Հայաստանյան մամուլը երեկ հեղեղված էր կառավարության հինգշաբթի օրվա նիստի եւ, մասնավորապես, այդ նիստի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի բանավեճի մասին ռեպորտաժներով։
Կառավարության նիստում քննարկվել էր 2012թ. պետբյուջեն, եւ վարչապետն ասել էր, որ բյուջեի եկամտային մասը պետք է ավելանա 100 միլիարդ դրամով։ Ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը նշել է, որ պետական բյուջեի եկամուտները նախատեսված են 910 միլիարդ դրամի չափով, որի 96 տոկոսից ավելին հարկային եկամուտներն են: Նրա մեկնաբանմամբ` դա նշանակում է, որ ծախսային հիմնական մասը կկատարվի ներքին ռեսուրսների` հարկային մուտքերի հաշվին: Ինչի համար է այս «նեղ մաջալին» կառավարությունը որոշել մեծացնել բյուջեի եկամուտները։ Առաջին պատճառաբանությունն այն է, որ հայրենի պաշտոնյաները որոշել են ավելացնել թոշակներն ու նպաստները։ Աշխատանքային կենսաթոշակները 28.400-ից կդառնան 31.300 դրամ, իսկ նպաստները կավելանան 2700 դրամով` 26.800-ից հասնելով 29.500-ի։ Առաջին հայացքից թվում է` նպատակը շատ ազնիվ է։ Իհարկե, հետաքրքիր «զուգադիպությամբ»` թոշակների բարձրացման մասին խոսվում է ընտրությունների նախաշեմին։ Սակայն կա նաեւ երկրորդ պատճառը, որի մասին վարչապետը հանգամանորեն խոսել է հինգշաբթի օրվա նիստում։ Նա ասել է, որ միջազգային դոնորները (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ) այսօր պահանջում են, որ պետությունները ձեռնարկեն իրենց սեփական ռեսուրսները բացահայտելու եւ բարեփոխում իրականացնելու լրացուցիչ միջոցառումներ։ Եվ ավելի շատ լրացուցիչ ֆինանսավորում կստանան այն պետությունները, որոնք կիրականացնեն նման քայլեր։ «Այս սկզբունքով են պայմանավորված Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մեր բանակցությունները` ավելի շատ ռեֆորմ, ավելի շատ ֆինանսավորում, եւ նույն սկզբունքն ամրագրվել է Եվրամիությունում։ Դա նշանակում է, որ եթե մենք մեր բարեփոխումների ծրագիրն արագ իրականացնենք, մեզ շատ հեշտ կլինի 2012 թվականի խնդիրները լուծել։ Բայց, իհարկե, լարվածությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով. Արժույթի միջազգային հիմնադրամն, արդեն 10 տարուց ավելի է, մշտապես մեր առջեւ դնում է հետեւյալ հարցը` պետական բյուջեի միջոցով բարելավել մեր ֆինանսական միջոցների վերաբաշխումը։ ՀՆԱ-ի մեջ պետական բյուջեի ծախսերի եւ պետական բյուջեի եկամտի հարաբերակցությունը մեզ մոտ ցածր է, եւ ամեն տարի Արժույթի միջազգային հիմնադրամում տնօրենների խորհուրդն այս հարցը բարձրացնում է։ Եթե Հայաստանի Հանրապետությունը չի ավելացնելու իր բյուջեի միջոցով ֆինանսական միջոցների վերաբաշխման տոկոսը, ապա դոնորները հրաժարվում են մեզ լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել, որովհետեւ այդ ռեսուրսները Հայաստանի Հանրապետությունում առկա են։ Ինչո՞ւ պետք է մենք ֆինանսավորենք (սա է նրանց պնդումը) պետական բյուջեի դեֆիցիտը, եթե այդ ռեսուրսները Հայաստանի Հանրապետությունում կան, եւ իշխանությունները պարտավոր են այդ ռեսուրսները հավաքել»,- ասել է վարչապետը։
Եթե այս ամենը ներկայացնենք հակիրճ եւ պարզ լեզվով՝ կստացվի հետեւյալը. կառավարությունը ցանկանում է մեծացնել հարկային մուտքերը՝ ավելի շատ վարկային միջոցներ ներգրավելու համար։ Այնպիսի տպավորություն է, որ իշխանական վերնախավի գերնպատակը վարկ ստանալն է արտաքին աշխարհից։ Իսկ այդ նպատակին հասնելու համար ՊԵԿ-ը պետք է ավելի շատ հարկեր հավաքի, իսկ մյուս բոլոր գերատեսչությունները, ըստ Տ. Սարգսյանի, այդ հարցում պետք է օգնեն ՊԵԿ-ին։ Այսինքն՝ պետական բոլոր մարմինները մասամբ պետք է վերածվեն հարկ հավաքողի։ Լավ, իսկ տնտեսությունն ունի՞ արդյոք այդքան ռեսուրսներ, որպեսզի հարկերն ավելանան։ Վարչապետն իր խոսքում արդեն նշել էր, որ այդ ռեսուրսներն առկա են։ Նա նաեւ ներկայացրել է, թե լրացուցիչ մուտքերը ինչի հաշվին են ապահովվելու։ Նրա խոսքերով՝ հարկային վարչարարության բարելավման հնարավորությունները գնահատվել են 10-15 մլրդ դրամ։ Իսկ նախատեսված 4.6% տնտեսական աճի արդյունքում կառավարությունը հույս ունի հավաքել եւս 40-50 մլրդ դրամ, նույնիսկ` առանց հարկային բազայի ռեժիմի փոփոխության։ Ահա այստեղ, ըստ երեւույթին, լցվել է ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի համբերության բաժակը, եւ նա ասել է. «Հայաստանի պատմության մեջ հարկային եկամուտների նման աճ չի նախատեսվել, այն էլ ճգնաժամային շրջանում։ Շատ լուրջ կասկածներ ունենք, որ այդ հարկերը կհավաքվեն»։ Հենց այս հայտարարությունն էլ հայտնվեց ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում, եւ դրա շուրջ սկսեցին դատողություններ անել։ Ոմանք այս ամենի տակ տեսան քաղաքական ինտրիգ. վարչապետը փորձում է անլուծելի խնդիր առաջադրել ՊԵԿ նախագահին, որպեսզի վերջինս կամ այժմ հրաժարվի իր պաշտոնից, կամ էլ հետո՝ երբ կձախողվի։ Անկախ նրանից, թե այս ամենի ետեւում ինչ շարժառիթներ են թաքնված, դժվար է չհամաձայնել, որ Գ. Խաչատրյանի կասկածները հիմնավոր են։
Ի վերջո, հենց նրա ղեկավարած կառույցն է զբաղվում հարկերի հավաքագրմամբ, եւ հարկային մարմիններն ամենից լավ գիտեն հայրենի տնտեսվարողների իրական վիճակը, քան այն պաշտոնյաները, ովքեր առանց իրենց կաբինետներից դուրս գալու՝ դասագրքային որոշումներ են կայացնում։ ՊԵԿ-նախագահն «էս գլխից» գիտի, թե ինչ է լինելու հետո։ Իրենից պահանջելու են ապահովել հարկային մուտքերը, իր իսկ խոսքերով, ճգնաժամային պայմաններում։ Եթե փորձի դիպչել օլիգարխներին, դա կդիտվի որպես ոտնձգություն իշխանության հիմնասյուների նկատմամբ։ Եթե հարկերի լրացուցիչ բեռը ապահովի մանր ու միջին բիզնեսի հաշվին, ապա դա հղի է հասարակական դժգոհություններով։ Ընդ որում՝ դժգոհության թիրախում լինելու է առաջին հերթին իր ղեկավարած կառույցը։ Ստացվում է, որ Գ. Խաչատրյանի վիճակը նախանձելի չի լինի անգամ այն պարագայում, եթե նրան հաջողվի կատարել բյուջեի մուտքերը։
Ի դեպ, ասում են, այս պատմությունը նախադեպ ունի։ Իր պաշտոնավարման սկզբում Տ. Սարգսյանը բարձրացրեց կենսաթոշակները` դա ներկայացնելով որպես իր նշանակման գրավական։ Մեր տեղեկություններով, այն ժամանակ եւս ֆինանսական ոլորտի պատասխանատուները դեմ են եղել այդ որոշմանը՝ նշելով, որ «տակից դուրս չեն գա»։ Տ. Սարգսյանին, այնուամենայնիվ, հաջողվել է իր ասածն առաջ տանել, արդյունքում՝ կարճ ժամանակ անց կանգնել են փաստի առաջ։ Չեն կարողացել ապահովել թոշակների վճարումը։ Որոշ տեղեկությունների համաձայն, իրավիճակից դուրս գալու համար դիմել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանին։ Վերջինս բյուջե է փոխանցել շուրջ 9 միլիարդ դրամ՝ այն պայմանավորվածությամբ, որ կառավարությունը կմարի այդ գումարը վճարվելիք հարկերի հաշվին։ Կոպիտ ասած՝ Մ. Հակոբյանը պարտքով փող է տվել պետությանը՝ թոշակ ու նպաստ վճարելու համար։ Չար լեզուներն ասում են նաեւ, որ այդ պարտքը դեռ մինչեւ հիմա ամբողջությամբ չի մարվել։ Իսկ թե այդ ամենի արդյունքում ով է վատամարդ դուրս գալիս՝ կարծում ենք` պարզ է։ Եթե խոսակցություններից ու շշուկներից վերադառնանք փաստերին ու կոնկրետ թվերին, ապա այստեղ էլ շատ հարցեր են առաջանում։ Ամենամեծ հարցը վերաբերում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությանը։ Այն Հայաստանում շատ ցածր է (17%-ից ցածր), եւ այդ խնդիրն են միշտ բարձրացնում միջազգային կառույցները։ «Մեկ տարվա մեջ 0.6 տոկոսով հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարձրացնելը լուրջ խնդիր է։ Երբեք այդպիսի բեռ պետությունն իր վրա չի վերցրել։ Մեր միջնաժամկետ ծրագրով միշտ նախատեսվում էր 0.3-0.4 տոկոս։ Այս խնդիրը լուծելու համար է, որ մենք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ պատրաստել ենք հարկային փաթեթ, որը ենթադրում է, որ այն ոլորտները եւ այն եկամուտները, որոնք մենք նախկինում չէինք հարկում, բայց այդ եկամուտները կարելի է հարկել, մենք այդ օրենսդրական փոփոխություններով այդ եկամուտները պետք է բացահայտենք եւ հարկենք, որպեսզի կարողանանք պետական բյուջեով ավելի շատ ֆինանսական միջոցներ վերաբաշխել»,- ասել է Տ. Սարգսյանը։
Հարկեր հավաքելն ու հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մեծացնելը, իրոք, հեշտ բան չէ։ Սակայն մեր տիպի երկրների համար, որտեղ ստվերային տնտեսությունը շատ մեծ է, եւ հարկերն ավելացնելու ռեսուրսներն առկա են անգամ առանց օրենսդրական փոփոխությունների, դա անհնարին չէ։ Միգուցե մեզ մեղադրեն վրացիներին հաճախ հիշատակելու համար, սակայն կրկին ստիպված ենք բերել այս երկրի օրինակը։ Վրաստանում 2003թ. հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը ընդամենը 7% էր (Հայաստանում այդ ժամանակ՝ 14%)։ 2004թ. իրականացված բարեփոխումների արդյունքում Վրաստանում այդ ցուցանիշը արդեն 2006թ. դարձավ 15.4%, իսկ այսօր շուրջ 22-23% է։ Ամենաուշագրավն այն է, որ Վրաստանում հարկային տեռոր չեղավ։ Հակառակը՝ զգալիորեն կրճատվեց հարկերի քանակը, իջեցվեցին դրույքաչափերը։ Դա արդյունքում բերեց հարկային մուտքերի աճի՝ հարկման բազայի ընդլայնման շնորհիվ։ Այսինքն՝ էականորեն կրճատվեց ստվերը, եւ տնտեսվարողները աստիճանաբար սկսեցին տեղափոխվել օրինական դաշտ։ Իսկ թե ինչո՞ւ նույնը Հայաստանում չի կատարվում՝ կիմանան միայն իրենք՝ կատարողները։