Շարունակե՞նք թեյ խմել

02/10/2011 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Երկու ընկեր թեյում են: Անակնկալ աղմուկը գրավում է նրանց ուշադրությունը: Լսվում են ձայներ. նախ` թախանձագին խնդրանք, ապա` պինդ հայհոյանք, քրքիջ:

– Ինչ-որ մեկին ծեծում են,- ասում է ընկերներից մեկը:
– Մարդասպա՞ն է: Հանցագո՞րծ: Լսի՛ր, ով էլ լինի, չպետք է թույլ տալ նման հաշվեհարդար: Գնանք օգնելու:
– Մարդասպանի՛ չեն հարվածում:
– Գողի՞: Միեւնույն է, գնացինք:
– Գո՛ղ չէ:
– Գող չէ՞: Ուրեմն գանձապահ է, երկաթուղային, ռազմական առաքիչ, բարեգործ, փաստաբանգ Ամեն դեպքում, գնանք նրան օգնելու:
– Ո՛չ: Ծեծում են …թղթակցի:
– Թղթակցի՞: Դե՜, գիտե՞ս ինչ: Արի նախ մեր թեյը խմենք:

Իվան Սերգեեւիչ Տուրգենեւի արձակ բանաստեղծություններից ա՛յս մեկին ծանոթանալուց հետո զարմանում էի` մի՞թե թղթակիցներն այդքան վատ համբավ են ունեցել: Ի վերջո, այս փոքրիկ գործը գրվել է մոտ 160 տարի առաջ: Փոխվե՞լ է վերաբերմունքը լրագրողների հանդեպ: Կամ լրագրողները վերանայե՞լ են իրենց վերաբերմունքն իրենց իսկ մասնագիտության հանդեպ: Ինքս էլ երկար ժամանակ լինելով լրագրության ասպարեզում` ստիպված եմ ընդունել` ինչպես քաղաքական շատ գործիչները, իշխանության, ընդդիմության ներկայացուցիչները, լրագրողները եւս կարող են լինել ոչ պրոֆեսիոնալ, կոռումպացված, անկիրթ, ոչ ինտելեկտուալ: Կամ ուղղակի սրիկա: Եվ ամենեւին չբարդույթավորվել դրանից:

Ովքե՞ր են գրում. խելացի, ինտելեկտուալ, մասնագիտական պարկեշտությանն ու էթիկային տիրապետող, իրենց աշխատանքը հարգող մարդի՞կ: Ցավում եմ, սակայն ոչ միշտ:

Որքան լրագրողը չի հարգում իր մասնագիտությունը, քիչ գիտելիք ունի, այնքան հավակնոտ է, փորձում է լինել համարձակ այն դեպքում, երբ չի զգում տարբերություն հիմարության եւ համարձակության միջեւ: Օրինակ` բառացիորեն օրերս օրաթերթերից մեկը տպում է նման երկխոսություն. լրագրողը զանգահարում է նախարարներից մեկին ու հայտնում. «Ի՞նչ կասեք Դատախազության` Ձեր դեմ նախապատրաստվող նյութերի մասին»: «Ո՞ր գործով»,- հետաքրքրվում է նախարարը: «Չգիտեմ: Այդպես ասում են»,- պատասխանում է լրագրողը: Նման մակարդակի երկխոսությունը թերթի էջերում անլուրջ է այնքան, որքան անհետաքրքիր:

Տակավին վերջերս Երեւանում էր աշխարհի ամենահետաքրքիր տենորներից մեկը, ով, ի դեպ, դասվում է աշխարհի ամենագեղեցիկ մարդկանց շարքին` Ալեսանդրո Սաֆինան: Թեեւ ինձ պես շատերը չեն եղել նրա համերգին, սակայն միայն նրա ներկայությունը Հայաստանում իրո՛ք հաճելի փաստ էր: Եվ ի՞նչ եղավ: Եղավ այն, ինչ Կուստուրիցայի, Իէն Գիլանի ասուլիսների ժամանակ. անբովանդակ, դատարկ հարցեր: Ինչպես լրատվական գործակալություններն են նշում` Սաֆինան հայ լրագրողների ներկայությունը կարողացավ տանել միայն 8 րոպե: Եվ ոչ մի րոպե ավելի: Նրա հետ հանդիպման գնացող լրագրողներն իրենց նեղություն չէին տվել աշխատել նյութի վրա, ինչն ինքնին հետաքրքիր հարցեր կառաջացներ: Նրանք տվել են «ֆիրմային», տարիների վաղեմություն ունեցող հարցերը. «Ի՞նչ գիտեք ցեղասպանության, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Հայաստանի մասին ու արդյո՞ք անհարմար չեք զգում, որ ելույթ եք ունենալու Սեզարիա Էվորայի փոխարեն»: Երգիչը վարվել է ադեկվատ` հեռանալով եւ այդպիսով տնտեսելով իր ժամանակը` հետագա հիմարություններ լսելուց:

Երգիչը հեռացել է սրահից լրագրողների հետ հանդիպումից 8 րոպե անց: Սակայն նրանք, ովքեր շարունակում են ապրել Հայաստանում, ստիպված են լրագրողների ներկայությունը տանել 8 րոպեից անհամեմատ ավելի: Դա նշանակում է, որ լրագրողները պետք է աշխատեն իրենք իրենց վրա, լինեն հետաքրքիր, այլ ոչ թե այնքան տաղտկալի, որ նրանց եւ տաղանդավոր մեկի ներկայությունը նույն քառակուսի մետրի վրա դառնա անհամատեղելի:

Յուրաքանչյուր լրատվամիջոց հիմնականում կոնկրետ քաղաքականություն է տանում, սպասարկում կոնկրետ մեկի կամ քաղաքական որեւէ խմբի շահերը: Եթերից ուղղակի առյուծ կտրած լրագրողն ընդդիմադիր գործչի հետ ճարպիկ է ու սրամիտ: Իսկ քաղաքական իր պատվիրատուի հետ հարցազրույցի ժամանակ արդեն շարքային, անհետաքրքիր մի լրագրող է:

Ժամանակակից լրագրողներից շատերը, հատկապես այս ոլորտի «հնաբնակները», գիտեն բազում գաղտնիքներ` ինչպես տեղեկատվություն ստանալ, ինչպես տպել այն եւ ինչի դիմաց չտպել: Ինչպե՞ս չստուգված, չփաստարկված ապատեղեկատվությամբ կարող են փչացնել մարդկանց հեղինակությունը, տրամադրությունը, օրը: Ինչպե՞ս ինֆորմացիան վերածեն ագիտացիայի: Ընթերցողների աչքին հետաքրքիր երեւալու գաղթակղությունը հաճախ ստիպում է լրատվամիջոցում դնել չստուգված, իրականության հետ որեւէ աղերս չունեցող, սակայն վարկաբեկիչ տեղեկատվություն: Երբ փորձ է արվում օրենսդրական փոփոխությամբ կարգավորել լրագրողների պատասխանատվության շրջանակը, մենք` լրագրողներս, սկսում ենք զայրանալ, բորբոքվել: Տեսեք-տեսեք, սահմանափակում են ազատ խոսքի մեր իրավունքը, ոտնահարում են մեր մասնագիտական արժանապատվությունը, փորձում են դատարանների միջոցով սնանկացնել թերթերը: Սակայն այսօր արդեն այնպիսի իրավիճակ է, երբ շատերը լրագրողների մասնագիտական անպարտաճանաչությունից պաշտպանվելու ուղղակի անհրաժեշտություն են զգում: Լրագրողների մի մասը հարմար տեղավորված է իշխանական համակարգում, մյուս մասը պատրաստ է ուղղակիորեն աչքերդ հանել` ընդդիմության մասին դառը խոսք ասելու հաջորդ իսկ րոպեին:

Եվ հանկարծ հայտնաբերում ես, որ լրագրությունը` որպես ժանր, տրանսֆորմացվում է եւ դառնում նույնքան վտանգավոր, որքան սառը զենքը` մոլագարի ձեռքին: Կարող են քո մասին գրել` ինչ խելքներին փչի: Հետո ինքդ պետք է ապացուցես, որ ուղտ չես:

Այս թեմայով գրելն ինձ համար իրո՛ք բարդ է: Սակայն, ամեն դեպքում, իմ եզրակացությունն այն է, որ եթե տարօրինակ զուգադիպությամբ կրկնվի տուրգենեւյան արձակ բանաստեղծության սյուժեն, այսօր եւս շատերը կնախընտրեն նախ իրենց թեյը խմել: Ափսոսգ

Հ.Գ. Տուրգենեւի արձակ բանաստեղծությունը ազատ շարադրանք է, այլ ոչ թե ուղղակի թարգմանություն: