը Հարավային Ասիան է, որտեղ այն շատ հարգի է եւ համարվում է «երկարակյացների պտուղ»։

Բույսն ուտելի է, դրանից պատրաստում են զանազան ուտեստներ, պտուղը դառնահամ է, ունի յուրահատուկ` նուռը հիշեցնող թթվաշություն։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում են բույսի արմատը, տերեւը, սերմը, ծաղիկը եւ պտուղը։

Սերմերը եւ պտուղը կանխարգելում են թրոմբի առաջացումը, իջեցնում ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման հավանականությունը, կիրառվում են լեյկեմիայի, ռեւմատիկ արթրիտի, գլխացավի, հոդացավի, ֆուրունկուլյոզի դեպքում, օգտակար է հեպատիտով հիվանդներին։

Բույսը պարունակում է ստերոիդներ, որոնք կարողանում են պայքարել գրիպի հարուցիչի դեմ, բուժում են տենդից եւ բորբոքումներից։

Պտղի (սերմով) եւ տերեւի համատեղ (1։1) եփուկը կիրառում են միզաքարային հիվանդության եւ պրոստատի բուժման համար, ունի ճարպերն այրելու հատկություն։

Հակացուցված է հղիներին։

Շաքարախտի դեպքում. Խմեք 10-15 մլ մոմորդիկայի թարմ հյութ, օրը 3 անգամ, սնունդ ընդունելուց առաջ։

Ստամոքսի խոցի դեպքում. Մոմորդիկայի մանրացրած, չորացրած սերմի 1 թ/գ-ն 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Բաժանեք 3 մասի, խմեք սնվելուց 1 ժամ հետո։ Թուրմն ունի նաեւ միզամուղ եւ հակաբորբոքային հատկություն։

Հիպերտոնիա. Հյութը խմեք նույն չափաբաժիններով սնունդ ընդունելուց հետո։

Կարծրախտ (սկլերոզ). Խառնեք մոմորդիկայի չորացրած պտուղը եւ սերմը։ Հումքի 5 ճ/գ-ին ավելացրեք 1 լ օղի։ Մեկ ամիս թրմեք մութ տեղում։ Խմեք օրը 2 անգամ, մեկական թ/գ։

Դեպրեսիա. Օրը 1-2 անգամ խմեք ջրի հետ 1 թ/գ չորացրած, փոշիացրած մոմորդիկայի պտուղը` սերմի հետ։

Տերեւների թուրմը հարթեցնում է մաշկը, դարձնում առաձգական։ 1 ճ/գ թարմ տերեւը 30 րոպե թրմեք 20 մլ եռջրում, քամեք, դրեք թրջոցներ դեմքին։

Նույն թուրմը կարելի է խմել որպես օրգանիզմը ամրապնդող միջոց։