Վերլուծաբան Թոմաս դե Վաալը «Financial Times»-ում` անդրադառնալով ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին, գրել է, թե` նրա ազդարարած վերադարձը վկայում է, որ Եվրամիությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ տարածաշրջանը եւ ներկայանա որպես այլընտրանք ռուսաստանյան ավտորիտար մոդելին: «Անհանգստության ազդանշանները հետխորհրդային եվրոպական վեց երկրներից` Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից, վաղուց են հասնում: 20 տարի առաջ անկախություն հռչակած այդ վեցյակն այսօր հիասթափվածների խմբի է վերաճել»: Նաեւ հավելել է. «Վրաստանի իշխող վերնախավը արդիականացմանն ուղղված որոշ տպավորիչ բարեփոխումներ է իրականացրել, սակայն նրա դեմոկրատական նվաճումների պատմությունն անբիծ չէ: Վրաստանն այսօրվա դրությամբ գործնականում դարձել է միակուսակցական պետություն, որում հսկողության եւ հակակշիռների մեխանիզմներ գրեթե չեն պահպանվել»,- նշում է փորձագետը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին, ապա դե Վաալը գրում է. «Հայաստանն ու Ադրբեջանն էլ տակավին կաթվածահար վիճակում են Լեռնային Ղարաբաղի վիճարկելի տարածքի շուրջ առկա հակամարտության հետեւանքով»: