Հայ ազգային կոնգրեսը երեկ վերջապես անցավ «վճռական» գործողությունների` հայտարարելով, որ մեկշաբաթյա շուրջօրյա հանրահավաքներ եւ նստացույց է անցկացնում Ազատության հրապարակում: Հանրահավաքի բոլոր ելույթները նկատելիորեն սուր էին, եւ արդեն սկզբից կարելի էր կռահել, որ ՀԱԿ-ը նման որոշում է կայացրել, թեեւ շուրջօրյա ակցիաներ անցկացնելու որոշումը «բեմադրվեց»` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ներկայացվելով` որպես մասնակիցների` ինքնաբուխ միջոցառում կազմակերպելու պահանջի կատարում: Ինչպես վերջին շրջանի մի քանի հանրահավաքներում, երեկվա հանրահավաքը եւս առանձնացավ սկզբունքային հակասություններով: Նախ` նախորդների նման, Լ. Տեր-Պետրոսյանից առաջ ելույթ ունեցողները բավական սուր հռետորաբանություն էին օգտագործում, սակայն, ինչպես եւ անցած հանրահավաքներին, եկավ Լ. Տեր-Պետրոսյանը եւ հայտարարեց «ոչ մաքսիմալիստ լինելու» մասին: Սակայն երեկվա հանրահավաքի ու անձամբ Լ. Տեր- Պետրոսյանի ամենամեծ հակասությունն այն էր, որ նա նախ սկզբում բավական ծավալուն անդրադարձ կատարեց երկխոսության տապալման թեմային` կրկնելով, որ իրենց համար «ի սկզբանե իսկ ակնհայտ էր, որ երկխոսության բնականոն ընթացքի պարագայում անգամ` այն չէր հանգեցնելու մեր ուզած արդյունքին», ապա հայտարարեց, որ այսօրվանից սկսած` շուրջօրյա հանրահավաքներին զուգահեռ` Կոնգրեսը պատրաստ է վերսկսել երկխոսությունը: Ավելին` չբավարարվելով երկխոսության համար մինչ այժմ գոյություն ունեցող պատվիրակությամբ, ՀՀ նախագահի աշխատակազմի հետ ուղղակի կապ պահպանելու համար նա լիազորեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Մանուշակ Պետրոսյանին: Դրանով էլ չբավարարվելով, Լ. Տեր-Պետրոսյանը հրապարակեց նաեւ ազատազրկման մեջ գտնվող ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նամակը, որում վերջինս ՀԱԿ-ին հորդորում է չկաշկանդվել իր` անազատության մեջ գտնվելու հանգամանքով, եւ շարունակել երկխոսությունը: Այսինքն` իրականում ՀԱԿ երեկվա հանրահավաքը, բացի նստացույց հայտարարելուց (կամ գուցե հենց այդ ճանապարհով), կարծես եւս մեկ նպատակ ուներ` ամեն գնով փրկել երկխոսությունը: Հետաքրքիր է, սակայն, եթե եւ մինչեւ երկխոսության մեկնարկը, եւ առավել եւս` այսօր, ՀԱԿ-ը համոզված է, որ այն չի տալու «իրենց ուզած արդյունքը», ո՞րն է այն շարունակելու իմաստը: Կարող են մի քանի վարկածներ լինել` սկսած նրանից, որ երկխոսության շարունակությունը հնարավորություն կտա որպես «փոխզիջում»` դադարեցնել զանգվածային գործողությունները, որոնց շարունակականության հարցում գուցե ՀԱԿ ղեկավարները վստահ չեն, վերջացրած նրանով, որ երեկ տեղի ունեցածը պետք է դիտարկել վերջին շրջանի արտաքին քաղաքական գործընթացների ուղեծրում: Կարծիք կա անգամ, որ շուրջօրյա հանրահավաքներ սկսելու քայլը ՀԱԿ-ի կողմից որպես «լուրջ պետություն» որակվող Ռուսաստանի պատասխանն էր Սերժ Սարգսյանին` նրա վերջին արեւմտյան այցելությունների առթիվ: Այս վարկածներից որեւէ մեկի ճշմարտացի լինելը պարզ կդառնա առաջիկա օրերին իշխանությունների պատասխան քայլերից: Մեծ է հավանականությունը, որ իշխանությունները չեն փորձի բռնություն գործադրել ակցիայի մասնակիցների նկատմամբ, թեեւ ամբողջովին դժվար է բացառել նաեւ հակառակ տարբերակը: Ամեն դեպքում, հետաքրքիր պատահականությամբ` ՀԱԿ-ի հայտարարած մեկշաբաթյա ժամկետի ավարտը համընկնում է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայաստան կատարելիք այցի օրվա հետ: Այնպես որ, Երեւանում անցկացվող շուրջօրյա հանրահավաքը կարող է նաեւ լավ քարոզչական ֆոն դառնալ իշխանությունների համար: