Ո՞ւմ է ուրախացնելու Պուտինի վերադարձը

02/10/2011

«Մոսկովսկիե նովոստի» պարբերականը անդրադառնալով Ռուսաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին, գրում է, թե ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի վերադարձը Կրեմլ` որպես նախագահ, թերեւս, միայն ուրախացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: «Ամեն դեպքում, ելնելով այն համոզմունքից, որ շատ քչերը կարող են հերքել, որ Վլադիմիր Պուտինը Կրեմլ է վերադառնալու որպես նոր հին նախագահ, կարելի է ասել, որ նրա վերադարձը հետխորհրդային տարածքի առաջնորդներից թերեւս միայն ուրախացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Եվ միայն այն բանի համար չէ, որ նախագահ Մեդվեդեւը ղարաբաղյան հիմնախնդրում որեւէ շոշափելի դիվիդենտներ չի տվել Երեւանին: Նույնը կարելի է ասել նաեւ Բաքվի համար: Բանն այլ է. հայկական իշխանություններին վերջին տարիներին հաջողվել է Մոսկվայի հետ հիմնել այնպիսի հարաբերություններ, որոնք ընդհանուր առմամբ քիչ են կախված այն բանից, թե ով է Կրեմլում տերը: Սակայն ավելի շատ դեպի Պուտինն ու նրա թիմը կողմնորոշվելու սովորությունը, երեւում է, Երեւանում նույնն է մնացել»,- գրում է ռուսական պարբերականը: Ըստ հոդվածագրի` Պուտինի վերադարձը կուրախացնի նաեւ Ղրղըզստանի վարչապետ Ալմազբեկ Ատամբաեւին, ով պատրաստվում է դառնալ Ղրղըզստանի հաջորդ նախագահը: Ըստ թերթի` տանդեմի փոխատեղմանն այնքան էլ դրական չեն վերաբերվում Տաշքենդն ու Դուշանբեն: «Օրեր առաջ «Wikileaks»-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերի համաձայն` Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը որոշ գնահատականներ էր տվել ՌԴ ներկայիս վարչապետի գործողություններին` նրան մեղադրելով «կայսերական հավակնություններ» ունենալու մեջ: Պուտինի վերադարձն ամենեւին էլ չի ուրախացնելու նաեւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին, ով Պուտինի նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքի մասին ասել էր Մեդվեդեւին։ Այդ օրվանից ի վեր Պուտինը հրապարակավ խուսափում է Ռահմոնի հետ հանդիպումներից»,- գրում է «Մոսկովսկիե նովոստին»: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պարբերականն ընդգծում է. «Երկու արջ մեկ որջում չեն կարող ապրել»: Եթե հավատանք «Wikileaks»-ի հրապարակումներին, դեռեւս տարիներ առաջ ամերիկացի դիվանագետների հետ հանդիպմանը նման կերպ է արտահայտվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: ԱՊՀ երկրների առաջնորդներն առայժմ խուսափում են հրապարակավ արձագանքել տանդեմի ներսում տեղի ունեցող փոխատեղմանը, ինչը տրամաբանական է: Սակայն դեռ ժամանակ կա մինչեւ Ռուսաստանի նախագահական ընտրությունները, եւ հաշվի առնելով ռուսական իշխանական Օլիմպոսը ցնցող հուզումները` կարելի է եւս մի շարք անակնկալներ սպասել»: