«Financial Times»-ում հրապարակած իր հոդվածում վերլուծաբան Թոմաս դե Վաալն անդրադարձել է Արեւելյան գործընկերության ծրագրին:
Ըստ դե Վաալի` եվրոգոտու ճգնաժամի եւ աշխարհամասի հարավային սահմանների մոտակայքում շարունակվող հուզումների պայմաններում Եվրոպայի ղեկավարները քիչ ուշադրություն են հատկացնում արեւելյան սահմաններից այն կողմ ծավալվող զարգացումներին: Մինչդեռ, նրա համոզմամբ` նրանք պարտավոր են փոխել այդ մոտեցումը: Դե Վաալի դիտարկմամբ` Վլադիմիր Պուտինի ազդարարած վերադարձը վկայում է, որ Եվրամիությունը պետք է ուշադրության կենտրոնում պահի այդ տարածաշրջանը եւ ներկայանա որպես այլընտրանք ռուսաստանյան ավտորիտար մոդելին: «Անհանգստության ազդանշանները հետխորհրդային եվրոպական վեց երկրներից` Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից, վաղուց են հասնում: 20 տարի առաջ անկախություն հռչակած այդ վեցյակն այսօր հիասթափվածների խմբի է վերաճել: Փոքրիկ Մոլդովան, թերեւս, դրանց շարքում լուսավոր կետն է, ունի առաջադիմական կառավարություն, սակայն ամենաթշվառն է, իսկ բարեփոխումների ծրագիրն էլ մեծավ մասամբ թղթի վրա է մնում»,- գրում է դե Վաալը` ընդգծելով, թե Բելառուսը, որտեղ տիրում է Եվրոպայի ամենաբիրտ լիդերը` Ալեքսանդր Լուկաշենկոն, սնանկացման շեմին է: «Վրաստանի իշխող վերնախավը արդիականացմանն ուղղված որոշ տպավորիչ բարեփոխումներ է իրականացրել, սակայն նրա դեմոկրատական նվաճումների պատմությունն անբիծ չէ: Վրաստանն այսօրվա դրությամբ գործնականում դարձել է միակուսակցական պետություն, որում հսկողության եւ հակակշիռների մեխանիզմներ գրեթե չեն պահպանվել»,- նշում է փորձագետը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին, ապա դե Վաալը գրում է. «Հայաստանն ու Ադրբեջանն էլ տակավին կաթվածահար վիճակում են Լեռնային Ղարաբաղի վիճարկելի տարածքի շուրջ առկա հակամարտության հետեւանքով»: Ըստ նրա` Եվրամիությունը Վարշավայում նոր լիցք է հաղորդելու Արեւելյան գործընկերության կարեւոր, սակայն մերթ ընդ մերթ ընդհատվող նախաձեռնությանը: Նաեւ ընդգծում է, թե Եվրամիությունը ուղեցույց աստղ է ոչ թե արաբական աշխարհի, այլ այս տարածքի միլիոնավոր մարդկանց համար, որովհետեւ նրանք իրենց եվրոպացի են համարում, սակայն շատ հուսահատված են իրենց երկրներում ոչ պատշաճ կառավարման եւ մշտապես առկա աղքատության իրողությունից: «Խնդիրը Ռուսաստանի կայսերական նկրտումների մեջ չէ. բացառությամբ Աբխազիայի եւ Ղրիմի հանգամանքների` պաշտոնական Մոսկվան, ըստ էության, ետ է քաշվել իր նախկին գաղութներից եւ առավելապես զբաղված է ներքին այնպիսի հարցերով, ինչպիսին անկայուն Հյուսիսային Կովկասն է: Ռուսաստանին մտահոգում էին ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի եւ Ուկրաինայի ձգտումները, սակայն դրանք այսօր արդեն հրատապ չեն: Ռուսներին ավելի շատ տնտեսական հարցերն են հետաքրքրում, վերընտրված Պուտինը հավանաբար կփորձի կլանային կապիտալիզմի համակարգն արտահանել, ասենք, Ուկրաինայի հետ մաքսային միություն կազմելու միջոցով: Եվրամիությունը, եթե ցանկանա, կարող է առաջարկել ավելի պայծառ հեռանկար: Հիմա Եվրամիությունն այլեւս չի գայթակղում իր «ամենաքաղցր բլիթով» անդամության հեռանկարով, եւ վեց երկրներում իշխող վերնախավերի հետ երկխոսությունը չընդհատելու համար դարձել է ավելի մեղմ ընթացիկ այնպիսի հարցերում, ինչպիսին են բարեփոխումները եւ ընտրությունները: Մինչդեռ իրականում ճիշտ հակառակն է անհրաժեշտ. Եվրամիության լիդերները պետք է հայտնեն, որ տեսականորեն ապագայում այդ վեց երկրները կարող են միանալ կառույցին, պայմանով, որ համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին: Անդամակցության հույսի տրամադրումը չպետք է լինի տաբու: Թուրքիան 1960 թվականից է սպասում, եւ այդ սպասումը նպաստել է երկրի զարգացմանն ու արդիականացմանը: Միաժամանակ, մեծ սխալ կլինի, եթե Եվրամիությունն անտեսի ընտրությունների կամ առեւտրային համաձայնագրերի հարցերը: Վատ ընտրությունը վատ ընտրություն անվանելն ազդանշան է առ այն, որ որոշ կառավարություններ մյուսներից ավելի լեգիտիմ են. նկատում է վերլուծաբանը»,- գրում է դե Վաալը: «Արեւելյան նոր քաղաքականությունը պետք է հաշվի առնի, որ այս տարածքում ապրող շարքային մարդիկ` իրենց ղեկավարների համեմատությամբ, ավելի եվրոպամետ են, ուստի այն ամենը, ինչ կարող է թեթեւացնել վիզաների տրամադրումը, ուսանողների եւ մասնագետների համար դյուրին դարձնել արտասահման մեկնելը, ապագայում անպայման մեծ օգուտ կբերի,- նշում է նա` ավելացնելով,- Մի պահ մոռացեք ֆինանսական ճգնաժամը, ավելի մեծ եւ ազատ Եվրոպան այն տեսլականն է, որին պարտավոր են թիկունք կանգնել թե՛ Գերմանիան եւ թե՛ Հունաստանը»: