ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վարշավայում մասնակցել է Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովին: Նա իր ելույթում անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին` ասել է, թե ԼՂ խնդրի լուծման բանալին Ղարաբաղի ժողովրդի կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինումն ապահովելու մեջ է:
«Արեւելյան գործընկերության ծնունդն իսկապես ժամանակի պահանջն էր: Այն նոր շունչ հաղորդեց եւ նոր հեռանկարներ բացեց Եվրամիության եւ Արեւելյան գործընկերների հարաբերությունների համար: Այժմ, նախաձեռնության մեկնարկից ավելի քան երկու տարի անց, հարկ է ամփոփել առաջընթացը եւ ուղենշել հետագա անելիքները: Գագաթաժողովի մակարդակով այս հարցերին անդրադառնալն ինքնին արտացոլում է Արեւելյան գործընկերության նկատմամբ վերաբերմունքը եւ վերահաստատում է այն առաջ մղելու քաղաքական հանձնառությունը»,- ասել է Ս. Սարգսյանը: Նրա խոսքով` արագ փոփոխվող աշխարհում ի հայտ եկող մարտահրավերները տարբեր դրսեւորումներով առնչվում են ինչպես ԵՄ-ին, այնպես էլ Արեւելյան գործընկեր երկրներին, քանի որ «մեր համագործակցության արդյունքում փոխկապակցվածությունը ավելի ու ավելի շոշափելի է դառնում»: «Մենք մեծապես կարեւորում ենք Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման արդյունքում մշակված «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումներին» սկզբունքը: Կարեւոր են տարբերակված մոտեցման եւ ընդգրկվածության սկզբունքները. յուրաքանչյուր երկիր կարիք ունի իր արժանիքներին ու առաջընթացին համահունչ գնահատականի»,- ասել է ՀՀ նախագահը: Նաեւ հավելել է. «Չլուծված հակամարտությունները պետք է ստանան իրենց արդարացի եւ կայուն լուծումը: Մենք հավատարիմ ենք մնում ԼՂ-ի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին: ՀՀ-ի եւ ԼՂ-ի համար խնդրի լուծման բանալին ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու նրա կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինումն ապահովելու մեջ է: ԼՂ բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը: Նրանք մեծ ջանքեր են ներդնում իրենց հաստատությունները զարգացնելու հենց այն արժեքներին համապատասխան, որոնք մենք հռչակում ենք ընդհանուր, եւ դա, անշուշտ, արժանի է ուշադրության ու աջակցության: Ավելին, ուշադրության այդ դաշտից Լեռնային Ղարաբաղի հանրության դուրս մնալը ոչ մի կերպ չի նպաստում հակամարտության արդարացի կարգավորմանը: Այսօր, ցավոք, մեր տարածաշրջանը խարխափում է ատելության հետեւողական սերմանման եւ պատերազմի հռետորության սարդոստայնում: Այս իրավիճակը որեւէ լավ բան չի հուշում եւ կարիք ունի անհապաղ վերափոխման: Նաեւ այս պատճառով երեկ ես ձեռնպահ մնացի Ադրբեջանի նախագահի` Հայաստանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին պատասխանելուց` համարելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի խորը եւ համակողմանի քննարկման համար գոյություն ունեն հայտնի հարթակ եւ բոլորի կողմից ընդունված ձեւաչափ` ԵԱՀԿ եւ նրա կողմից ստեղծված Մինսկի խումբ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի համանախագահությամբ: Իսկ ԵՄ-ն, ինչպես բազմաթիվ անգամ հայտարարվել է, հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ պայմանների ապահովման եւ վստահության միջոցների ամրապնդման դիրքերից, ինչը միայն ողջունելի է: Այս խնդիրը ԵՄ-ն կարող է մեծ հաջողությամբ իրականացնել: Հենց Արեւելյան գործընկերության միջոցով, որի կարեւոր բաղկացուցիչ մասն է կազմում տարածաշրջանային համագործակցությունը: Եթե կարողանանք խելամտորեն օգտվել այս հնարավորությունից, ապա կշահենք բոլորս` թե՛ գործընկեր, եւ թե՛ ԵՄ անդամ-երկրները: Ցանկության եւ բավարար քաղաքական կամքի առկայության պարագայում ոչ մի խնդիր, այդ թվում` նաեւ հակամարտությունները, չեն կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության համար: Եթե, իրոք, անկեղծ ենք ընդհանուր եվրոպական արժեքների նկատմամբ մեր հանձնառության մեջ, եթե ցանկանում ենք ունենալ ավելի անվտանգ եւ բարեկեցիկ տարածաշրջան, եթե, իրոք, Արեւելյան գործընկերությունը դիտարկում ենք որպես հնարավորությունների նախաձեռնություն, ապա այդ պարագայում ես չեմ տեսնում որեւէ արգելք տարածաշրջանային համագործակցության համար: ԵՄ դերակատարությունը նման համագործակցություն խթանելու գործում առանցքային է, եւ մենք պարզապես ակնկալում ենք հետեւողականություն իր իսկ սկզբունքների եւ արժեքների նկատմամբ»,- ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով էներգետիկ ծրագրերին, Ս. Սարգսյանն ասել է, թե ՀՀ-ն ըմբռնումով է մոտենում ԵՄ երկրների համար էներգետիկ անվտանգության եւ մատակարարման աղբյուրների բազմազանության ապահովման անհրաժեշտությանը, բայց «նմանապես իրավունք ունենք նման ըմբռնում ակնկալելու մեր երկրի անվտանգության, մեր տարածաշրջանի կայունության եւ հավասարաչափ զարգացման խնդիրների հանդեպ»: «Կարծում եմ, որ, որպես Հարավային Կովկասում անվտանգության եւ խաղաղության ջատագովի, ԵՄ քաղաքականությունը պետք է նպաստի տարածաշրջանում համաչափ զարգացմանը, հետեւաբար` հավասարակշռության պահպանմանը: Մենք անշուշտ կողմ ենք, որպեսզի տարածաշրջանը ներգրավված լինի համաեվրոպական նշանակության նախագծերում, ինչն իր հերթին կամրապնդի Հարավային Կովկասի եւ ԵՄ-ի միջեւ առկա հարաբերությունները: Սակայն նման նախագծերի իրականացումը չպետք է ստեղծի այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան որեւէ երկրի հայտնվել առավել նպաստավոր դիրքերում, մանավանդ, երբ այդ կապիտալն օգտագործվում է ի վնաս տարածաշրջանային անվտանգության: Կարծում եմ` ԵՄ-ն քաջ գիտակցում է տարածաշրջանում առկա փխրուն իրավիճակը: Չի կարելի թույլ տալ, որ Հարավային միջանցքը դառնա նոր պատերազմի սնուցման աղբյուր»: