«Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք եւ հիմա էլ ասում ենք, որ յուրաքանչյուր քաղաքական գործիչ իրավունք ունի կայացնելու իր քաղաքական որոշումը»,- երեկ tert.am-ին ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորության մասին հայտարարությունը: Շարմազանովի խոսքով` Ռ. Քոչարյանը ազատ է հրապարակային քաղաքականություն վերադառնալու որոշում կայացնելու հարցում. «Դա իր եւ իր թիմի գործն է` ինչպես վերադառնալ հրապարակային քաղաքականություն, հատկապես, որ մենք ունենք առաջին նախագահի փորձը: ՀՀԿ-ն կարծում է, որ քաղաքականությունը մրցակցություն է, որը բաց է մասնակցության համար»,- ասել է նա` ընդգծելով, թե ՀՀԿ-ն հավաքական եւ միակամ է Սերժ Սարգսյանի կողքին` պատրաստ իրագործելու նրա ծրագրերը: Ի դեպ, Է. Շարմազանովը համամիտ է Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, որ Հայաստանում քաղաքական զարգացումները չպետք է պայմանավորվեն թեկուզ Հայաստանի համար շատ կարեւոր, բայց ուրիշ երկրում ծավալվող իրադարձություններով: