Հայ ազգային կոնգրեսն ավելի քան երեքուկես տարի ընդմիջումից հետո երեկ վերսկսեց շուրջօրյա հանրահավաքների շարքը:
Երեկ` սեպտեմբերի 30-ին, լրացավ երկխոսության հետ իրենց պահանջների կատարման վերջնաժամկետը, եւ ՀԱԿ-ը ազդարարեց խոստացած զանգվածային միջոցառումների սկիզբը: Իսկ շուրջօրյա հանրահավաքների որոշումը Կոնգրեսը հավաքվածների հետ միասին կայացրեց երեկ ժամը ուղիղ 20-ին Ազատության հրապարակում: «Կոնսենսուսի միջոցով ՀԱԿ-ը ընդառաջ է գնում ինքնաբուխ միջոցառում անցկացնելու ձեր ցանկությանը եւ հենց այս պահից ազդարարում է շուրջօրյա հանրահավաքների մեկնարկըգ Կոնգրեսի անունից առաջարկում եմ 1 շաբաթ շուրջօրյա հանրահավաքների շարք»,- հայտարարեց ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Եվ այդ 1 շաբաթվա ընթացքում իշխանություններին ներկայացրեց նախորդ հանրահավաքի ժամանակ հայտարարած 8 պահանջների կատարումը: Ինչպես նախորդի ժամանակ, այս անգամ էլ Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե այդ 8 պահանջներից դժվարինը առաջին երկուսն են` մինչեւ տարեվերջ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը եւ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքում էական փոփոխությունների կատարումը` նրանցում ընդգրկելով իրենց ներկայացրած առաջարկները: Լ.Տեր-Պետրոսյանը կրկնեց, որ իրենք մաքսիմալիստ չեն եւ պատրաստ են լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման: Ավելին, փոխըմբռնումը հեշտացնելու նպատակով պատրաստ են նաեւ, թեկուզ վաղվանից, շուրջօրյա հանրահավաքներին զուգընթաց, իշխանությունների հետ վերսկսել երկխոսությունը: Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի հետ ուղղակի կապ պահպանելու համար լիազորում են Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Մանուշակ Պետրոսյանին: Շոշափելի արդյունքների չհասնելու պարագայում, մեկ շաբաթ անց Կոնգրեսը կորոշի` շարունակե՞լ, թե՞ դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները:
Ավելացնենք նաեւ, որ Լ. Տեր-Պետրոսյանն իր ելույթում հայտարարեց, թե ուղիղ չորս տարի է անցել այն օրից, երբ համաժողովրդական շարժումը հստակորեն դրեց ավազակապետական լուծը թոթափելու խնդիրը` ենթարկվելով դաժան հալածանքների ու բռնությունների, ընդհուպ մինչեւ խաղաղ ցուցարարների գնդակոծում եւ հարյուրավոր մարդկանց բանտարկություն: «Թեեւ նշված խնդիրը մինչ օրս էլ դեռեւս լուծված չէ, բայց միեւնույն է, այդ քառամյա պայքարը պետք է համարել հայ ժողովրդի քաղաքական ու քաղաքացիական հասունության, կամ, ավելին, ազգային արժանապատվության ամենանշանակալի դրսեւորումը, որը վերջիվերջո չի կարող չտալ իր պտուղները: Քառամյա հետեւողական պայքարով, զրկանքների դիմանալու ունակությամբ, դուք ապացուցեցիք, որ ձեր համառությունը, տոկունությունն ու վճռականությունը սահման չունեն: Ուստի բոլորովին մի՛ կասկածեք, որ հակառակ ավազակապետության կատաղի դիմադրությանը, հակառակ միջազգային հանրության կողմից նրան ցուցաբերված անվերապահ աջակցությանը, հակառակ հասարակության մի մասի կրավորականությանն ու հարմարվողականությանը, եւ հակառակ ձեր առջեւ ծառացած բոլոր մնացյալ դժվարություններին, դուք վաղ թե ուշ հաղթելու եք: Ավելին` դուք արդեն հաղթած եքգ»,- հայտարարեց նա:
Իսկ շուրջօրյա հանրահավաքի որոշումն ընդունելուց կես ժամ հետո արդեն բարձր երաժշտության ուղեկցությամբ Ազատության հրապարակում տեղադրվում էին տասնյակ վրաններ, որտեղ պետք է գիշերն անցկացնեին Հայաստանի տարբեր մարզերից Երեւան եկած ՀԱԿ ակտիվիստներն ու համակիրները: Հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ շուրջպար էին բռնել հրապարակում, եւ շատերը սկսել էին հիշել 2008թ. նախագահական ընտրություններից հետո այդ նույն հրապարակում անցկացրած հանրահավաքների օրերը: Իսկ շուրջօրյա հանրահավաքի որոշումը կայացնելուց հետո Լ.Տեր-Պետրոսյանը հրապարակեց 7 վարքականոններ, որոնք պետք է խստիվ կերպով պահպանեին Ազատության հրապարակում գտնվող բոլոր մարդիկ: Հանրահավաքի կարգապահությունը պահպանելու համար հսկողություն պետք է իրականացնեին բազմաթիվ կարգադրիչներ, որոնց հագուստի վրա փակցված էր «կարգադրիչ» գրությունը: Շուրջօրյա հանրահավաքին մասնակից բոլոր մարդիկ պետք է պահպանեն երկաթյա կարգապահություն, չի թույլատրվում օգտագործել ալկոհոլային խմիչք, բնակչության հանգիստը չխանգարելու համար ժամը 22-ից հետո չի թույլատրվում աղմկել եւ երաժշտություն միացնել, խստիվ արգելվում է շփումը ոստիկանների հետ: Եվ այս կանոնները խախտողները կհամարվեն սադրիչներ ու դուրս կհրավիրվեն հրապարակից: Ոստիկանների հետ տարբեր հարցերի շուրջ կարող են բանակցել միայն Լեւոն Զուրաբյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Ավետիս Ավագյանը: «Ես բոլորիդ յոթօրյա անմոռանալի տոնախմբություն եւ զվարթ տրամադրություն եմ մաղթում, որովհետեւ դառնությամբ, մաղձով ու բարկությամբ ոչ մի լավ գործ գլուխ չի կարող գալ»,- շուրջօրյա հանրահավաքի մեկնարկը տալուց հետո հայտարարեց Լ.Տեր-Պետրոսյանը:
Ավելացնենք նաեւ, որ երեկվա հանրահավաքի սկզբում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նորից կոալիցիոն երեք` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի մի տոպրակ կուսակցական տոմսեր ցույց տվեց եւ ասաց, որ անցած մեկ շաբաթվա ընթացքում են դրանց տերերն այդ վկայականները հանձնել ՀԱԿ-ին: Նրա խոսքերով` այդ տոմսերի ավելի քան 90 տոկոսը ՀՀԿ-ինն է` ստորագրված Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից: Ա.Մանուկյանը ներկայացրեց, որ երեկվա տոմսերի ընդհանուր քաշը ավելի քան 4 կիլոգրամ է, իսկ անցած հանրահավաքի ժամանակ ցուցադրածը` 3 կգ 370 գրամ: Այսինքն` ՀԱԿ-ին է հանձնվել մոտ 8կգ կոալիցիոն տոմսեր: Մնում է պարզել, թե քանի գրամ է կշռում 1 կուստոմսը, որպեսզի պարզ լինի, թե քանի մարդ է լքել այդ կուսակցությունները: Պարզապես հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Ռուբեն Թադեւոսյանը հայտարարել էր, թե կոնկրետ ՀՀԿ-ի շարքերից ավելի շատ մարդիկ են հեռանում, քան ՀԱԿ-ի մոտ եղած տոմսերը կարող են ցույց տալ: Ա.Մանուկյանն այդ կուսակցությունների անդամներին նաեւ հորդորեց, թե ՀԱԿ-ը պատրաստ է ավելի շատ նման տոմսեր ընդունել եւ դրանց տերերի անունները գաղտնի պահել:
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցան նաեւ «Հանրապետություն» եւ ՀԺ կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանն ու Ստեփան Դեմիրճյանը, ովքեր ներկայացրեցին, թե ինչ քրեաօլիգարխիկ, հանցավոր ռեժիմ են ստեղծել այս իշխանությունները, թե ինչպես են շատերն արտագաղթում` չդիմանալով այդ պայմաններին:
Իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարեց, թե իրենք շատ են սպասել այդ պահին: Նրա խոսքերով` 2008թ. օգոստոսի 1-ին ՀԱԿ-ի ստեղծման հռչակագրում հրապարակվեց դեպի ժողովրդավարություն անցման իրենց առաջարկած ճանապարհային քարտեզը` «հանրահավաքների եւ երթերի ազատության, ներառյալ Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնում, քաղբանտարկյալների ազատություն, դրանից հետո` երկխոսություն իշխանությունների հետ, եւ վերջապես, Հայաստանում ժողովրդի կողմից օրինականորեն ընտրված եւ նրա առջեւ հաշվետու իշխանության ձեւավորում’ արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների միջոցով»: «Այսօր վերջապես եկել է այն պահը, երբ մենք պետք է իրագործենք այս ճանապարհային քարտեզի վերջին եւ միգուցե ամենակարեւոր հատվածը: Մենք շատ ենք սպասել այս պատմական պահին: Սպասել ենք, որովհետեւ առանց հավաքների իրավունքի լիարժեք վերականգնման հնարավոր չէր ապահովել ժողովրդի` Սահմանադրությամբ նախատեսված ճնշումների ամբողջ զինանոցը: Սպասել ենք, որովհետեւ մինչեւ մեր ընկերները գտնվում էին բանտերում, նրանք իրականում այս իշխանությունների պատանդներն էին, եւ մեր ձեռքերը ինչ-որ տեղ կապված էին: Հետո սպասել ենք, քանի որ իշխանությունները պատրաստակամություն էին հայտնել լուծել ժողովրդի պահանջները բանակցությունների միջոցով: Այդ հնարավորությունն էլ սեպտեմբերի 30-ին այլեւս կարելի է սպառված համարել: Ուստի այլեւս մենք սպասելու ոչինչ չունենք, եւ մեր առաջնային նպատակը, որի համար ամբողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, դառնում է Հայաստանում շուտափույթ կերպով լեգիտիմ իշխանության ձեւավորումը»,- հայտարարեց Լ.Զուրաբյանը:
Ավելացնենք նաեւ, որ երեկ մինչեւ ուշ երեկո ՀԱԿ առաջնորդներն ու տարածքային կառույցի ղեկավարներն Ազատության հրապարակում էին: Կարգադրիչները շրջում էին մարդկանց ու վրանների մեջ: Ինչպեսեւ նախատեսվել էր, ժամը 22-ին անջատեցին երաժշտությունը: Իսկ շուրջօրյա հանրահավաքների ակտիվ` այսինքն` ելույթների հատվածը կսկսվի այսօր ժամը 15:00-ից: